ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը

Հարգելի գործընկերներ,

Որ քառօրյա պատերազմի դասերը սերտելու կարիք ունենք, երևի ոչ ոք չի կասկածում: Այդ մասին բոլորս ենք խոսում: Բայց մի բան կա, որ այնքան էլ չեմ հավանում: Մեզնից յուրաքանչյուրի դիտարկումները շատ հաճախ ուրիշների արած կամ չարածներին է վերաբերում. էս մեկն ի՞նչ արեց, բա էս մյու՞սն ուր էր, բա էն երրորդը ինչի՞ սելֆի արեց և այլն: Որոշներիս առաջարկներն էլ հիմնականում սահմանափակվում է, բա ինչի՞ չեք գալիս մեզ էլ ասեք ինչ եք անում, բա մեր կարծիքը չեք լսել և այլն, կամ կարճ ասած՝ «տղերք, մեզ էլ խաղացրեք»: Չեմ քննադատում, դա էլ է անհրաժեշտ:

Բայց անձամբ ինձ համար այս բոլոր հարցերի մեջ թիվ մեկն այն է, թե բա ե՞ս ինչ եմ արել, կամ ինչն եմ պակաս արել, ինչ պիտի ավել անեմ, եթե Աստված մի արասցե ամեն ինչ նորից կրկնվի: Սա ավելի կարևոր հարցեր են: Հիմա ես ամբիոն եմ բարձրացել, որ հարցնեմ մեզ բոլորիս՝ մենք, որպես ազգային ժողով, գիտե՞նք նման իրավիճակներում ինչ պետք է անենք, ինչն ենք պակաս արել, թե՞ մենք կատարյալ ենք: Կարողանու՞մ ենք բոլորս միասին, որպես խորհրդարան, արձանագրենք ու բարձր ասենք, որ մարդի՛կ, անկեղծ ասած մենք էլ պատրաստ չէինք ու շատ դեպքերում ուղղակի խելքներիս ինչ փչել է, այն էլ արել ենք: Թե՞ շարունակում ենք հրապարակավ ինքներս մեզ գովալ՝ մի տեսակ քաղաքական սելֆիի պես բան անել:

Իսկ հարցեր՝ ինչքան ուզես: Օրինակ, գիտե՞նք, թե Ազգային Ժողովում քանի՞ հոգի այնքան անգլերեն գիտի, որ ամոթ չի լինի Ալջազիրայի ուղիղ եթեր ուղարկել. գիտե՞ն այդ մարդիկ իքս պահին ում հետ են կապվելու և ոնց են եթեր պոկելու: Իսկ քանի հոգի առանց ակցենտի ռուսերեն գիտի՞, ճշտե՞լ ենք. գիտե՞ն այդ մարդիկ, թե իքս պահին ոնց են գոռալու ՌՏՌ-ի եթերում: Խոսե՞լ ենք մարդկանց մեծ խմբերի հետ հոգեբանական աշխատանքի հմտություն ունեցող մեր առավել փորձառու գործընկերների հետ, արդեն գիտե՞ն գործելու իրենց տարածքը, երբ հարկ եղավ:

Ու էլի հարցեր, հարցեր ինչքան ուզեք: Եթե չբարձրացնենք այս հարցերն ու պատասխաններ չտանք, հաստատ հաջորդ իքս պահին էլի անելու ենք այն, ինչ մտքներիս այդ պահին կգա, իսկ հաջորդ իքս պահից հետո էլի կսկսենք բղավել. «տղե՛րք, մեզ էլ խաղացրեք»:

Խաղաղություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել