Ահա դարձյալ գարուն է, ապրիլ, և մենք ազգովի սգացինք Հայոց Մեծ Եղեռնի հերթական տարելիցը: Դարձյալ ջահերով երթեր եղան, սգո թափորները շարժվեցին դեպի Ցեղասպանության հուշահամալիրը, ամենուր օրվան հատուկ կարգախոսներ ասվեցին, Հայոց բոլոր եկեղեցիների զանգերը գույժ ազդարարեցին, կատարվեցին սգո արարողություններ, հնչեցվեցին հոգեհանգստի պատարագներ, Նահատակների Հոգիների համար մոմավառություններ ու խնկարկումներ կատարվեցին, դարձյալ ԱՄՆ նախագահները խույս տվեցին Genocide բառը արտասանելուց, ազգիս մեծամեծերը ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի թեք գոգին, ժապավենն ուղղեցին, երկու քայլ ետ արեցին, գլուխները խոնարհեցին, մի ակնթարթ կանգնած քարացան, ողջերին և նահատակներին էլ կարծես հասկացնելու համար, թե սրանից ավելին էլ ի՞նչ եք ուզում: Համազգային Սգո օր:

Մեկ և կես միլիոն մարդ` ազգիս 2/3-ը, սրի քաշվեց ընդամենը մեկ բանի համար: Նրանք հրաժարվում էին դավաճանել սեփական ինքնությանը և նահատակվեցին Հայ լինելուց և Քրիստոնեություն դավանելուց Չհրաժարվելու համար: Կանայք, մանկիկները գրկներին, նետվում էին Եփրատը՝ իրենց Ազգն ու Հավատը չպղծելու, թուրքին բաժին չդառնալու համար, Մարդ մեռնելու և մարդ-կենդանու չվերածվելու համար: Այն դժնդակ ժամանակներում Անդրանիկի նման մարդիկ գյուղեգյուղ ընկած, ոսկով թրքերից մեկիկ-մեկիկ հայ մանկիկներ էին առնում և մի կերպ որբանոցներ հասցնում, քանզի հստակ գիտակցում էին Հայ տեսակի ֆիզիկական գոյության վտանգված լինելը:
Սակայն այսօր, միայն մեր մարմնավոր լինելիությունը գերկարևորածներս, նրանց կյանքի գնով պահպանած արժեքների` ՀԱՅ և ՔՐԻՍՏՈՆՅԱ լինելու տիեզերական առաքելության գոնե մասնակի կրողներն ենք արդյոք, թե նրանք նահատակվեցին ընդամենը մեկ օրվա` միայն Այս Օրվա` Ապրիլի 24-ի համար, որպեսզի մենք կարողանանք բոլորին ցույց տալ, թե ինչպես ազգովի սգալ գիտենք, ինչպես հարգել գիտենք մեր նահատակների հիշատակը` ջահերով, ծաղկեպսակներով, սև զգեստներով, սև ակնոցներով, սև…

Մեր մնացած օրերը, Այս Օրվան, Օր` երբ ազգովի, կարծես, բոլորս միաԲան ենք, Օր, երբ մեր բոլոր հեռուստաընկերությունները` Հ1-ից մինչև Հ21 «ճիշտ» հաղորդումներ են հեռարձակում, Օր, երբ մեզանից յուրաքանչյուրը, կարծես, ներամփոփ փորձ է անում հասկանալու, թե որտեղ ենք մենք հայտնվել, և ինքն իր մեջ վիճակից ելքեր է որոնում, հակաբնույթ տրամաբանությամբ են ընթանում: Եթե չլինեն ժամանակ առ ժամանակ թեժացող պատերազմական գործողությունները, (սրբապղծություն է ասածս, սակայն փառք ես ուզում տալ Աստծուն, որ դրանք կան, քանզի միայն այդ պահերին ես զգում, որ դեռ ամեն բան կորած չէ), նայելով մեր հանրային բոլոր միջոցառումներին, մեր ապրած կյանքին, ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք գնալով վերածվում ենք ԴԵԿՈՐԱՏԻՎ, այսինքն՝ դատարկ, որևէ խորքային, էական բովանդակությունից զուրկ և միայն ձևականությունների հարթություններում ապրող ժողովրդի: Եթե հարյուրամյակ առաջ վտանգված էր ազգիս ֆիզիկական գոյությունը, ապա այսօր, առանց մեզ հաշիվ տալու, ինքներս մեզ դատապարտել ենք հոգևոր անէացման, Հայ տեսակի վերացման…
Ծանր մեղադրանք է, սակայն փորձենք հասկանալ…

Մեր պատմության ընթացքում Հայ ազգը երբեք այսքան անհույս վիճակում չի հայտնվել, ինչպես որ այսօր է: Մենք, որ հազարամյակներ շարունակ մարդկությանը Բան ենք տվել, այսօր շվարած ու գլխիկոր կանգնած ենք աշխարհների ճամփաբաժանին ու մի կտոր հացի փող ենք մուրում: Դժվարին ժամանակներ միշտ էլ եղել են, ավելին, դրանք պատմության ընթացքում մշտապես ուղեկցել են մեզ, և Հայ տեսակը կարողացել է ապրել ու հասնել այսօրվան, որովհետև ԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ պահպանման միջոցով ԱԶԳԻ գոյատևման, ՀԱՅ ՏԵՍԱԿԻ լինելիության խնդիրն ենթագիտակցորեն միշտ կարևորագույնն է եղել մեզ համար:

Սակայն այսօր, անտեսած Արարչի կողմից մեզ շնորհված քաղաքակրթական Առաքելության գոյությունը, կորցրած մեր բոլոր գլխավոր հոգևոր-բարոյական ուղենիշները, մտքներիցս հանած գերակայող բոլոր նպատակները, արհամարհած ազգի և պետության գոյության համար անհրաժեշտ կարևորագույն գաղափարները, մենք, անսալով մեզ որպես առաջնորդներ ներկայացած քաղաքական տարանուն թուլանդամներին, հարաշարժ «առաջ» գնալով, վեր ենք ածվել անդեմ, մեզանից ոչինչ ներկայացնող «սպառողական հասարակության», որի միակ նպատակն ու երազանքը իր ֆիզիկական, մարմնավոր կարիքների բավարարումն է, անհագ ցանկությունների գոհացումն ու իր կենցաղային բարգավաճության աստիճանի բարձրացումը:

Այսօր, այս «սպառողական հասարակություն» կերտող գաղափարներին հակադրվող, որևէ ճշմարիտ ազգային, սակրալ, լուսավոր, մարդկանց գերող, իր հետևից տանող, նրանց համախմբող գերգաղափար մեջտեղներում չկա և չի էլ սպասվում, որ կլինի, որովհետև դրա գոյության անհրաժեշտության գիտակցումը մեզանում չկա: Ազգ, Հայրենիք, Ծննդավայր, Հայրենի Օջախ, հասկացությունները, օտար, մեր «առաջընթացը» խոչընդոտող գաղափարներ են դարձած: Փաստորեն ստացվում է այնպես, որ Հայ լինելու և Աստծո Որդու ճշմարիտ հավատի կրողը լինելու գաղափարները, ինչի համար որ անցած դարասկզբին նահատակվեցին մեր քույրերն ու եղբայրները, այսօր շատ շատերիս մոտ եթե կան էլ, ապա վաղուց արդեն իրենց իրական բովանդակությունից զրկված, վեր են ածվել զուտ ձևի ու ձևականության, իմիտացիայի: Տեղի է ունեցել ողջ հանրության համընդհանուր դեգրադացում:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ՀՈԳԵՊԵՍ, ՈՐԻՆ ԱՆՊԱՏՃԱՌ ՀԱՋՈՐԴԵԼՈՒ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՀԸ… : Սա աքսիոմա է:
Պարադոքս է, սակայն միայն սահմաններում ընթացող պատերազմական գործողությունների ու մեր երեխաների մահվան գնով է,որ մենք ինչ որ չափով դեռ պահպանում ենք մեր մարդկային որակներն ու բնույթը: Այս մասին այսօր է պետք մտածել: Վաղը ուշ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել