Hetq.am-ը գրում է. 

Ախուրյանի «Մոր եւ մանկան» բժշկական կենտրոնում արդեն երրորդ օրն է բացառության կարգով թույլատրում են մարդկանց մեծաքանակ խմբերի այցելությունը: Իսկ առիթը Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դստրիկի լույս աշխարհ գալն է: Թիվ 16 հիվանդասենյակում գրեթե շարժվելու տեղ չի մնացել: Հատակին, մահճակալին տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից բերված նվերներն են շարած: Ծաղկեփնջերի առատությունը կրճատելու նպատակով մի մասն արդեն տուն են տարել, իսկ ամենամեծ նվերը, որ փոքրիկ Անահիտը ստացել է ծննդյան օրը՝ հիվանդասենյակում պարզապես չի տեղավորվել:

«Հա, մեկսենյականոց տուն եք ստացել նվեր,-լուրը հաստատում է Հրաչ Գալստյանի հայրը՝ Վարդան պապիկը,-հենց ծնված օրը մեզ այցելեց Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի տերը ու ասեց, որ գուզենար տուն նվիրել: Մուշ 2/2 թաղամասում է տունը, երրորդ հարկ, մեկ սենյակ, ստացած օրվանից բնակեցված չի եղել: Գնացինք, տեսանք, դուրներս շատ եկավ՝ մանավանդ, որ մեր շենքից էլ մի 200 մետր է հեռու: Կարեւորը, որ Հրաչիս ընտանիքը սեփական տանիք ունեցավ, կարեւորը, որ սրտացավությունը մարդկանց մոտ կա՝ գալիս են, զանգում են, հետաքրքրվում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել