Կարծում եմ, որ ինչպես Նժդեհն էր ասում՝ տիտանական ցավից այսօր ծնվել է նոր սերունդը, որն արդեն սովորել է ոչ թե սեփական արցունքներով ողողել աշխարհի աչքերը՝ գոռալով, որ մենք ցեղասպանված ենք, այլ աշխարհն արդեն ընկալում է հային՝ որպես հաղթանակած ազգի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Արցախյան հաղթանակին:
«Եկել է այն սերունդը, որն այլևս վերագտել է հայ լինելու հպարտությունը. պետականություն ունենալու, ինքնիշխան լինելու, սեփական ճակատագրի տերը լինելու արժանապատվությունը վերագտած սերունդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր հետ հին խաղերը, մոտեցումները չեն անցնում: Այսօր այն սերունդը չի, որի հետ կարելի է խոսել ուժի, ֆինանսատնտեսական լծակների տեսանկյունից, և հայը ունի մի լծակ, դա հայի ոգին է և ինքնիշխան լինելու համոզմունքը: Սեփական արժանապատվությունը վերագտած մարդ այլևս թույլ չի տա, որ որևէ մեկը փորձի հային ուղղորդել ի հակառակ իր արժանապատվությանը կամ շահերին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հասարակության կողմից տոնի արժևորմանը՝ Գագիկ Գինոսյանն ասաց, որ հասարակությունը միշտ չէ, որ ադեկվատ վերաբերմունք ունի և պետք է աշխատանք տարվի այդ ուղղությամբ, որ տոնական տրամադրություն լինի քաղաքում: Նրա գնահատմամբ՝ սա հայ մարդուն դարերի խորքից եկող թմբիրից վեր հանելու, հայի ինքնիշխանության վերականգնման գործընթացն է, ինչը հարատև է:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/09/gagikginosyan/2015453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



