Hayzinvor.am–ը գրում է.
Վիրավորներ, վիրահատություններ, երկարատեւ ու լարված պայքար հանուն մարդկային կյանքի… Այսպես են Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի բժիշկներն աշխատել քառօրյա պատերազմի ժամանակ:
Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զինվորական հոսպիտալն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու ռազմական գործողությունների վայրից: Այստեղ ծառայում են մեր լավագույն բժիշկները: Եվ սա բնավ էլ չափազանցություն չէ. վիրահատական սեղանին հասած բոլոր վիրավորներն այստեղ փրկվել են. մահվան դեպք չի գրանցվել:
Պատերազմը ցույց տվեց, որ մեր բժիշկն իր գործը լավ գիտե
Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վահան Ոսկանյանը վնասվածքաբան-օրթոպեդ է, վիրաբույժ: Արդեն հինգ տարի է՝ այստեղ է ծառայում: Ասում է` խաղաղությունը հարավարեւելյան ուղղությամբ միշտ էլ հարաբերական է եղել, ցանկացած սրացում սահմանին անմիջապես իր արձագանքն է ունեցել նաեւ հոսպիտալում.
– Մենք ամեն օր կատարելագործում էինք մեր վարպետությունը, ծառայության ընթացքում ոչինչ աչքաթող չէինք անում: Անձնակազմը պատրաստ էր պատերազմի: Երբ տեղեկացանք իրավիճակի մասին, անմիջապես խմբեր ձեւավորեցինք, ապա սանիտարական մեքենաներով ընդառաջ գնացինք վիրավորներին: Բժիշկները ամենաթեժ կետերում էին: Նրանք մարտադաշտից դուրս են բերել վիրավորներին, տարհանել թիկունք: Թիկունքից տեղափոխումը նույնպես մեր անձնակազմն է իրականացրել: Վիրավորումները հիմնականում ականապայթյունային եւ հրազենային էին: Վիրահատարանը եւ վիրակապարանը նախապատրաստված էին: Կարողացանք բոլորին տեղավորել: Միանգամից ձեռնամուխ եղանք կյանքին վտանգ սպառնացող խնդիրների վերացմանը: Աշխատանքը թիմային էր: Շատ կարեւոր էր ծառայությունը կազմակերպել այնպես, որ բժիշկը անհրաժեշտ ոչ մի պարագայի կարիք չունենա, ինչը մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու ամենակարեւոր նախապայմանն է: Ընդհանուր առմամբ, ապահովված էինք անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, գույքով, ինչն էլ թույլ տվեց լիարժեք իրականացնելու մեր ծառայությունը: Չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ բոլորս աշխատել ենք մի բռունցք դարձած: Պատերազմը ցույց տվեց, որ մեր բժիշկը իր գործը լավ գիտե, տիրապետում է իր մասնագիտությանը: Մեր պայքարը զինվորի եւ սպայի կյանքի, առողջության համար անզիջում էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժծառայողներին, նաեւ այստեղ ժամանած կամավոր բժիշկներին: Ընդամենը ժամեր անց մեր կողքին էր բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Նա վիրահատություններ կատարեց, մեկը` բացառիկ: Կարողացավ զինծառայողի կյանք փրկել: Վիրահատությունների ժամանակ իմ կողքին էր ընկերս` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Սերոբյանը: Հոգեբանական, խորհրդատվական աջակցությունը շատ օգնեց մեզ:
Այսօր Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի անձնակազմը գործում է ըստ մարտական հաշվարկների: Ծառայությունն ուժեղեցված է: Մենք՝ բժիշկներս, պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման:
Լաբորատորիան ապահովեց բժիշկների արդյունավետ աշխատանքը
Մեխակավանի առանձին բժշկական ջոկատի լաբորատորիայի պետ, բուժծառայության կապիտան Էլեոնորա Շահինյանը ցույց է տալիս ժամանակակից սարքավորումները, որոնք հնարավորություն են ընձեռում կատարելու արյան ընդհանուր հետազոտություն (այսինքն՝ որոշել էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների, հեմոգլոբինի քանակն ու հեմատոկրիտը) եւ կենսաքիմիական հետազոտություններ:
-Կատարում ենք նաեւ արյան կոագուլագրամմա` մակարդման համակարգի բազմապրոֆիլային հետազոտություն: Մեր ունեցած սարքավորումները կարողանում են պարամետրերը միանգամից որոշել,- ասում է բուժծառայության կապիտանը, ապա շարունակում:- Քառօրյա պատերազմի ժամանակ վերոնշյալ հետազոտությունների նշանակությունը վճռորոշ էր: Մինչ վիրավորը ռենտգեն հետազոտության է տեղափոխվել, արյուն ենք վերցրել եւ հաշված րոպեների ընթացքում ստացել հետազոտությունների արդյունքները: Մեր խնդիրն էր հնարավորինս շտապ կատարել արյան ընդհանուր քննություն, ստուգել հեմոգլոբինի քանակը արյան մեջ, մեկ անգամ էլ որոշել վիրավորի արյան խումբը, հարկ եղած դեպքում՝ կատարել արյան փոխներարկում: Բոլորը լավ աշխատեցին, եւ շնորհակալ եմ բոլորին՝ մանավանդ զորամասի բուժկետի բուժքույր Վեներա Սաֆարյանին եւ բուժակ Քրիստինե Ներսիսյանին:
Թեեւ լարվածությունը մեծ էր, աշխատանքի ծավալը՝ նույնպես, բայց խառնաշփոթ չստեղծվեց: Բժիշկները նույնպիսի կամք դրսեւորեցին, ինչպիսին սպաներն ու զինվորները՝ մարտադաշտում:
Բուժօգնություն՝ չդադարող կրակի տակ
Հարավարեւելյան ուղղության զորամասի բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Երանիկ Համբարձումյանը եւ բժիշկ, լեյտենանտ Արա Գոքորյանը կազմակերպել են մարտի դաշտից վիրավորների տարհանումը, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, փրկել:
Երանիկ Համբարձումյանը պատմում է.
-Բուժակը տեղեկացրեց, որ առաջնագծում վիրավոր ունենք: Մենք միանգամից ճանապարհվեցինք: Պետք է էվակուացնեինք զինծառայողին, սակայն տեղ հասնելուն պես պարզվեց, որ սա հակառակորդի հերթական հարձակումը չէ, այլ այն, ինչին նա նախապատրաստվել է քսան տարուց ավելի: Չշփոթվեցինք: Բուժակների եւ սանհրահանգիչների հետ անընդհատ կապի մեջ էինք: Նրանք տեղեկացնում էին, թե որտեղ, որ հատվածում վիրավոր ունենք: Մենք առաջանում եւ նրանց օգնությամբ վիրավորին տարհանում էինք դիրքից: Առաջին բուժօգնություն էինք ցույց տալիս. դադարեցնում էինք արտաքին արյունահոսությունը, վերացնում կյանքին սպառնացող անմիջական վտանգը, վիրակապ էինք դնում, ցավազրկող ներարկում, հնարավորինս կանխում հետագա բարդությունները եւ նախապատրաստում տրանսպորտային միջոցով ճիշտ տարհանումը:
Բուժկետի բժիշկ, լեյտենանտ Արա Գոքորյան.
-Ամենացավալին այն էր, որ երբեմն բուժօգնությունն այլեւս իմաստ չուներ, որ հստակ հասկանում էիր` օգնել չես կարող, սակայն ինքդ քեզնից անհնարինն էիր պահանջում… Քառօրյա պատերազմը երիտասարդ բժիշկներիս համար ծանր, պատասխանատու փորձաշրջան էր, եւ հենց այս օրերին զինվորը հավատաց ու վստահեց մեզ:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները՝
Գերման ԱՎԱԳՅԱՆԻ եւ հեղինակի