Լուսահոգի Իշխան պապս (նկարում) զորակոչվել է ԽՍՀՄ Կարմիր բանակ 1939 թվականին: Սկզբում մասնակցել է Խորհրդաֆիննական (Ձմեռային) ցրտաշունչ պատերազմին (1939-1940թթ.): Այնուհետև, երբ արդեն պիտի զորացրվեր, սկսվել է Երկրորդ համաշխարհային (Հայրենական մեծ) պատերազմը, և արդեն սպա դարձած Աբրահամյանն իր հարազատ ավագ եղբոր՝ Ալեքսանի հետ զորակոչվել է ճակատ: Կերչի ճակատամարտում 1942թ. մարտին Ալեքսանը զոհվել է (ի թիվս 300.000 հայ զոհվածների)՝ որբ թողնելով 3 դուստրերին... Իսկ նույն ճակատամարտում 1942թ. մայիսին Իշխանը ստացել է ծանր բեկորային վիրավորում և կոնտուզիա, որի պատճառով գերեվարվել է նացիստների կողմից և ընկել հոսպիտալ: Ապաքինվելուց հետո ընկել է ռումինացի նացիստների «կոնցլագեր»:
Ռումինիայում, երբ Դրոն իմացել է, որ գերիների մեջ հայ կա, իր մոտ է կանչել պապիս և փորձել ներգրավել նացիստների «Հայկական լեգիոնի» շարքերը: Սակայն մերժում ստանալուց հետո Դրոն պապիս ուղարկել է մի մեծահարուստ ռումինացու տուն որպես այգեպան աշխատելու և «գլուխը պահելու»: Պապս, չհամակերպվելով ճորտի կարգավիճակին, որոշ ժամանակ անց (այդ ընթացքում նաև ռումիներեն սովորելով) փախել է Ռումինիայից, հասել Պրահա և կրկին համալրել Կարմիր բանակի շարքերը: Երկրորդ անգամ մարտի դաշտում կրկին ստացել է ծանր վիրավորում (արկն անցել է կրծքավանդակի միջով, մի թոքը հեռացվել է) և հայտնվել Լենինգրադի հոսպիտալում: Ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և 1945-ի օգոստոսին ուղարկվել Չիտա՝ ճապոնական ճակատ...
Հաղթանակից հետո վերադարձել է հայրենի գյուղ (Արցախ, գ. Սխտորաշեն), որտեղ հոգացել է եղբոր՝ Ալեքսանի 3 որբերի հոգսը: Նաև ամուսնացել է և ունեցել 7 զավակ (1 աղջիկ և 6 տղա):
Գրեթե անմիջապես պատերազմի ավարտից հետո ստալինիստների կողմից հայտարարվել է որպես «враг народа» և «ռումինական շպիոն» (քանի որ ռումիներեն գիտեր), ենթարկվել պարբերական հալածանքների ու ծեծի մինչև 50-ականների վերջը: Դրա համար չեն թողել աշխատի իր բուն մասնագիտությամբ (նավթաքիմիկոս), ստիպված աշխատել է որպես հովիվ: Չնայած դրան՝ ամենասիրած գործը գիրք կարդալն ու շախմատն էր... և ծառեր տնկելն ու այգեգործությունը (մեր ձորակում երևի մի անտառ ծառ է տնկել):
Չնայած այդ բոլոր հալածանքներին՝ միշտ արդարացրել է կոմունիստներին ու մեղավոր զգացել, որ այնպես է վիրավորվել, որ չի կարողացել ինքն իրեն գնդակահարել ու չհայտնվել գերության մեջ:
Ստալինի դարաշրջանից հետո ռեաբիլիտացվել է և նույնիսկ արժանացել I աստիճանի շքանշանի:
Ինչո՞ւ հաղթեցին ռուսները... Իմ կարծիքով՝ որովհետև իրենց կողմից շատ ավելի շատ հայ էր կռվում (ավելի քան 600.000 հայ), քան գերմանացիների կողմից (ընդամենը 18.000 հոգի): Մանավանդ Իշխան պապիս նման անձնազոհ հայեր... Պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվորներ և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել:
Փառք Աստծո, այսօր էլ կան նման անձնազոհ հայեր, որոնք բախտ ունեն մարտնչել ու հարկ եղած դեպքում զոհվել հանուն սեփական Պետության ու Հայրենիքի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ:
Պապիկ ջան, տոնդ շնորհավոր
Թող Աստված լուսավորի քո ու Ալեքսան պապի հոգիները:




