Մեր երկրում, ցավոք, բազմաթիվ են դժբախտ դեպքերը, ու ցավն ավելի է ավելանում, երբ կարդում կամ լսում ես, թե բանակում N զորամասում մահացավ զինվոր, մանրամասներ զոհված զինվորի մասին, զինվորին սպանեց սպան, զինվորի մահվան պատճառը բժիշկներն են կամ սպաները... Ես և ողջ հայությունը մեր վշտակցությունն ենք հայտնում և ցավակցում ենք նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին ու մեզ բոլորիս: Խաղաղ ժամանակներում նման կորուստները անընդունելի են, և ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հավաստիացնում, հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով, չկա մի դեպք, որ մեղավորների շրջանակը հայտնի չլինի, այդ մարդիկ արդեն հայտնաբերված եւ կալանավորված չլինեն:
Յուրաքանչուրս մեծ ցավ ենք ապրում յուրաքանչյուր զոհի համար ու չեմ կարծում, թե որևէ մեկս տարբերություն ենք դնում, թե այդ մահը կամ զոհը քանի տարեկան էր, խաղաղ պայմաններում էր, թե պատերազմի ժամանակ, միակ երեխան էր, թե ոչ: Բոլորիս համար մահը ցավ է, և բոլորս էլ աղոթում ենք նրանց հոգու հանգստության համար: Իհարկե, մեղավորները պետք է և հավատացեք ԽՍՏԱԳՈՒՅՆՍ կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ և նաև Աստծո պատիժով:
Հարցս ուղղում եմ մեր լրատվամիջոցներին. «Կարելի՞ է արդյոք նման ձև մեկնաբանել ու այդքան շատ: Դեռ չպարզված որևէ իրողություն անվանազրկում ու նվաստացուցիչ հայտարարություններ եք անում բանակի սպայի, բժշկի ու զինվորի մասին: Ողջ աշխարհում ընդունված չէ բանակի մասին նման ինֆորմացիա հրապարակել, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն, մանավանդ եթե հաշվի առնենք պատերազմական գոտի համարվող մեր երկրի այս իրավիճակը: Չե՞ք կարծում, որ նման հոդվածները ջուր են լցնում թշնամու ջրաղացի վրա: Մեր լրագրողներից շատերը չեն տարբերում լրատվություն մատուցելը փող աշխատելուց: Նրանք վերնագրում գրում են՝ «Զինվոր է մահացել», որպեսզի մեծ ընթերցանություն ապահովեն: Նման հոդվածները կարող են նաև սխալ ու վատ տպավորություն ստեղծել բանակի մասին, և մեր ազգը վատ գնահատական կտա մեր անպարտելի ու հզոր բանակին: Կարող է նաև հոգեպես ազդել մեր նորակոչիկների և նրանց ծնողների վրա: Իսկ ինչո՞ւ նման արագությամբ և նման շատ հոդվածներ չեք գրում բանակի ձեռքբերումների մասին, մեր երկրի սահմանը պաշտպանող զինվորների, սպաների ու բժիշկների արիությունների ու յուրաքանչյուր պահին կատարվող հերոսությունների մասին: Գրեք, թե ինչպես սպան թիկունքով պահեց զինվորին թշնամու գնդակից, որ բժշկի կատարած վիրահատությունից կամ բուժումից ևս մի քանի կյանք փրկվեց: Գրեք բանակի բարեփոխումների մասին, այն մասին, որ սպաները բնակարան են ստանում, բարելավվել է զինվորների ինչպես հիգիենիկ, այնպես էլ ժամանցային պայմանները: Բանակին միշտ էլ ուշադրություն է դարձվում: Երկրի նախագահի, ՊՆ նախարարի և բարձրաստիճան սպաների հետևողականության հետևանքով հայկական բանակը ամենամարտունակն է ամբողջ տարածաշրջանում: Շատ են նվազել բանակում կատարվող միջադեպերը և սպանությունները:
Եկեք ազգովի միշտ ու ամեն տեղ բարցրաձայնենք, թե ինչ անպարտելի, հզոր ու մարտունակ բանակ ունենք: Ասենք, որ յուրաքանչյուրը մեր բանակում՝ լինի սպա, թե զինվոր, թե բժիշկ, և’ խաղաղության պայմաններում և’ թե պատերազմի ժամանակ պատրաստ են հերոսաբար անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները և պաշտպանել մեր ազգի խաղաղությունը: Ու պատահական չէ, որ ամեն տարի մեծ շուքով նշում է Հայկական բանակի տարեդարձը: Բանակ, որտեղ ծառայում են ամենախիզախ հայորդիները: Այն ճշմարտությունը, որ այսօր Հայ մարդը կարող է գլուխը հանգիստ դնել բարձին, դա ապացույց է, որ մեր բանակը հզոր է, ու Աստված մի արասցե, եթե մի օր էլի ստեղծվի լարված իրավիճակ, մենք հաղթանակած ենք դուրս գալու, քանի որ ունենք հզոր, կայուն ու Հայկական Բանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել