Կար չկար մի երկիր կար, որտեղ ձուկը գլխից չէր հոտում, ավելի ճիշտ` ձուկը էն գլխից էլ հոտած էր, բայց դե որդերի համար ստեղծված էր իդեալական միջավայր:
Այդ երկրում երկու կյանք կար` իրական և հնարած: Հնարած կյանքում ապրում էին նրանք, ովքեր չէին տեսնում իրական կյանքում ապրողներին, իսկ իրական կյանքում ապրողները սպասում էին այն կյանքին, որը վաղն էր գալու:
Իրական կյանքում կային այնպիսիք, որոնց հին Հունաստանում ծնվելուց հետո նետում էին ժայռից, իսկ այս երկրում նրանց օգտագործում էին հնարած կյանքում ապրողները, որպեսզի նրանք իրական կյանքում ապրողների համար խեղաթյուրեին վերոհիշյալ ժողովրդական ասացվածքները:
Հ.Գ.
Կարմիր կովը երբեք ու երբեք կաշին չի փոխում, իսկ եթե անգամ ինչ-ինչ պատճառներով, ստիպված լինի փոխել, պետք է ոչ թե համբուրել նրա ճակատը` այլ պատժել նախկին կաշվի գույնի համար:
Ի տարբերություն կարմիր կովի, կարմիր օձը տարին երկու անգամ կաշին փոխում է, բայց դրանից նրա էությունը չի փոխվում: