Արամ ԱնտինյանTert.am-ը գրում է.

Բավական է աշխարհի մի երկրում թուրքերի համար մի անցանկալի հուշարձան տեղադրվի և նրանք՝ իրենց դիվանագիտական ողջ զինանոցով սկսում են դժգոհությունների նոտաներ հղել աշխարհի բոլոր հնարավոր կառույցներին, սպառնալ ու հոխորտալ: Ու որքան էլ, դրանց չանսալով, արձանը միևնույն է տեղադրվի, հաջորդ անգամ մեկ ուրիշ երկրում նման մի արձանի տեղադրման թույլատվություն տվողները մեկի փոխարեն տասն անգամ կմտածեն որոշում կայացնելիս: 

Ով ինչ էլ ասի, դժգոհությունների նման նոտաները, որոնք շատ արագ հասարակական աջակցություն են գտնում, լարում եմ որոշում կայացնողներին: Իսկ որոշում կայացնողների համար հասարակական տրամադրությունների լակմուսի թղթերը շատ հաճախ հենց դժգոհությունների ալիքներն ու պիկետներն են:

Բավական է Հայաստանի դեմ որևէ երկրում որևէ անբարենպաստ որոշում կայացվի, կամ որևէ գործողություն արվի, և մեր շատ իշխանավորներ լծվում են ոչ թե դրա քննադատությանը, այլ ի շահ այդ գործողության արգումենտներ բերելուն և ամեն կերպ փորձում են դա ներկայացնել որպես մեզ օգուտ բան, առանձնակի սուր դեպքերում՝ դիվանագիտական հաղթանակ: Դրա արդյունքում այսօր ոչ 21-րդ դարի հրամայականով գործող դիվանագիտություն ունենք, ոչ էլ լիարժեք տեղեկացված ու արդյունքում կոնսոլիդացված հասարակություն, որը կարող է ինչ-որ մեկից միահամուռ ինչ-որ բան պահանջել ու հասնել իր ուզածին:
 

Թերթերից մեկում մի հարցազրույց եմ կարդում, որում մի իշխանական պարոն, որի ապակառուցողական մտքերի հետագա տարածումը կանխելու նկատառումներից ելնելով՝ նրա անունը չեմ տա, պնդում էր, որ այն, որ ռուսները զենք են վաճառում Ադրբեջանին՝ չանսալով տարատեսակ էմբարգոներին, լավ է, որովհետև հետո էլ «պատրոններ» պետք է վաճառեն ու չեն վաճառի: Հետո եզրահանգում էր անում, որ Հայաստանի իշխանություններն այդպիսով «կանտրոլ» են անում Ադրբեջանի ողջ սպառազինությունների քանակը:

Նույն այդ պարոնն իր նման շատ այլ պարոնների հետ միասին տարիներ շարունակ հասարակությանը ներարկում էր այն կոդը, որ ռուսական զենքը ադրբեջանցու ձեռքերում մեր վրա չի կրակելու ու խնդրում էր, որ հանկարծ այդ «մանր» առիթով չանհանգստանանք: Հիմա էլ պնդում է, որ ոչինչ, որ այդ զենքը կրակեց, կարևորը «պատրոններն» են, որոնք ինչ-որ պահից չեն մատակարարվի ադրբեջանական կողմին ու նրա ողջ զինտեխնիկան զրո արժեք կստանա: Իսկ, եթե մատակարարվե՞ն: Վստահ եմ՝ երբ ռուսները խոշոր քանակի ռազմամթերք վաճառեն Ադրբեջանին, նույն այդ պարոնը նույն վճռականությամբ նորից ընկղմվելու է հորինված արգումենտների աշխարհ՝ այսօր ռուսին, վաղը մեր դեմ մեղանչած ամերիկացուն, մյուս օրն էլ ղազախին արդարացնելու համար:

Ստացվում է, որ այն մարդիկ, որոնց մենք ընտրել ենք, որպես մեր շահերը տարբեր ատյաններում ներկայացնողներ (կամ նրանք են պնդում, որ մենք հենց իրենց ենք ընտրել), մեր թիմից չեն խաղում, ինչը ոչ միայն վտանգավոր է, այլև՝ վնասաբեր:  Նրանց այդ անվերջ արդարացումների ու կեղծ պարզաբանումների պատճառով է նաև, որ մեր հասարակությունը շատ հաճախ զրկված է միասնական խոսք ասելու ճոխությունից: Իսկ դրսի ղեկավարները շատ հաճախ վախենում են հենց մեր միասնական պահանջներից:

Հիշենք օրինակ` Բաղրամյանի ցույցերը, երբ եզակի անգամ ատամ  ցույց տվեցինք ու փոխարենը միանգամից մի քանի բան ստացանք Ռուսաստանից՝ 200 մլն դոլարի արտոնյալ վարկ ՀՀ ԶՈւ-ն ժամանակակից սպառազինությամբ ապահովելու համար, ռուսական կողմը Հայաստանի քննչական կոմիտեին փոխանցեց Ավետիսյանների ընտանիքի ոճրագործության քննությունը, որոշակիացավ Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիայի հարցը, որոշվեց, որ գազի համար Հայաստանը կվճարի 165 դոլար, նախկին 189 դոլարի փոխարեն: Սրանք, կրկնում եմ, տրվեցին մեզ Բաղրամյանի ցույցերի ժամանակ ու մի քանի օրում ընդամենը:

Ավելի թարմ օրինակ է 2014-ին մեր շահած T90 տանկի պատմությունը, որը տարօրինակ պատահականությամբ մեր երկիր հասավ միայն օրեր առաջ, այն էլ՝ հասարակական մեծ աղմուկից հետո: Նման հաղթանակներ, վստահ եմ, ավելի շատ կունենայինք ու մեր կյանքն ավելի բարեկեցիկ կլիներ, եթե մեր շատ իշխանավորներ իրենց կամ իրենց ղեկավարների թերացումները կոծկելու ու մեզ ապակողմնորոշելու փոխարեն, թողնեին, որ ժողովուրդ ուղղեր իրենց սխալները իր միասնականությամբ, կամ գոնե փորձեր դա անել: Արդյունքում չէինք ունենա բազում չլուծված հարցեր և ժողովուրդ, որը վիրտուալ ու իրական բեսեդկաներում առանձին խմբերով տարբեր բաներ է պահանջում: Ի վերջո` ազգը հաղթում է, երբ մի բանակ է դառնում, իսկ իդեալում հայրենի իշխանավորները պետք է գլխավոր շահագրգիռ կողմը լինեն այդ բանակի կազմավորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել