Գիտե՛ք, գուցե ասածիս մեջ գերակշռում է էմոցիան, այդուհանդերձ, ապրիլյան պատերազմից հետո այս միտքն ինձ անընդհատ հետապնդում է. Ղարաբաղյան պատերազմի տարիներին փոքր էի` 11-14 տարեկան, և այդ ժամանակ խորությամբ չէի պատկերացնում պատերազմի էությունն ու բնույթը, հետևանքները, գուցե ավելի պարզ էի մտածում այդ պատերազմի մասին, քան այս օրերի 11-14 տարեկան երեխաները` ապրիլյան պատերազմի մասին:
1994թ-ից հետո մինչև այս տարվա ապրիլը բոլորովին այլ պատկերացում ունեի հակամարտության լուծման հետագա ընթացքի մասին:
Մտածում էի, որ, բոլոր դեպքերում, ավելի լավ է հազար տարի բանակցել, քան մեկ փամփուշտ կրակել, մտածում էի, որ, այդուհանդերձ, հնարավոր է հակամարտությունը կարգավորել` ինչ-որ տեղ ապավինելով նաև հակառակորդի հնարավոր ողջամտությանը:
Ավելին, մինչև ապրիլյան պատերազմը մի տեսակ հոգեբանական կապ չէի կարողանում գտնել իմ ու Թալիշում ապրող մարդկանց միջև, Երևանի, Մարտունու, Ապարանի, Գյումրիի, Վանաձորի ու Մարտակերտի մեջ որևէ նմանություն չէի տեսնում կամ փորձում տեսնել: Մի տեսակ 'փախնում' էի պատերազմից, 'խուսափում' հաղորդակցվել պատերազմի սահմանի հետ…
Ապրիլի պատերազմից հետո լրիվ սթափվեցի, հասկացա և հոգեպես զգացի, որ Թալիշում ու Մարտակերտում ընկած արկն նախևառաջ ընկել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, հասկացա, որ մեր հանդուրժողականությունը գին ունի, և այդ գինը Քյարամի գլխատումն է…
Գուցե չափազանցնում եմ, բայց այս պատերազմն ինձ սովորեցրեց ոչ թե ներել, այլ պատժել թշնամուն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել