Araratnews.am-ը գրում է.
Լոնդոնի կենտրոնում ավտովթարից մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գլխարկների հայտնի դիզայներ Հերտա Գրովսը (Herta Groves), հայտնում է Telegraph-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ 96-ամյա Հերտա Գրովսը վերադառնալիս է եղել համերգից: Հաղորդվում է, որ նրան բեռնատար է հարվածել, ինչի հետևանքով դիզայները տեղում մահացել է:
Պարբերականը նշում է, որ Գրովսը հիմնել է London Hat Company դիզայներական գլխարկների արտադրության ընկերությունը: Գրովսի հաճախորդների թվում են եղել բրիտանական արքունիքի և Եղիսաբեթ II-ի համար գլխարկների մատակարարները:
Գրովսը երիտասարդ ժամանակ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կանանց օգնել է փրկվել նացիստական ռեժիմից: Նա իր ծնողների տունը օգտագործել է որպես դպրոց, որտեղ հրեա կանանց համար դասընթացներ է անցկացրել` օգնելով նրաց, աշխատանքային վիզա ստանալ և մեկնել նացիստների օկուպացրած Վիեննայից: 19 տարեկանում Գրովսը ստիպված է եղել Վիեննայից փախչել Մեծ Բրիտանիա: