Հեռվից մի կերպարանք էր նշմարվում` մի սև կետ, որ գնալով մոտենում էր ու արդեն պարզ կարելի էր տեսնել նրան: Մի դարչնագույն, լայն և երկար փողքերով տաբատ կար հագին, պուտերով վերնաշապիկ, մեծ ու մաշված կոշիկներ էր կրում:
Արդեն հնարավոր էր դառնում տեսնել դեմքը. գանգուր, խիտ մազեր ուներ, մեծ ու կարմիր քիթ, դեմքի թախծոտ արտահայտություն:
Կառամատույցում ցուրտ էր` ծովից փչող քամին մինչ ոսկորները սառեցնում էր նավերից իջած ուղևորներին: Թռչունները ցածր էին թռչում. անձրև էր գալու:
Մոտենալով նավահանգստին` մեծ, մոխրագույն ճամպրուկից հանեց անձրևանոցը` կանխազգալով մոտալուտ անձրևը: Անձրևանոցը շերտավոր էր, բազմագույն, որը զարմանալիորեն չէր համապատասխանում դեմքի թախծալի արտահայտությանը:
Նավը պատրաստվում էր շարժվել. խարիսխը վեր քաշեցին, նավապետն ու անձնակազմը վեր բարձրացան. ուղևորները հերթ չէին տալիս միմյանց՝ վախենալով, թե իրենց տեղ չի լինի: Լայն տաբատավորն էլ էր շտապում. ճամպրուկը թևի տակ, մի ձեռքով էլ տաբատը բռնած, որ չցեխոտվի:
Ամբոխը արդեն նավում էր:
Տեղավորվելով իրեն հատկացված սենյակում՝ նավի ճաշարան բարձրացավ: Երեկո էր, և ճաշարանը բարի էր վերածվել. խմում էին բոլորը, թղթախաղով տարվածների մի սեղան կար ամենավերջում, իսկ մի դեռատի աղջիկ երգում էր ու իր կողմը գրավում նրանց, ովքեր պատրաստ էին վճարել ևս մի երգ լսելու համար:
Երեկոն թեժանում էր, այցելուներները շատանում էին, շատերին արդեն բռնի ուժով ուղեկցում էին ննջարան. ախր խմիչքն էլ չափ ունի: Աղջիկը դեռ երգում էր. ուղևորները առատաձեռն էին:
Ճաշարանի տարօրինակ այցելուն, հետաքրքրասեր հայացքներից խուսափելով, մի անկյուն էր քաշվել ու մի շիշ գարեջրով մի սեղան զբաղեցրել: Խմիչքը ինչքան էլ թույլ լինի, միևնույն է իր ազդեցությունը թողնում է: Սկսեց զննել երգող աղջկան, չնայած մի զննելու բան էլ չէր. դեռ փոքր էր` միջահասակ, հազիվ 17 տարեկան, թուխ մաշկով ու սև աչքերով:
Ուշ էր, խմիչքն իր գործն անում էր: Մի մասը քնել էին հենց սեղաններին գլուխները դրած, մի մասն էլ տանգո էին որոշել պարել`աղջկա երգի ելևէջների ներքո:
«Իսկ ինչո՞ւ չպարել, բայց ո՞ւմ հետ: Արդյոք ո՞վ է հիմար, որ համաձայնվի պարել ինձ նման մեկի հետ: Լավ, փորձենք»,-մտածելով մոտեցավ երգչուհուն և մեղմիկ բռնելով աղջնակի ձեռքը` քաշեց դեպի ճաշարանի կենտրոնը: Շփոթված աղջիկը, երգը չընդհատելով, սկսեց պարել:
Տարօրինակ զույգ էր. դեռատի, թուխ աղջիկ և գանգրահեր, մեծ քթով տղամարդ: Բայց լավ էին պարում. մի հուզիչ բան կար այդ պարի մեջ, շարժումների ու մարմնաձևերի մի հետաքրքիր համադրություն էր այդ տանգոն:
Խնջույքն ավարտվեց, մարդիկ ցրվեցին իրենց սենյակները, իսկ նա մնաց ու երկմտանքով դիմեց աղջկան.
-Չէի՞ք ցանկանա նավի տախտակամած բարձրանալ` գիշերային ծովի ալիքներով և լուսնի լույսով հիանալու:
-Լավ, պարոն:
Ծովր ալեկոծ էր, փրփրաբաշ ալիքները եզերում էին նավը, հորձանք տալիս, մոլեգին ոռնում, ջարդուփշուր անում ճանապարհին հանդիպած ամեն բան:
Հաճելի է ջերմություն ստանալ նրանից, ում նույնիսկ չես ճանաչում. այդ դեպքում փոխհատուցման կարիք և ժամանակ չի լինում:
X քաղաքի թաղամասերից մեկի հեռուստացույցը լուրեր էր հաղորդում ՝ խորտակված նավի, ապագա երգչուհու և մահացած ծաղրածուի մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել