Hayzinvor.am-ը գրում է.
Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:
-Կարինեն ասաց` հատուկ Դավիթի, Արմանի, Էրիկի ու Նարեկի համար:
-Խաչիկին չենք տալո՞ւ,- Արմանը դեմքին զարմանք է նկարել:
-Համալրում ունենք,- գլխով ցույց է տալիս Նարեկը:
Ո՞նց չէի նկատել` թիվ 5 հիվանդասենյակի 5-րդ հիվանդին:
Արագ-արագ մոտենում եմ մահճակալին: Սիրուն, թխահեր տղա է, խաղաղ դեմքով ու ժպտուն, թևը վիրավոր է, ոտքերը վերմակի տակ են:
-Միայն թև՞դ է,- հարցնում եմ վախով, գլխով է անում:
-Ապրես` ասում եմ խանդավառված: Ես նստում եմ մահճակալի մոտ դրված աթոռին: Եվ մենք սկսում ենք զրուցել:
-7-8 ժամ գումարտակի վրա կրակում էին, անընդհատ կրակում էին, ու չէինք կարողանում թաքստոց մտնել:
-Հոգեբանորեն պատրա՞ստ էիք նման իրավիճակի,- հարցնում եմ Խաչիկին,- ի՞նչ էիք զգում, ի՞նչ էիք մտածում… վախենո՞ւմ էիք:
-Երբ հրամանատարն ասաց, որ դիրք ենք կորցրել, այ, էդ ժամանակ զգացինք:
-Ի՞նչ:
-Կատաղություն, ցավ, ամոթ… Իրար ասում էինք` պիտի դիրքերը ետ վերցնենք: Արագ զենք ստացանք ու դուրս եկանք մարտի: Հետո… ինչպես պատերազմական ֆիլմերում: Առաջին հարվածից հետո ցավ չզգացի, բայց երկրորդ ալիքն ինձ առավ ու շպրտեց: Ձեռքս անշարժ կախվել էր: Զինվորական վերնազգեստս հանեցի, ամուր կապեցի, որ չարնահոսեմ: Հետո պատսպարվեցի տներից մեկում: Մտածում էի` գոնե ամուսնացած լինեի…
Չի ժպտում, լուրջ-լուրջ նայում է:
-18 տարեկանո՞ւմ,- հարցնում եմ զարմացած:
-Հայ տղան պիտի շուտ ամուսնանա, գոնե իրենից հետո երկու տղա թողնի, նոր զոհվի:
-Հայ տղան պիտի չզոհվի առհասարակ,- իբր բան եմ ասում:
-Չզոհվելու հրաման չէր եղել,- կատակում է:
-…Ես չզոհվեցի: Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…
-Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, երբ հայրս լսում է իմ ձայնը, երբ ասում եմ` պա՛պ, ես եմ, չեմ զոհվել:
-Պատկերացնում եմ: Երևի հորդ կյանքի ամենաերջանիկ պահն էր:
-Խաբեցի, ասացի` շատ լավ եմ, վիրավոր չեմ: Բայց հետո, երբ հոսպիտալում էի, իմացան ճշմարտությունը:
-Հեռախոսահամարս վերցրեք,- հրաժեշտ տալիս ասում է Խաչիկը,- ես հռչակավոր ատամնաբույժ եմ դառնալու, հեռախոսահամարս պետք կգա…
Եվ ժպտում է մտերմիկ, չարաճճի:
Պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել
Հրայր Խաչատրյանը պատմում է, իսկ ես մտածում եմ` ռեժիսոր լինեի, ֆիլմ նկարեի: Էնքան գունեղ է պատմում, ասես՝ կադր առ կադր պատկերում է աչքերիդ առաջ:
-Ամսի մեկի գիշերն սկսվեց: Տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին, 7-8 հոգի: Դասակի հրամանատարը զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել: Դիվերսանտ հատուկջոկատայինները անակնկալի եկան: Հաստատ մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին ու դիմավորողների չէին սպասում: Չեմ կարող ասել՝ մարտը ինչքան տևեց: Երբ ազերիներն սկսեցինք փախչել, տեսանք, որ 3 դիակ են թողել մարտադաշտում:
…Որոշ ժամանակ հանգիստ էր: Հետո գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց ականանետների կրակը ուղղվեց դեպի մեզ: Բլինդաժի պատը փլվեց, կապը խափանվեց, ու հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին մեր գլխավերևում: Հասկանում էինք, որ պիտի մինչև վերջ դիմադրեինք` հույսը մեր ուժերի վրա դրած: Երբ կրակը մի քանի վայրկյան դադարեց, վազեցինք դեպի գետնափոր թաքստոցը: Առանց վիրավորվելու տեղ հասանք: Բայց երբ դիտարկում արեցինք, տեսանք, որ իսկական կռիվը նոր է սկսվում. մոտ 40 հոգանոց ջոկատը գալիս էր ուղիղ մեզ վրա: Իսկ մենք 9 հոգով էինք: Չեմ կարծում, թե զինվորականներ էին, որովհետև, ինչ ասես չէին հագել, նույնիսկ հայկական բանակի համազգեստ նկատեցինք, մազոտ երեսներով, հնամաշ շորերով տարիքն առած մարդիկ էին, իսկ մենք` 8 զինվոր և մեկ դասակի հրամանատար` սպա: Երբ փորձում էի դուրս գալ խրամատից, երեք հակառակորդ ուղիղ դիմացս հայտնվեցին: Ինձ տեսան, իրենց նետեցին մոտակա խրամաբջիջը: Նման առիթը ո՞վ ձեռքից բաց կթողներ` փոքրիկ խրամաբջիջ ու երեք զինվոր, նռնակը նետեցի, երեքը միասին պայթեցին: Բայց նրանցից մեկը հասցրեց մի «նվեր» էլ ինձ ուղարկել: Նռնակն ընկավ ոտքերիս մոտ, ոտքով հրեցի, ու երբ տրաքեց, միայն ոտքս վնասեց: Չգիտեմ` մարտը ինչքան տևեց: Վերջին ուժերով նռնակ էի նետում: Հետո թևիս ցավը սկսեց ուժեղանալ, հասկացա, որ թևս էլ է վիրավոր: Մոտեցա հրամանատարին, որ ասեմ` վիրավոր եմ, հենց այդ պահին աչքիս առաջ հրամանատարիս խփեցին: Նայեցի շուրջս, մյուսները չկային:
«Տա՛ր ինձ հրամանատարական դիտակետ»,- ասաց հրամանատարս:
Չհասցրի պատասխանել. չէր շնչում: Արդեն կրակոցի ձայները հեռվից էին լսվում: Այլևս չէի կարողանում քայլել: Գլորվելով իջա ձորը: Ու սկսեցի սողալ առաջ: Հրամանատարական դիտակետ չհասած` մի զինվորի ու սպայի հանդիպեցի: Զինվորն ինձ օգնեց, մոտ 3 կմ անցանք միասին: Հետո… աղոտ եմ հիշում` շտապ օգնության մեքենան, բժիշկները…
…Երեք տղամարդ ու մի կին սևեռուն լսում են մեր զրույցը: Կնոջ աչքերը թաց են, չէի նկատել` լալիս է:
-Մա՛մ, դու դուրս արի պալատից,- ասում է տղաներից մեկը:
Ու կինը գնում է:
-Մամաս է …եղբայրներս,- ծանոթացնում է Հրայրը:
Հետո շշուկով ասում` մի քանի օրում մայրս ծերացավ, լրիվ սպիտակեց: Եղբայրներս մի բուռ դարձան:
Ես նայում եմ «մի բուռ դարձած» տղաներին, հետո՝ Հրայրին:
-Ինչ մի բուռ, աժդահա են,- ասում եմ: Հրայրը բարձրաձայն ծիծաղում է:
-5-6 օր անգիտակից եմ եղել: Մերոնք շատ էին վախեցել:
-Վիճակը ծայրահեղ ծանր էր,- պատմում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը: -Ուղեղի այտուցի կասկածով դեղորայքային սեդացիա արեցինք: 5 օր պայքարել ենք նրա կյանքի համար: Հիմա, ինչպես տեսնում եք, շատ լավ է, շուտով կուղարկենք բուժական արձակուրդի:
Հրայրը ասես չի լսում բժշկին:
-Տղաները դիրքերը ետ են վերցրել,- ասում է:
-Գիտեմ:
-Երբ լսում էի Արցախյան պատերազմում կռված ֆիդայիների մասին, հաճախ ինքս ինձ հարց էի տալիս` կկարողանա՞մ կյանքս տալ հայրենի հողի համար… Ես հիմա գիտեմ, թե դա ինչ է: Տանը նստած՝ դու չես հասկանա, որովհետև` չգիտես:
-Ի՞նչ չգիտես…
Հրայրը լռում է` հայացքը մի կետի հառած ու ճիգ է անում բացատրել:
-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տունը… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել:
Հաղթած իջա դիրքերից
-Շանթին երեկ ենք վիրահատել,- ասում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը,- կատարվել է ծայրատի ռեամպուտացիա…
Սովորական բառերով ասած` 20-ամյա զինվորը զրկվել է ոտքից:
-Կկարողանա՞ խոսել,- հարցնում եմ բժշկին:
-Իհարկե,- պատասխանում է համոզված,- ամուր տղա է: Վերքը լավանալուց հետո կգնա պրոթեզավորման:
«Իսկ եթե տրամադրություն չունենա,- մտածում եմ հիվանդասենյակ գնալու ճանապարհին: Ռեամպուտացիա… պրոթեզավորում: Նա ընդամենը 20 տարեկան է…»:
Շանթը բարձրահասակ է, թիկնեղ, աթլետիկ կազմվածքով:
-Կկարողանա՞ս խոսել,- հարցնում եմ անվստահ:
-Ինչո՞ւ պիտի չկարողանամ,- պատասխանում է լայն ժպտալով:
Հետո տեղ է բացում ինձ համար:
-Նստեք այստեղ, հարմար տեղավորվեք,- ասում է քաղաքավարի, հոգատար:
Ես չգիտեմ` ինչից սկսեմ զրույցը, ինչ հարցնեմ, որ չխռովվի նրա հոգու փխրուն անդորրը, որ հրեշավոր պատկերները չգան ու չխռնվեն գլխի մեջ, աչքերի առաջ, չցավեցնեն սիրտը…
-Ադրբեջանցիներն ո՞նց էին կռվում,- ես հեռվից եմ գալիս:
-Շատ վատ,- պատասխանում է ինքնավստահ,- նրանց միակ առավելությունն այն է, որ շատ են: Շատ-շատ են: Գալիս են մեծ խմբերով` տանկերով, ուղղաթիռներով, տեսակ-տեսակ զենքերով: Բայց հենց մի քանի զոհ են տալիս, ինչ թափով որ եկել են, նույն թափով փախչում են` զինակից ընկերների մարմինները թողնելով մարտադաշտում: Թշնամուն պիտի վախեցնես: Ես շատ եմ զրուցել Արցախյան պատերազմի ֆիդայիների հետ, ու երբ նրանք ասում էին, որ ադրբեջանցիները շատ վախկոտ են, չէի հավատում, մտածում էի` պարծենում են: Մինչև որ ինքս չհամոզվեցի: Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:
Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ` տանկերի, ուղղաթիռների, հրետանու: Երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել տղային:
-Տանկերը մտել էին դիրքեր, բայց, ոնց եկել էին, այնպես էլ ետ դարձան: Դուրս շպրտեցինք: Փախչելու ժամանակ հասցրել էին մի երկու ական դնել խրամատներում, որոնցից մեկն էլ ինձ բաժին հասավ,- զինվորը նորից ժպտում է:
Որտեղի՞ց է ուժ գտնում, երբ է այդպես կոփել սեփական հոգին, ինչ ակունքից է սնվում վանաձորցի հասարակ տղայի կամքն ու արիությունը` մտածում եմ:
-Լավ էր, որ հրադադարի ժամանակ վիրավորվեցի, նրանց նահանջելուց հետո: Կարողացա մինչև վերջ կռվել… Ու հաղթած իջա դիրքերից:
Հետո Շանթը խոսում էր ապագայի մասին, իր ծրագրերի, երազանքների: Նրա աչքերն ասում են` մի տխրիր, ես հաղթելու եմ, բոլոր դժվարությունները թողնելու եմ ետևում:
-Մայրիկիդ կանչիր՝ միասին նկարվեք,- ասում է լուսանկարիչ Արեգը Շանթին՝ մատնացույց անելով հիվանդասենյակում ներսուդուրս անող կանանց:
-Իմ մայրն այստեղ չէ,- պատասխանում է Շանթը:
-Ես նկարվեմ մայրիկիդ փոխարեն,- կատակում եմ` շեշտելով փոխարեն բառը:
Լայնաշուրթ ժպտում է` իհարկե:
Ու երբ գրկում են ուսերը, գլուխը հարմար տեղավորում է ուսիս: Մի անսահման գորով է թրթռում իմ հոգում. նա իմ զինվորն է, իմ պաշտպանը, իմ հարազատը: Մերն է: Բոլորինս: