Tert.am-ը գրում է.
Հնդկաստանում լայն տարածում են գտել հասակն արհեստականորեն երկարացնելու վիրահատությունները, գրում է The Guardian-ը։
 
Ըստ բրիտանական պարբերականի՝ հասակի ավելացման համար բժիշկները վիրահատում են ոտքերի սրունքները, մասնավորապես՝ կոտրվում են որոշ ոսկորներ, ու ոտքերի արտաքին հատվածում տեղադրվում են հատուկ մետաղական ամրակներ, որոնք չեն հեռացվում, քանի դեռ հիվանդը չի կարողանում նորմալ քայլել:
 
The Guardian-ը նկատում է, որ սա ամենավտանգավոր ու բարդ վիրահատություններից մեկն է, որը Հնդկաստանում իրականացնում են ոչ այդքան հմուտ ու փորձի պակաս ունեցող բժիշկները:
 
Հայտնի է, որ այս երկրում բարձրահասակությունը մասնագիտական ու անձնական կյանքի հաջողության կարևոր գրավականներից մեկն է:
 
Շարքային հնդիկների խոսքերով՝ որքան ավելի բարձրահասակ ես, այնքան ավելի շատ շանսեր ունես լավ աշխատանք ստանալու և հաջող ամուսնություն կնքելու համար: Ուստի՝ զարմանալի չէ, որ ի ծնե ցածրահասակ հնդիկները ցանկանում են արհեստական ճանապարհով մի քիչ ավելի բարձրահասակ երևալ:
 
Բժիշկներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, խոստովանել է, որ օրական մոտ  քսան մարդ է ընդունում, ովքեր ցանկանում են վիրահատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել