Լավ լուր. ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի:
2008թ. հուլիսի 17-ին` Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ անհայտ հանգամանքներում տեղի ունեցավ նռնակի պայթյուն։ Այդ միջադեպը վրաց իշխանությունների կողմից օտագործվեց Վահագն Չախալյանի և նրա առաջնորդած կազմակերպությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Պայթյունից անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները զենք փնտրելու պատրվակով ապօրինի կերպով ներխուժեցին և խուզարկեցին «ՋԵՄՄ»-ի և «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ի գրասենյակները: Խուզարկության արդյունքում զենք չհայտնաբերվեց: 2008թ. հուլիսի 21-ին, այսինքն` իրավապահ մարմինների` «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների դեմ գործողությունների 5-րդ օրը, Չախալյանների տուն ներխուժեցին զինված հատուկ ջոկատայիններ և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ իբր հայտնաբերեցին զենք ու զինամթերք: Բոլոր երեք Չախալյանները ձերբակալվեցին` ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով, և նրանց դեմ հարուցվեց քրեական գործ: Ճնշումների ենթարկվեցին «Միասնական Ջավախք»-ի մի շարք ակտիվիստներ և Վահագն Չախալյանի բարեկամները:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վահագնի եղբայրն ասել է, որ դատարանը ազատ արձակման որոշումն արդեն կայացրել է, և իրենք այս պահին բանտի մոտ սպասում են, որ Վահագնին բաց թողնեն: