stvolovuye_kletkiAraratnews.am-ը գրում է.

Ճապոնացի գիտնականները պատմել են մարդու աչքին ցողունային բջիջների առաջին հաջող փոխպատվաստման մասին, այդ վիրահատության շնորհիվ բժիշկներին հաջողվել է հիվանդ կնոջը վերադարձնել կորսված տեսողությունը:

ScienceAlert-ը գրում է, որ 70-ամյա հիվանդը տառապել է աչքի ցանցենու դիստրոֆիայից. դա տարեցների մոտ կուրության ամենատարածված պատճառներից մեկն է: Վիրահատությունը տեղի է ունեցել  2014-ին: Բժիշկները կնոջ ձեռքից փոքրիկ հատված  են վերցրել` ոչ ավելի, քան   4 մմ տրամագծով եւ էպիթելային բջիջները բառացիորեն վերածրագրել են ինդուկցված ցողունայինների: Բջիջների այդ տեսակն ի վիճակի է փոխակերպվել օրգանիզմի գործնականում ցանկացած տեսակի հյուսվածքի, այդ թվում` աչքի ցանցենու հյուսվածքի:

Միաժամանակ գիտնականները հետեւել են արհեստականորեն աճեցված ցանցենու պահվածքին, թե բջիջները որքան երկար կապրեն կնոջ աչքում: Պարզվել է, որ փոխպատվաստված հատվածն ամբողջությամբ կպել է, լիովին կույր կնոջ տեսողությունը մասնակիորեն վերականգնվել է: Այժմ բժիշկները որոշել են գիտական հանրությանը ներկայացնել ձեռք բերված արդյունքները:

«Ես շատ ուրախ եմ, որ վիրահատությունից հետո ոչ մի բարդացում ի հայտ չի եկել: Բայց սա ընդամենը առաջին քայլն է ինդուկցված ցողունային բջիջները վերականգնողական բժշկության մեջ օգտագործելու գործում:  Մենք փորձարկումները կշարունակենք այնքան ժամանակ, մինչեւ այդ բուժումը հասանելի լինի շատ հիվանդների համար», – հայտնել է նախագծի ղեկավարներից մեկը` Մասայո Տակահասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել