El.am-ը գրում է.
Էներգիայով լի մարդիկ ջերմացնում են, վարակում: Նրանք համոզում են, որ էներգիան ամենահզոր ուժն է, որ կարող է առաջ տանել քեզ ու քո ստեղծագործությունը: Այդ կայծն է, հմայքը, խարիզմա’ն, որ տարածվում է մեր հերոսուհու մի կերպարից մյուսը, ու որքան էլ այդ կերպարները տարբեր լինեն, միևնույն է, մենք միանգամից ճանաչում ենք այն կրողի դիմագծերը, հայացքը, շարժուձևը…
Այո’, ես չէի սխալվում. դու եզակի ես, Իվե’տա:
Իվետա, ժամը 12-ից նկարահանումների ենք: Հիմա արդեն 22:00-ն անց է: Այս պահին ամենից շատ ինչ ես ուզում:
Ուզում եմ հասնել տուն, հագնել տան հարմարավետ հագուստս, պառկել անկողնում ու դիտել իմ սիրելի սերիալը` How to get away with murder: Վերջերս ես հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ կինո եմ դիտում կամ սերիալ: Ուրիշ կերպ լիցքաթափվել չի լինում:
Անչափ ուրախ եմ, որ նորից համագործակցում ենք: Մոտ երկու տարի է անցել վերջին հանդիպումից, ու մեր առջեւ կրկինգեղեցիկ եւ ուժեղ Իվետան է: Որքանո՞վ է դժվար մնալ այնպիսին, ինչպիսին քեզ սիրում են, գիտեն:
Ես էլ եմ շատ ուրախ համագործակցության համար… Միշտ մաքսիմալ անկեղծ եմ եղել, բաց գրքի պես, ինչը, իհարկե, ինձ ավելի շատ խանգարել է: Դրանից նախ ես եմ տուժել: Բայց ուրիշ կերպ չեմ կարող լինել: Հենց դա է, որ օգնում է հավատարիմ մնալ ինքդ քեզ ու կերպարին:
Քո բոլոր կերպարներում շատ տարբեր ու միաժամանակ շատ ճանաչելի ես` քո դիմագծերը, խոսքը, հայացքը: Միանգամիցասում ես` Իվետան է, ի՞ր ձեռագիրը, բայց որը նաեւ ամեն անգամ շատ յուրօրինակ է:
Տարիների իմ աշխատանքն ամփոփելով` կարող եմ վստահաբար ասել. այն, ինչ իրենից արժեք է ներկայացնում, անկեղծությունն է: Ամենաթանկը դա է: Ու հենց դա է նաև, որ քեզ ճանաչելի է դարձնում, ստեղծում ձեռագիր, որը պիտի կարողանաս պահել: Հանդիսատեսը գուցե չորսա, թե կոնկրետ ինչն է իրեն գրավում այս արտիստի մեջ, ինչու է նա միշտ սպասում նրան, բայց դրա <<պատճառը>> մեկն է` անկեղծությունը: Այսօր էլ նույնն է, բայց… ավելի հասուն եմ, իմ բոլոր զգացողություններում ես շատ ավելի հասուն եմ:
ԿՈՇԻԿԸ` FENDI (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
ՎԶՆՈՑԸ` EMPORIO ARMANI (EMPORIO ARMANI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
Քեզ հետ միշտ հեշտ է եղել համագործակցելը: Ու թվում էր, թե քո վերջին շրջանի հաջողությունները, զբաղվածությունը քեզէլ մի փոքր կվարակեին աստղային հիվանդությամբ: Բայց այսօր, ինչպես մեր թիմն է միաբերան պնդում, է’լ ավելի հեշտ էքեզ հետ աշխատել:
Ամեն մարդ ընթացքի մեջ է սովորում, աշխատանքային միջավայրում կոփվում: Նա, ով միշտ աշխատում է, ձգտում է ավելի լավը դառնալ: Ճիշտ չէր լինի, եթե ես լինեի այնպիսին, ինչպիսին վեց տարի առաջ էի: Կարևոր է` ինչ տիպի մարդ ես ուզում լինել: Եթե ես աշխատանքի մեջ եմ, ամբողջությամբ տրվում եմ դրան, լիարժեք ու անմնացորդ: Անջատում եմ ինձ ամեն ինչից, քանի որ ամենակարևորը վերջնական արդյունքն է: Ցուրտ է, սոված եմ, սպասեք մի փոքր հանգստանամ… չէ’, չկան նման բաներ, դրանք երկրորդական են: Իսկ ինչ վերաբերում է աստղայինին, ասեմ. ամեն բան անցողիկ է այս կյանքում, հարգանքն ու սերն էլ, որ տածում են քո հանդեպ, նույնպես անցողիկ է:
Իսկապես, այնքան ուժ կա քո մեջ, այնքան ներվով ես ստեղծագործության հետ <<աշխատում>>: Կարողանում ես կտրվելդրանից, լիցքաթափվել:
Փորձում եմ: Ու դա անում եմ ընկերներիս հետ: Ես առանց իմ ընկերների չեմ կարող: Եթե նախկինում կարող էինք պայմանավորվել ու գնալ մի տեղ սուրճ խմելու, այսօր մենք միասին ճամփորդությունների ենք մեկնում` Հնդկաստան, Հարավային Աֆրիկա… Այո’, կտրվում եմ, բայց, միևնույն է, շարունակում եմ երգեր գրել:
Նախորդ տարին ավարտվեց քեզ ու մեզ համար շատ հետաքրքիր ու պատասխանատու առաջարկով: Իսկ տարին, ըստ քոֆեյսբուքյան գրառման, եզակի էր: Կպատմե՞ս:
Իսկապես, անցած տարին ինձ համար… լիարժեքորեն արտահայտվելու տարի էր:
I finally got there!,- գրում ես դու (Ես վերջապես հասա նշանակետին.- հեղ.)
Վա¯յ, գտե ՞լ ես: Տեսնե՞մ:
I finally found out who I am as an artist and what I truly want to say! (Վերջապես հասկացա` ով եմ իբրեւ արտիստ եւինչ եմ իրականում ուզում ասել.- հեղ.)
Է’ս ինչ լավ բան ես գտել, շնորհակա’լ եմ: Ասեմ, կյանքից պիտի դասեր քաղել: Շատ հաճախ քեզ թվում է, թե գիտես` ով ես, բայց իրականում` ոչինչ էլ չգիտես: Մի երևույթ, որն իմ դեպքում նաև երաժշտությանս մեջ էր արտահայտվում: Ես երգ էի գրում, բայց պատահում էր, որ ինքս երկար չէի կարողանում լսել. ինչ-որ բան ինձ չէր բավարարում: Նախորդ տարի ես գրեցի Simple like a flower երգը: Ես ինքս ինձ հետ էի այդ պահին, ու ծնվեց այդ երգը: Այն անկեղծ պոռթկում էր, բուռն էմոցիա:
I still love you… Ո՞ւմ է դեռ սիրում Իվետան:
Սիրում է՞ր (ժպտում է.- հեղ)… Այս երգից հետո ես ինձ մի նոր մակարդակում գտա, ինչն ինձ այնքան ազատություն տվեց: Իմ անձնական կյանքը կարողացա երաժշտության միջոցով մատուցել: Իմ սեփական հաղթանակն էր այս երգը: Ես բնավորությամբ շատ խառն եմ, տարբեր գույներով: Սա իմ <<Եսի>> մեկ գույնն է իհարկե, բայց անչափ անկեղծ է: Սենյակում մենակ խոսում եմ ինքս ինձ հետ. ա’յ, այդ Իվետան եմ այս երգում:
ԶԳԵՍՏԸ` RICK OWENS,
ԱԿԱՆՋՕՂԸ` DIOR (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
Այս տարի մենք քեզ տեսանք նոր ամպլուայում` կինո: Կինոն ինչպե՞ս ընդունեց քեզ: Իսկ դո՞ւ` իրեն:
Չափից դուրս նոր բան էր ինձ համար կինոն: Երբ առաջին դերասանական դասերին գնացի, պատկերացում անգամ չունեի` դա ինչ է: Մկրտիչ Արզումանյանի շնորհիվ ես իմ կյանքում բացեցի մի նոր էջ: Եվ շատ կուզենայի, որ դա շարունակական լիներ:
Դուք հեռավորության վրա skype-ով էիք փորձեր անում…
Այո’, ես այդ ժամանակ Իտալիայում շրջագայությունների էի: Պատահել է` օրական չորս ժամով փորձ էինք անում Մկրտիչի հետ: Նրա ու ստեղծագործական խմբի մյուս անդամների շնորհիվ կարողացա հասնել նրան, որ երբ տեսախցիկը միանում էր, ես միանգամից մոռանում էի դրան նախորդող տրամադրություններն ու մտնում դերի մեջ:
Իսկ 2016-ն ինչպե՞ս է սկսվել:
Այս տարվա ամենասկզբից այնքան եմ ճամփորդել` ԱՄՆ-ից մինչև Պորտուգալիա ու Գերմանիա, մասնագիտական ու անձնական նպատակներով: Այնքան շատ էին դրանք, որ տուն չէի հասնում. օդանավակայանից մայրիկիս ասում էի, թե ինչ դնի ճամպրուկում, քանի որ Նյու Յորքում -15 էր, Պորտուգալիայում` +25: Իհարկե, ամենակարևորը դեռ առջևում է` <<Եվրատեսիլը>>:
Հայաստանը <<Եվրատեսիլում>> ներկայացնելու առաջարկն ինչպե՞ս ընդունեցիր: Հիշո՞ւմ ես:
Ճիշտ է, տարիներ շարունակ այս կամ այն չափով շրջանառվել է իմ անունը, բայց երբ զանգ եկավ, ու առաջարկը հնչեց, իսկապես շատ-շատ հաճելի էր ու պարտավորեցնող: Շատ շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանն ինձ այս պատասխանատու գործը վստահելու համար: Հուսով եմ` մենք կշարժվենք դեպի հաղթանակ:
Հայաստանյան ներկայացուցչի անունը հնչելու պահից հիմնականում դրական արձագանքներ ենք կարդում ու լսում: Նա իրդեմքին կրում է <
Շնորհակա’լ եմ, Նանե’, այնքան հաճույք եմ ստանում…
Ի՞նչ են տալիս դրանք արտիստին կամ գուցե փոխո՞ւմ են ինչ-որ բան:
Չէ’, չեն փոխում, ստիպում են, որ արդարացնես այդ խոսքերը: Վերջերս նկատել եմ, որ ցանկացած լավ խոսք, որ մարդիկ ինձ ուղղում են, այնքան ուժ է տալիս, անկեղծ եմ ասում: Դրանք ինձ համար այսօր շատ մեծ արժեք ունեն: Եվ այն մեկ արտահայտությունը` <<Մենք քեզ այնքան ենք սիրում, Իվե’տա>>, հենց այս երկարատև աշխատանքի արդյունքն է:
Շուրջ 17 տարի երգարվեստում ես: Եթե շատ-շատերի մոտ ծնողներն են հիմնականում արգելք դառնում երգարվեստ մտնելուճանապարհին, քեզ մոտ հակառակն է եղել. քո ծնողներն ու հատկապես հայրիկն է քեզ ուղղորդել:
Այո’, այո’ (ծիծաղելով շարունակում է.- հեղ.): Մայրս միշտ ասում է` ինձ մոռանում ես… Եղել են պահեր, երբ ես ասել եմ` չե’մ ուզում: Լինել շոու-բիզնեսի մեջ ու կայանալ իբրև երգչուհի` շատ բարդ է: Սա այն ոլորտն է, որտեղ պիտի կա’մ շատ լավ անես ամեն բան, կա’մ չանես ընդհանրապես: Անգամ եղել է, որ ամեն ինչ թողել եմ ու մեկնել ուրիշ երկիր` բոլորովին այլ գործով զբաղվելու: Բայց հետո հասկացա, որ ինձ միշտ ինչ-որ բան պակասում է: Մայրիկս այդ ժամանակ անընդհատ ասում էր. <<Դու պետք է բեմում լինես>>:
ՊԻՋԱԿԸ` JUST CAVALLI, ՏԱԲԱՏԸ` VERSACE COLLECTION
(RIO GALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
ԱԿԱՆՋՕՂԸ` DIOR (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
Դա Հայաստանից առա՞ջ էր, թե՞ արդեն Հայաստանում:
Արդեն Հայաստանում… Նա ասում է, որ ես ամենաերջանիկ մարդն եմ այն ժամանակ, երբ ստեղծագործում եմ, երգում: <<Առանց դրա դու լիարժեք չես>>: Նման պահերը նաև օգնում են որոշ ժամանակով դուրս գալ քո սահմանից ու համոզվել` իրո’ք դու այնքան ուժեղ ես, որ շարունակես այս ճանապարհը, թե՞ ոչ:
Իվե’տա, քննադատության հետ դժվա՞ր է ապրել:
Այո’, բայց ընտրելով այս ճանապարհը` դու պիտի գիտակցես` ինքդ ես թույլ տալիս, որ մարդիկ քննադատեն քեզ ոտքից գլուխ: Ու պիտի այնքան ուժ ունենաս և հոգով իսկական արտիստ լինես, որ կարողանաս դրանից վեր կանգնել ու շարժվել առաջ:
Դու կուզենայի՞ր, որ երեխաներդ գնային քո ճանապարհով:
Ո’չ, ո’չ, չէի ուզենա: Եթե կուզենան ինչ-որ գործիքի տիրապետել, նվագել իրենց հաճույքի համար, ո’չ մի խնդիր: Բայց ոչ երբեք այն դարձնեն առաջին մասնագիտություն:
Ինչո՞ւ:
Միշտ վախ կա` կկարողանա՞ս վաստակել քո աշխատանքով, թե’ ոչ: Ես գիտեմ` դա ինչ է ու չէի ուզենա, որ իրենք էլ անցնեն դրա միջով: Շատ դժվար է հասնել նրան, որ քո արվեստով սկսես բավականաչափ գումար վաստակել:
Դու կարողանո՞ւմ ես:
Ես այսօր կարողանում եմ գումար վաստակել իմ աշխատանքով. շատ եմ շրջագայությունների մեկնում: Կարող եմ որոշ շքեղություններ ինձ թույլ, բայց այսօր վաստակածս ավելի շատ ուղղում եմ երգարվեստ: Եվ ընդհանրապես, ես չեմ ուզում շատ գումար աշխատել, որ, ասենք, Ferrari գնեմ: Պարզապես ցանկանում եմ ստեղծագործել, զբաղվել այն գործով, որը սիրում եմ:
Ի՞նչ է փոխվել մեր շոու-բիզնեսում վերջին տարիների ընթացքում:
Նոր սերունդ է եկել, որն ուղղակի հիացնում է: Ազատ են. այլընտրանքային ինչ-որ միջավայր է ստեղծվել, ինչն ինձ շատ է դուր գալիս: Էքսպերիմենտներ են անում: Այնպիսի ռեժիսորներ, DJ-ներ, պրոդյուսերներ ունենք, որ քեզ մեծ հույսեր են տալիս, որ ամեն բան լավ է լինելու:
ԿՈՄԲԻՆԵԶՈՆԸ` RED VALENTINO (ROSIE ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
ԱԿԱՆՋՕՂԸ` EMPORIO ARMANI (EMPORIO ARMANI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
LoveWave. դու հավատո՞ւմ ես, որ սիրո ալիքը կարող է մեկ վայրկյանում տակնուվրա անել մարդուն:
Այո’, կարող է: Ու որքան մեծանում ես, այնքան ավելի ես սպասում նման բաների, որովհետև քեզ արդեն այնքան քիչ բան է սկսում զարմացնել: Եթե տարիներ առաջ կարող էի ծաղիկների փնջից ոգևորվել, ապա հիմա մարդուն կա’մ զգում եմ, կա’մ ոչ: Այո’, տարիքի հետ ավելի եմ փնտրում lovewave:
Իվե‘տա, կարծում եմ, շատ դժվար է ստեղծագործել այն զգացմունքի մասին, որը քաջ ծանոթ է մարդկանց` սեր, որն էլ իրհերթին մղում է մարդկանց արարելու եւ ապրելու: Ինչպե՞ս պետք է ծանոթ բովանդակությունը փաթեթավորել, որ չկրկնվես:
Այս երգի համար ես մի քանի տարբերակ էի գրել, ու շատ էի ուզում, որ այն չլինի սոսկ երգ սիրո մասին: Երգը դառնում է յուրօրինակ, եզակի հենց այն բանի շնորհիվ, թե ինչպես է այն կատարում տվյալ արտիստը: Այս երգն իմ ներքին աշխարհի վրա է հենված, ես այն իմ միջով եմ անցկացնում ու հասցնում հանդիսատեսին: Եթե ես կատարեմ այն ոչ լիարժեք անկեղծ, առանց հասկանալու` ինչի մասին եմ երգում, ապա այն կձանձրացնի: LoveWave-ն այնպես է գրված, որ յուրաքանչյուրը կարողանա այն իր ձևով մատուցել. հենց այդ ձևն է, որը կսիրեն կամ ոչ, այդ ձևն է, որ անկրկնելի է դարձնում երգը:
Ի՞նչ է նշանակում ճիշտ սիրել, ինչպես մի առիթով ասել ես:
Չեմ կարող լիարժեք պատասխան տալ. ես դեռ չեմ ամուսնացել, ընտանիք ու երեխաներ չունեմ: Ես չգիտեմ` դա ինչ է, բայց եթե իմ կյանքում ինչ-որ մեկը հայտնվի, խոստանում եմ` ձեզ անպայման կասեմ: Հիմա երբ ետ եմ նայում, ինքս ինձ հարցնում եմ` ինչպե՞ս կարող էի նման մարդու սիրահարվել:
Եվ ինչպիսի՞ն պետք է լինի քո տղամարդը:
Ինքնավստահ ու հաստատակամ մարդ, ով ճանաչում է իրեն ու իր ներքին աշխարհը: Հեշտ չէ արտիստի հետ ապրելը: Ես ինքս խուսափում եմ լինել դերասանի կամ երգչի կողքին: Միշտ ինքնուրույն եմ եղել, բայց ես չեմ ուզում, որ տղամարդն իմ որոշումներին համընթաց քայլի: Երբե’ք: Նա որոշումներ կայացնելու կարողություն պիտի ունենա ու չմոռանա այդ մասին: Ուժեղ կինը հարաբերություններում նախ ուզում է լինել կանացի, անընդհատ զգալ տղամարդու ամուր թիկունքը: Իսկ նման կնոջ կողքին կարող է<<դիմանալ>> միայն այն տղամարդը, ով կայացած է:
Իսկ եվրոպացի՞, թե՞ հայ տղամարդ:
Տարիների հետ համոզվում եմ, որ, այնուամենայնիվ, հայ չի կարող լինել: Այն, ինչ քիչ առաջ ասացի, միշտ պակասել է: Հայ տղամարդը, որպես կանոն, սիրում է, երբ ինքն է թելադրում: Բայց, ա’յ, եվրոպացին էլ նույն ջերմությունը չունի, ինչը հայը: Ես, իհարկե, շատ խիստ սահմանափակումներ չունեմ այս հարցում:
ՏՈՊԸ ԵՒ ՇՈՐՏԵՐԸ` DOLCE & GABBANA
ԹԵՒՆՈՑԸ` DIOR (LAGALLERIA ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ
ԱԿԱՆՋՕՂԸ` EMPORIO ARMANI
(EMPORIO ARMANI ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ)
Ինչպես կստացվի…
Այո’, ինչպես կստացվի:
Կա՞ մի այնպիսի բան, որի մասին եթե իմանան քո երկրպագուներն ու քեզ ճանաչող մարդիկ, կարող են անակնկալի գալ:
Չգիտեմ` անակնկալի կգան, թե ոչ, բայց ասեմ: Ես շատ եմ սիրում փառատոններ: Օրինակ, DJ-ներինը: Ես իմ սիրելի DJ-ի համար կարող եմ աշխարհի մյուս ծայրը հասնել, միայն թե տեսնեմ նրա ելույթը: Ես շատ եմ սիրում deep house. այնտեղ չկա վոկալ, ինչն ինձ սարսափելի դուր է գալիս: Ես նախընտրում եմ sound լսել, քան վոկալ. այն ինձ մի տեսակ խանգարում է ընկալել ստեղծագործությունն ամբողջությամբ:
Կա՞ հարց, որին դու կուզենայիր պատասխանել, բայց որը դեռ քեզ չեն տվել:
Այնքան եմ ուզում պատասխանել այս հարցին, բայց հիմա ոչինչ չեմ կարողանում մտաբերել: Կարելի է, չգիտեմ, անձնական… ես սովորաբար չեմ պատասխանում, բայց հիմա…
Ես, ճիշտն ասած, նախապատրաստել էի հարցեր, բայց չտվեցի. չգիտեմ ինչու:
Հապա՞ հարցրու:
Արի’ վերադառնանք Simple like a flower երգին: Ինքնախոստովանական երգ է…
Ձեզ կպատմեմ: Այդ ընթացքում կողքիս մարդ կար: Մենք, սակայն, տարբեր երկրներում էինք բնակվում: Եթե դու սիրում ես մեկին, ով ուրիշ երկրում է, ապա դա շատ վտանգավոր է: Դու ամեն օր մի միջավայրում ես, որտեղ անընդհատ նոր ու տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, իրավիճակներ փոխվում, ու ինքն այդ ամենի մեջ չէ: Նրա հոտը չես առնում, ձայնը չես լսում, չես կարող աչքերին նայել, ինչն ի վերջո կարող է հեռացնել: Ես դա ապրեցի. հեռացա այդ մարդուց հենց տարածության պատճառով: Ու շատ թեթև բաժանվեցի: Ասացի. <<Վե’րջ, է’լ չեմ ուզում միասին լինենք>>: Ու երբ այդ մարդը հեռացավ իմ կյանքից, ես հասկացա, որ` չէ’, դա ճիշտ քայլ չէր իմ կողմից:
Իսկ այդ ի՞նչ դավաճանության մասին է խոստովանում Իվետան:
Չէէէէ°, եկեք դրա մասին չխոսենք: Այդքանը բավական է (ծիծաղում է.- հեղ.): Ես սխալ բան եմ արել, այո’, սխալ քայլ էր, ոչ ճիշտ…
Դա հեռանալուց հետո՞, թե՞ առաջ:
Չէ’, այդ մարդն արդեն չկար իմ մեջ ընդհանրապես, ես նրան չէի զգում բացարձակապես:
Լա’վ, էլ հարցեր չեմ տա, Իվե’տա… Շնորհակալություն քո բացառիկ հմայքի համար, որն օգնեց ստանալ այն, ինչ այսօրներկայացնում ենք լսարանին: Ու հավատում եմ, որ այդ հզոր էներգիան, որ կրում ես քո մեջ ու տարածում շուրջբոլորդ, եւսմեկ անգամ կստիպի մեզ բոլորիս հպարտության պահեր ապրել արդեն <<Եվրատեսիլի>>ժամանակ:
(հուզվում է, ժպտում.- հեղ.) Չեք պատկերացնի` որքա’ն ուժ են ինձ տալիս այս խոսքերը: Ես էլ մեծագույն հաճույք ստացա: Շնորհակալ եմ, մինչ հանդիպում:
զրույցը` Նանե Վարդանյանի
արտ-տնօրեն` Մայա Պողոսյան
լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյան
դիմահարդարումը` Թինա Թևոսյանի (Make-up Studio)
վարսահարդարումը` Սեդրակ Ղամբարյանի
նկարահանման վայրը՝ DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոց