24 տարի առաջ Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես 2–րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։
Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ երեք հազարը` «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր: