Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առանձնանալը կարող է ավելացնել Եվրոպայում պատերազմի վտանգը, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով այսօր Լոնդոնում վարչապետի սպասվող ելույթից որոշ հատվածների։
Բրիտանացի վարչապետի խոսքով՝ հենց ԵՄ-ն է օգնել միավորել այն երկրները, որոնք «տասնամյակներ շարունակ միմյանց կոկորդ էին կրծում», և որևէ երաշխիք չկա, որ Բրիտանիայի անջատման դեպքում տարածաշրջանի «խաղաղությունն ու կայունությունը» վտանգի տակ չեն հայտնվի։
Քեմերոնը, ով դեմ է ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուն, այդ քայլն «անպատասխանատու» է համարում։ «Եթե մենք մնանք (ԵՄ կազմում- Խմբ.), գիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Եթե դուրս գանք, ապա դա իրական թռիչք կլինի դեպի մթություն»,-նրա խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Բրիտանացի վարչապետի տեսանկյունից՝ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից վատ կանդրադառնա առաջին հերթին սովորական քաղաքացիների վրա։
«Հարուստների, խոշոր գործարարների մոտ ամեն ինչ նորմալ կլինի, սակայն եթե լքում եք ընդհանուր շուկան, սովորական մարդկանց աշխատատեղերն ու գոյատևելու միջոցները սպառնալիքի տակ կհայտնվեն»,-ասել է նա։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անջատման հարցով հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։



