1991թ. գարնանից մինչև ամառ ընկած ժամանակահատվածում ադրբեջանական իշխանությունների և խորհրդային բանակի կողմից իրականացվեց «Օղակ» օպերացիան: Այն իրականացվում էր ոչ միայն խորհրդային Ադրբեջանի տարածքում, այլ նաև ՀՀ սահմանամերձ շրջաններում: «Օղակ» օպերացիան պետական ահաբեկչություն էր՝ ուղղված 27 հայաբնակ գյուղերի խաղաղ բնակիչների դեմ:
Օպերացիայի իրականացման ժամկետը 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներն էր, իրականացման վայրերը՝ ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Հադրութի, Շահումյանի շրջանները, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տավուշի շրջանները: Օպերացիայի իրականացման հեղինակներն էին Այազ Մութալիբովը, Վիկտոր Պոլյանիչկոն, Մուհամեդ Ասադովը, Միխայիլ Գորբաչովը, Բորիս Գրոմովը, Ադրբեջանի ազգային ճակատը, Ադրբեջանի ԽՍՀ ոստիկանության հատուկ ջոկատը, ԽՍՀՄ ներքին զորքերի և բանակի ստորաբաժանումները:
Քերոլայն Կոքսի և Ջոն Էբների «Էթնիկ զտումները շարունակվում են. ԼՂՀ պատերազմ» գրքում նշվում էր, թե ինչպիսի վայրագությունների էին ենթարկվում հայերը. արական սեռի նկատմամբ բռնություններ էին կիրառվում, իսկ կանանց բռնաբարում էին:
«Օղակ» օպերացիայի առաջին թիրախը ԼՂՀ Գետաշեն գյուղն էր, որը մոտ 5000 բնակչություն ուներ:
1990թ. հուլիսի 26-ին Գորբաչովի կողմից ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի ձևավորման և զենքի ապօրինի պահման և բռնագրավման մասին օրենք հրապարակվեց, որը, փաստացի, խաղաղ բնակչության դեմ ծավալված պետական ահաբեկչության շարունակությունն էր: Գերագույն խորհրդի հայ պատգամավորները դիմում էին Գորբաչովին, իսկ նա պատասխանում էր, որ այնտեղ զինյալներ են, այդ պատճառով էլ կատարվում էր ռազմական գործողությունը, սակայն ռուս զինվորներն անգամ նշում էին, որ այնտեղ զինյալներ պարզապես չկային:
Ընդունված է համարել, որ այդ գործողությունը ԽՍՀՄ պահպանման համար կազմակերպվելիք հանրաքվեին մասնակցելուց հրաժարվելու համար հայերին ուղղված պատիժ էր:
Վիկտոր Կրիվոպուսկովի «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում նշվում էր, որ դեռևս 1990թ. նոյեմբերին իրենց տրամադրության տակ հայտնվեցին ադրբեջանական իշխանությունների կողմից Խանլարի նախկին Շահումյանի շրջանի գյուղերից հայերի տեղահանման մասին գաղտնի նյութեր: Ադրբեջանական ԽՍՀ կողմից փաստացի հավանության էր արժանացել հայերի տեղահանման ծրագիրը: Այդ ամենը ոչ միայն համաձայնեցված էր ադրբեջանական ԽՍՀ-ի հետ, այլ նաև Խորհրդային Միության անվտանգության մարմնի հետ, և զուր են այն պնդումները, թե ադրբեջանցիները գործել են անջատ՝ առանց կենտկոմի համաձայնության:
1991թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՈՆԸ սկսել էր Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի գնդակոծումը: 1991թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով Գորբաչովին կոչ էր անում վերջ դնել բռնություններին: Բազմաթիվ ականատեսներ նշում էին, որ կատարվող բարբարոսությունները և այդ ամենը, բնականաբար, ատելություն էր հարուցում մյուս կողմից, և պաշտպանության համար ֆիդայական ջոկատներ էին ստեղծվում: Ըստ «Էխո Մոսկվա» պարբերականի՝ այդ ժամանակ գործողությանը մասնակցելու էր Ադրբեջանի ՕՄՈՆԸ (1000 մարդ), որը համաձայնեցված էր ԽՍՀՄ անվտանգության խորհրդի հետ և նրանք ենթարկվում էին Ադրբեջանական ՆԳՆ-ին: Ապրիլի 9-ին Ստեփանակերտ են ժամանում ԽՍՀՄ ՆԳՆ պաշտոնյաներ՝ Բորիս Գրոմովի գլխավորությամբ: Խորհրդակցություն է տեղի ունենում, որից հետո Վիկտոր Պոլյանիչկոն և Գրոմովն առաձնանում են: Ամբողջ այս գործողությունները ղեկավարվում էին Գրոմովի կողմից:
Առաջին հարվածը, ինչպես նշվեց, կայացավ Գետաշենի ուղղությամբ: Մոտ 2500 խաղաղ բնակիչներ դուրս շպրտվեցին սեփական տներից և տեղափոխվեցին Հայաստան, իսկ ավելի քան 500 երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց ձերբակալեցին և տարան անհայտ ուղղությամբ: Գետաշենի հարցը լուծված էր:
Հաջորդ հարվածը Բերդաձորին էր ուղղված: Մայիսին, «Էխո Մոսկվա» պարբերականի հաղորդմամբ, Լաչինում, Ջաբրաիլում, Ֆիզուլիում զտման կետեր էին ստեղծվում և բոլոր ձերբակալվածներին հենց այդ ուղղություններով էին տանում: Ոմանց սպանում էին, ոմանց՝ վաճառում, ոմանց՝ տեղափոխում Շուշիի բանտ, ոմանց էլ՝ բաց թողնում: «Օղակ» օպերացիայի ընթացքում ձերբակալվածներից շատերի ճակատագրերը դեռևս անհայտ է:
Շահումյանի շրջանում հուլիսի 6-10 ադրբեջանական ՕՄՈՆ-ը գրոհի է անցնում, իսկ գյուղացիները դիմադրում են: Բանակային ստորաբաժանումները ռազմական գործողություններ են սկսում խաղաղ բնակչության դեմ. տանկեր, կործանիչներ են օգտագործվում: Մարդիկ ստիպված լքում են այդ տարածքները:
Հուլիսի 24-ին բանակի զորամասերը և արդբեջանական ուժերը ձեռնամուխ են լինում Վերին Շենի հրետանային և ուղղաթիռային գնդակոծմանը: Այդ գյուղում մոտ 5000 մարդ էր բնակվում: Ականատեսները նշում էին, որ կատարվում էին արդեն սովորական դարձած բարբարոսություններ, իսկ խորհրդային բանակը դրա վրա աչք էր փակում: Բարձրացած բողոքի ալիքից հետո Վերին Շենի տեղահանությունը կանխարգելվեց:
Մարտակերտի շրջանում ահաբեկչության օղակը սեղմվում է հուլիսի վերջին: Այդ շրջանի ամենամեծ տարածքը՝ Հաթերքը, շրջակա լեռների ամբողջ պարագծով պաշարվում է: Ականատեսների վկայությամբ բազմաթիվ բարբարոսություններ էին կատարվում, զինվորներն իրենց պահում էին զավթիչների պես:
20-րդ դարի վերջին Ադրբեջանը Խորհրդային իշխանության թողտվությամբ և աջակցությամբ փորձեց շարունակել եղբայրական Թուրքիայի 1915թ. գործը:
Դավիթ Ֆիդանյան