Ankhakh.com-ը գրում է.

Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 8:18 րոպեին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգեց. «ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր, հակառակորդը բացահայտ հարձակում է սկսել»: Ընդամենը մեկ նախադասություն, որտեղ ասված էր, միաժամանակ ասված չէր շատ բան: Մի քանի րոպե անց Արծրուն Հովհաննիսյանն իր էջում տեղադրեց ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունը շփման գծի ողջ երկարությամբ տեղի ունեցող թեժ բախումների մասին, և դրանից հետո արդեն նրա ֆեյսբուքյան էջը գերազանցեց անգամ ամենամեծ այցելություններ գրանցող լրատվական կայքերը: Լրատվամիջոցներն ու սովարական օգտատերերը սահամանգծի իրավիճակի մասին ամենաթարմ տեղեկատվությունը ստանում էին հենց ՊՆ մամլո խոսնակի ֆեյսբուքյան էջից:

Արծրուն Հովհաննիսյան.PR դպրոց

«Բանակը պետք է լինի բաց ու թափանցիկ»,- ապրիլի 21-ին PR դպրոցում հանրային կապերի մասնագետների համար վարպետության դասի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ, վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հենց այս գործելաոճն է ընտրել: Ներկայացնելով նախարարության հանրային կապերի հետ աշխատանքի առանձնահատկությունները՝ նա քննարկման առանցքը դարձրեց ապրիլյան քառօրյա պատերազմն ու անդրադարձավ տեղեկատվական դաշտում ճիշտ ազդակներ հաղորդելու կարևորությանը: Այո, ստեղծված իրավիճակն իսկապես լուրջ փորձություն էր լրատվական դաշտի և հանրության հետ արդյունավետ աշխատանք կազմակերպելու առումով, և հիմա վստահաբար կարելի է գնահատականներ տալ այդ գերլարված օրերին ՊՆ-հասարակություն, ՊՆ-ԶԼՄ-ներ, ԶԼՄ-ներ-հասարակություն փոխհարաբերությունների վերաբերյալ: Արծրուն Հովհաննիսյանը փաստում է, որ այդ փոխհարաբերութուններն ավելի սերտ են դարձել` շնորհիվ բանակի թափանցիկ գործելաոճի և լրատվական դաշտում առավել մասնագիտական մոտեցման: Վերջին տարիներին ռազմական լրագրության վերաբերյալ պարբերաբար կազմակերպվող դասընթացները, լրագրողների հետ համատեղ այցերը զորամասեր և այլ գործընթացները կամաց-կամաց դաշտը կարգավորում են: «Ոչ միայն նորմալ է, որ հանրությունը ներսից ճանաչի բանակը, այլև պարտադիր է»,-ասում է նա,-իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ մեր աշխատանքը հսկայական փոփոխություն է բերել»: Խոսելով վերջին օրերին հասարակության համախմբման, բանակին, զինվորին աջակցելու պատրաստակամության և ընդհանրապես բարձր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին՝ ՊՆ մամլո խոսնակը նկատում է, որ դա չի նշանակում, թե պետք է անտեսել նախորդ 20 տարիների ընթացքում իրականացրած սխալ քարոզչության հետևանքներն ու ասել, թե սերունդը լավն է, թող մեր եթերում շարունակեն աղբի նման սերիալները: «Օրինակ, մտածե՞լ եք, թե 1994 թվականից մինչև 2015 թվականը քանի գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել Արցախյան պատերազմի մասին կամ քանի թատերական ներկայացում է բեմադրվել: Սա իսկապես խնդիր է»:

Վարպետության դասի ընթացքում, բնականաբար, չշրջանցվեցին նաև այն հարցերը, որոնք այսօր հուզում են հասարակության բոլոր անդամներին՝ քննարկվելով տներում, բակերում, սոցիալական ցանցերում, դառնալով լրահոսի հիմնական բաղադրիչը: Ամենաշատ քննարկվող հարցերից մեկն այն է, թե ո՞ւր էր հայկական հետախուզությունը, երբ հակառակորդը պատրաստվում էր պատերազմի: Արծրուն Հովհաննիսյանն այհդ առումով որոշ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց: «Մեր հետախուզությունը շատ լավ իմացել է, թե ինչ է կատարվելու, ապրիլի 1-ի գիշերն արդեն իսկ հայտնել է, որ սպասվում են խոշորամասշտաբ դիվերսիաներ, և մեր զորքերը բերվել են համապատասխան մարտական աստիճանի: Այն զորամասերը, որ արագ են հասցրել կազմակերպվել, ավելի պատրաստ են եղել»: Դրա մասին է վկայում նաև այն, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը բոլոր դիրքերում զինվորների կողքին եղել են սպաներ, անգամ զինվորականներ, որոնց տեղն ամենևին էլ դիրքում չէ: Արծրուն Հովհաննիսյանը չի թերագնահատում նաև հակառակորդին, որը, ըստ նրա, գործել է բավականին հմտորեն: Լավ իմանալով մեր հետախուզության գործունեության մասին՝ հակառակորդը խոշոր զորամիավորումներ նախապես չի շարժել դեպի առաջնագիծ, քանի որ դա միանգամից կմատներ նրա մտադրությունները: 2014 թվականից հետո, սակայն, ադրբեջանական կողմն իր առաջնագծի զորքերը կամաց-կամաց ուժեղացրել է: Իրավիճակն առավել պատկերավոր ներկայացնելու համար Արծրուն Հովհաննիսյանը նկարագում է. «Պատկերացրեք դուելային իրավիճակ, երբ կողմերն էսպես ձեռքները թափ են տալիս, թե երբ պիտի դիմացինը զենքը բարձրացնի, որ կրակի: Մինչև 2014 թիվն իրավիճակը էդպես է եղել, 2014-ից հետո մենք ատրճանակներն իրար վրա պահած ենք կանգնել: Եվ այդ դեպքում դժվար է կռահել, թե դիմացինը երբ կկրակի»: Նրա խոսքով՝ հակառակորդը գործողությունը սկսել է սովորական դարձած դիվերսիաներով, որպեսզի մեզ գցի թյուրիմացության մեջ: Ամսի 1-ի լույս 2-ի գիշերը պատերազմն արդեն սկսված էր, սակայն ամսի 2-ի ցերեկն են միայն Բաքվից խոշոր զորամասեր շաժել դեպի սահման: «Հետևաբար ասել, թե մեր հետախուզությունը քնած է եղել, հիմարություն է»:

Արծրուն Հովհաննիսյանը բացատրում է նաև, որ պատերազմական գործողության մեջ կա հարվածի հիմնական ուղղություն հասկացությունը, երբ հարձակվում ես տարբեր կողմերից, սակայն հիմնական ուղղությունը թաքցնում ես: Ադրբեջանը հենց այս ռազմավարությամբ էլ գործել է. հարվածել է 14 ուղղությամբ, բայց հիմնական ուղղությունները եղել են Թալիշն ու մերձարաքսյան հովտի ուղղությունը: Մեր հետախուզությունը, սակայն, նաև պարզել է, որ դրանք էլ հիմնականը չեն, այլ դրանք շեղող ուղղություններ են: «Ամսի 4-ին մենք հասկացանք, որ հիմնական հարվածի ուղղությունը դեռ չի սկսվել: Դա պիտի լիներ Աղդամից: Եթե մենք ամսի 4-ին Աղդամից եկող հիմնական խմբավորման հարվածը չկանխեինք, պատերազմը լրիվ ուրիշ ընթացք կստանար և, այո, հնարավոր է՝ ավարտվեր Ստեփանակերտում»: Մեր բանակն այդտեղ հակառակորդին տվել է այնպիսի հակահարված, որն ամբողջովին ձախողել է նրա պլանը՝ հերթական անգամ փոշիացնելով Արցախը զենքի ուժով իրենը դարձնելու ալիևյան երազանքը: Հատկանշական է նաև, որ հակառակորդի առաջին հարվածող խմբավորումներում ներգրավված են եղել բացառապես պրոֆեսիոնալներ: Դա նշանակում է, որ հիմնական, ծանր գործը պետք է կատարեին հենց նրանք: Եթե անգամ ուշադիր հետևենք հակառակորդի զոհերին, ապա կտեսնենք, որ դրանք սպաներ են, ենթասպաներ ու պայմանագրային զինծառայողներ: «Պլանը եղել է հետևյալը,-ասում է Հովհաննիսյանը,-դեպի Մարտակերտ, Ֆիզուլի և Ջաբրաիլ առաջին օրը ճեղքում են, առաջ գալիս նվազագույնը 5-7 կմ խորությամբ, մենք ռազմաճակատը պատռվելու վտանգի տակ մեր ամբողջ ուժերը նետում ենք թևերի վրա, և 2-րդ, 3-րդ օրը հիմնական հարվածային խմբավորումը Աղդամից արագ դուրս է գալիս Ասկերանով դեպի Ստեփանակերտ: Սա կլասիկ ռազմական օպերացիա էր՝ լուրջ նորարարական ներդրումներով»: Փաստորեն, Ադրբեջանի հիմնական ռազմական պլանը եղել է հետևյալը. դիվերսիաների միջոցով ողջ շփման գիծը՝այդ թվում նաև Հայաստանի հետ սահմանի կցատեղիները, պահել լարվածության մեջ, 2-3 ժամից հետո անցնել հիմնական հարձակման տարբեր ուղղություններով, որպեսզի չկողմնորոշվես՝ որտեղից է հիմնական հարվածը գալու: Բայց բարեբախտաբար մեր հետախուզությունը ոչ միայն հասկացել է, թե երբ են սկսվելու դիվերսիաները, այլև ճիշտ էր կռահել հարվածի հիմնական ուղղությունը: «Հակառակորդի կողմից թևերի հարվածը մեր տղաների շնորհիվ ձախողվել է, և նրանք լավագույն դեպքում մոտ 700 մետր են առաջ եկել, (այն էլ՝ իրենց ելման դիրքերից, իսկ առաջնագծից՝ ընդամենը 300 մետր), որից հետո թևերը ճիշտ ապահովելով, կենտրոնում էլ վճռական հարված տալով՝ մենք տապալել ենք ամբողջ պլանը, ու իրենք արդեն գնացել են ոչ թե այս ավանտյուրային, այլև վազելՄոսկվա՝ խնդրելու, որ դադարեցնենք»: Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ, սա մեր կողմից իրականացված զսպման փայլուն քայլ է եղել: Ընդհանուր առմամբ այս պատերազմի ժամանակ հակառակորդը կիրառել է 2 աստիճան բարձր հրետանի՝ բանակի հրետանի: Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մասնակի հարցերի վերաբերյալ հնչող քննադատություններին, օրինակ, ինչու են հակառակորդի շարժը հսկվում սահմանի երկայնքով կախված մետաղական տուփերի չխչխկոցով, երբ կան արդիական միջոցներ: «Եթե քո դիմաց կանգնած է պրոֆեսիոնալ դիվերսանտ, որին աջակցում է ականանետը, ինչ թանկարժեք սարք էլ ուզում ես դիր, չի դիմանալու: Իմաստը ո՞րն է թանկարժեք այդ սարքերը դնելու, եթե էֆեկտիվությունը նույնն է, ինչ մետաղական տուփերինը»:

Անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի դեմ հակամիջոցներ գտնելու անհրաժեշտությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ այսօր դա արդի ռազմագիտության կարևորագույն խնդիրներից է, որը չեն կարողանում հուսալիորեն լուծել ոչ Միացյալ նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իսրայելը: «Հզոր ԱԹՍ-ների դեմ պայքարն այսօր լուրջ գլխացավանք է»,-ասում է նա՝ միաժամանակ ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, թե այս պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից քանի ԱԹՍ է ոչնչացվել: «Մեր դեմ մարտական ԱԹՍ կիրառելու մոտ 15 փորձ է եղել: 4 օրվա ընթացքում մենք 14 ԱԹՍ ենք խփել, որից 2-ը՝ մարտական, այսինքն՝ լավագույնը: Մեկն, իհարկե, հովիվն էր խփել իր որսորդական հրացանով, բայց մյուսներն արել ենք մեր 70-ականների ՀՕՊ միջոցներով, որ մեր գիտահետազոտական ինստիտուտների կողմից կատարելագործվել են և, փաստորեն, 2016 թվականի նորագույն տեխնոլոգիաների դեմ հաջողությամբ պայքարում են: Այսինքն, մենք էսօր բոլոր պայքարողների մեջ էլի առաջինն ենք»: Իսկ հակառակորդն անգամ չի կարողացել այդ թանկարժեք՝ մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ ԱԹՍ-ներն արդյունավետ օգտագործել, և շատ ժամանակ անիմաստ թիրախների է հարվածել: Ի դեպ, հայտնի է, որ իսրայելական ԱԹՍ-ները արտադրվում են իսրայելական մասնավոր մի ընկերության կողմից, և դրանց առաջին «փորձադաշտը» եղել է հենց ղարաբաղյան քառօրյա պատերազմը: Այո, մեր բանակը պետք է շարունակի տեխնիկական համալրվածությունը. սա խնդիր է, որի մասին բարձրաձայնվում է ամենաբարձր մակարդակով: Բայց փաստն այն է, որ անգամ ուժերի ոչ հավասար պայմաններում մենք կարողացել ենք հաղթել ոչ միայն մեր մարտական ոգու, այլև մեր բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել