Օրեր առաջ աչքովս ընկան տարբեր գրառումներ այն մասին, որ փողոցներից «հավաքում են» երիտասարդներին ու տանում Արցախ:
Չնայած վստահ էի, որ նման բան չկա, ամեն դեպքում ճշտեցի, որ ՊՆ-ի և զինվորական կոմիսարիատների կողմից այդպիսի «միջոցառում» չի իրականացվել:
Կար և կա «որոշակի խուճապ» զորացրվածներին զինկոմիսարիատ կանչելու հետ կապված:
Ես պահեստազորային սպա եմ և զորացրվելուց հետո զինկոմիսարիատ կանչել էին ու առաձնապես չզարմացա, երբ այս տարի նույնպես կանչեցին: Անգամ կզարմանայի, եթե չկանչեին: Նման մարտական գործողություններից հետո, ինչպես Արցախում ապրիլի սկզբին էին, բնական է անգամ պահեստազորայինների հավաքագրումը և տվյալների ճշտումներ կատարելը:
Ինձ ընդգրկեցին հավաքներից մեկի մեջ, ինչից ես միայն ուրախացա, քանզի հնարավորություն է մարտական գիտելիքներն ու հմտությունները վերհիշելու և կատարելագործելու: Ուղղակի ասացի, որ պետք է իմ աշխատանքը պլանավորեմ և աշխատավայրում տեղեկացնեմ իմ բացակայության մասին: Սակայն դա չհասցրեցի անել, որովհետև քիչ ուշ զանգահարեցին ու տեղեկացրին հավաքին մասնակցության հետաձգման մասին:
Հիմա խոսքս ուղղում եմ զինծարայության մասին տարրական գիտելիքներ չունեցող ու ստահոդ կամ չափազանցված լուրեր տարածողներին.
Եթե դեռ տեղյակ չեք, Հայաստանն նախորդ դարի իննսունականներից գտնվում է պատերազմական դրության մեջ և 1994-ին կնքված հրադադարը շատ պայմանական հրադադար է, ինչն անընդհատ խախտվում է թշնամու կողմից: Նման պայմաններում անգամ զորացրվածներին պարբերաբար հավաքների կանչելը ոչ միայն ԲՆԱԿԱՆ, այլ նաև ՊԱՐՏԱԴԻՐ երևույթ է, եթե չենք ուզում պատերազմի ակտիվ վերսկսման դեպքում կրկնակի, եռակի կամ քառակի շատ զոհեր ունենալ: Ժամանակի ընթացքում մոռանում ես երկու տարվա ընթացքում սովորածդ և ոչ միայն ցանկալի է, այլ նաև ՊԱՐՏԱԴԻՐ, որ պատերազմական ակտիվ գործողության վերսկսման դեպքում բանակի շարքերը համալրողները պատրաստ լինեն կիրառել ոչ միայն այն հմտությունները, ինչը սովորել են երկու տարիների ընթացքում, այլ նաև հասցնեն ձեռք բերել այլ հմտություններ:
Ու հիշեք մի կարևոր ասացվածք` որքան դժվար է ուսման ընթացքում, այնքան ավելի հեշտ կլինի մարտի դաշտում: