Սովետական գողերը մի հասկացություն էին մտցրել շրջանառության մեջ, որը սրբորեն պաշտպանելով և հասարակության մյուս շերտերին պարտադրելով՝ դարձել էին անպարտելի (համենայն դեպս մեր՝ հասարակ մահկանացուներիս աչքերում): Այն էր՝ «Միլիցուն բողոքելը բ*զություն է»: Դժվար չէ գուշակել, թե այս գաղափարախոսության ներարկումը մարդկանց մեջ ինչ բացասական էր անդրադառնում առհասարակ պետության վրա և միևնույն ժամանակ ինչ լայն հորիզոններ էր բացում օրինախախտների համար:
Պատկերացրեք՝ ինչ հրաշալի է, երբ անպատիժ անում ես ամեն ստորություն, իսկ դիմացինդ, ինչ-ինչ գողական կոդեքսներից ելնելով, չի դիմում օրինապահ մարմիններին: Կարծես թե ամեն պայման ստեղծված է անարխիա ծնելու համար: Մի փոքր ուղղում մտցնեմ՝ անարխիա, որն անուղղակիորեն վերահսկվում է գողերի կողմից: Արդյունքում ստեղծվում է երկու օրենսդրություն՝ գողական և պետական: Ի դեպ, առաջինը 90 տոկոս դեպքերում հակասում է պետականին: Ստեղծվում է պետություն պետության մեջ, որը, ինչպես նախապես պլանավորվում էր, պետք է սովետական իշխանությունների քարտ բլանշը լիներ, բայց արդյունքում դուրս եկավ վերահսկողությունից:
Վերադառնանք մեր օրեր: Հունվարի 23, 2013թ., Երևան: Ուրիխանյանի հայցադիմում:
Այն համացանցային շուխուռը, որը բարձրացավ պատգամավոր Ուրիխանյանի՝ դեմոտիվատորների սիրահար Էդգար Բարսեղյանին դատի տալուց հետո, գոնե ինձ համար ահազանգ է: Ահազանգ է այն մասով, որ շատ ու շատ խելոք մարդիկ, ովքեր բավական ազդեցիկ են համացանցում, Ուրիխանյանի արարքը ազատ խոսքի դեմ ոտնձգություն անվանեցին, և պնդում էին, որ դատարան դիմելը լուրջ մարդու արարք չէ: Փաստորեն, մեզ մոտ կա մի շերտ՝ ԱԶԱՏ ԽՈՍՔ ԱՍՈՂՆԵՐ, ում վրա գործ բացելը նույն բ*զությո՞ւնն է: Դու անում ես անօրինություն, խայտառակում ես մեկին, իսկ քեզ կարգի հրավիրելու փորձերը քննադատվում են քեզ պես ազատ խոսք ասողների կողմից, ովքեր էլ իրենց ազդեցությունը տարածում են հասարակության մյուս շերտերի վրա: Համաձայնեք՝ ստեղծված ֆորմացիայի չգրված օրենքները քիչ են տարբերվում նույն գողական օրենքներից: Արդյունքում ստեղծվում է Հայաստան և Ֆեյսբուքահայաստան: Ի դեպ, Ֆեյսբուքահայաստանի օրենքները զգալիորեն տարբերվում են Հայաստանի օրենքներից: Իսկ ֆեյսբուքահայերը 90 տոկոս դեպքերում ծաղրում են Հայաստանի դատական համակարգի կայացրած վճիռները: Առայժմ ուղղակի ծաղրում են: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ վտանգ, որ դատական համակարգը մերժող ֆեյսբուքահայերը մի օր նույնքան անկառավարելի կդառնան, ինչպես իրենց ժամանակ հասարակության աջակցությունը վայելող օրենքով գողերը: Կձևավորվի՞ արդյոք ՕՐԵՆՔՈՎ ՖԵՍՅԲՈՒՔԱՀԱՅ եզրույթը, որը նույնքան վտանգավոր կլինի երկրի համար, ինչքան որ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ:
Հ.Գ. Ուրիխանյան երևույթի վրա թքած ունեմ: Խնդրում եմ՝ ԲՀԿ-ական ֆեյքի՝ իմ կողմից ատելի պիտակը վրաս չկպցնեք: Ուղղակի մտքեր են, կիսվում եմ: