Հմմմմմ..... Չգիտեմ էլ ինչպես սկսեմ: Պապս ասում էր՝ էսպիսի դեպքերում ճիշտը միանգամից ասելն ա՝ առանց քեզ ու դիմացինիդ տանջելու:
Այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը մի հետաքրքիր հրապարակում էր արել, որ Ռոսգոստրախը գնել է կա՛մ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, կա՛մ «Գարանտ ինշուրանսը»: Ավելի շուտ ոչ այնքան հրապարակումն էր հետաքրքիր, որքան մի ինֆորմացիա, որը, վստահ եմ, շատերիդ կհետաքրքրի: Պարզվում է՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, որը վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում զբաղեցնում է առաջատարի դիրքեր ապահովագրական ընկերությունների գործունեությունը բնութագրող հիմնական ֆինանսական ցուցանիշներով, պատկանում է ոչ ավել, ոչ պակաս մեր անուշ ախպեր Տիգրան Սարգսյանին: Իհարկե, հաշվի առնելով, թե ինչ կոնցեպցիայի շուրջ է ձևավորված առհասարակ մեր երկրի բիզնես շուկան, միգուցե և այս լուրը շատերի համար անակնկալ չէր: Բայց դե մեկ է, ինչքան էլ ասեն-խոսեն ու փսփսան, միևնույն է, սրտումդ բույն դրած ռոմանտիզմը միշտ էլ մի փոքր տեղ է թողնում հավատալու, որ գուցե և ամեն ինչ այնպես չէ, ինչպես որ ասում են: Բայց սա այդ դեպքը չէր:
Հիշում եմ՝ լրագրող աշխատելու տարիներիս մի անգամ «Ինգոյի» փոխտնօրենից գնացել էի հարցազրույց վերցնելու: Երկար խոսեցինք: Միասին փորձում էինք հասկանալ «Ինգոյի» հաջողության ֆենոմենը: Այսքան երիտասարդ և այսքան հաջողակ: Հաստափոր պարոնը երկար բարակ ճռճռան տեքստերով պատմում էր հայաստանյան ապահովագրական շուկայի թույլ ու ուժեղ կողմերի մասին, և թե ինչպես է Ինգոն դրանք օգտագործելով միշտ հայտնվում ճիշտ տեղում ու ճիշտ պահին: Խոսում էր գովազդային աննախադեպ արշավների մասին, վարած ճիշտ քաղաքականության մասին: Գովազդային վահանակներից էլ խոսեցինք:
Ամեն դեպքում այսօր պարզ է, որ պետք չէր մարքեթինգային վիրտուոզ քայլեր փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, մանավանդ այն դեպքում, երբ ընկերության հաջողության գաղտնիքը ընդամենը պաշտոնով սեփականատիրոջ մեջ է:
Կարծում եմ՝ այսուհետ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն պարզապես պարտավոր է իր վահանակների տեքստում մի փոքր ավելացում անել՝
Եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈ,
ԵԹԵ ԻՆԳՈ, ապա Տիկո: