GalaTV.am-ը գրում է․
Հայոց ոգու հաղթանակը, թուրքական ձախողված վրեժը, ադրբեջանական տապալված երազանքը և «բարեկամության փալանը» Արցախի քառօրյա պատերազմի խրամատներում:
Արցախում սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրն ևեթ Թալիշում խոշտանգված ծերունիների, ապա ադրբեջանական կողմում հայտնված 18 հայ զինվորի մաշկազերծ, գլխատված ու մասնատված մարմինների սահմռկեցուցիչ իրողությունն անսխալ ընդգծեց Սիրիական պատերազմի և համաշխարհային հանրության չարիք՝ «Իսլամական պետության» որջում հղկված գազանաբարո դահիճների ձեռագիրը: Վարձկաններով պատերազմ սկսելու և հերթական ձախողման ողջ ճշմարտության բացահայտումը ժամանակի խնդիր էր միայն, և այն չուշացավ. թուրքական «Rasthaber»-ին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ, Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հետազոտական կենտրոնի տնօրեն Հեքիմ Ալիզադեն խիստ դժգոհել է, որ Թուրքիայի աջակցությունն ապրիլյան պատերազմին բավարար չի եղել. «Միայն 3-5 կամավոր է եկել Թուրքիայից»: Ինչպես ասում են, սա դեռ առաջին ծիծեռնակն է…
Հայ և համաշխարհային վերլուծական միտքն այս օրերին փորձում է գտնել Արցախի պատերազմի իրական պատճառը՝ ինչո՞ւ քառորդ դար անց և այն էլ բլից-կրիգ: Դատելով Ադրբեջանի տնտեսաքաղաքական իրավիճակից, ալիևյան կլանի նկատմամբ Եվրամիության և Արևմուտքի անբարյացակամ վերաբերմունքից, երկրի քաղբանտարկյալների, իշխանական ընտանիքի շուրջ օֆշորային սկանդալներից, սև ոսկու արժեզրկումից, համաշխարհային նավթի առաջատար ընկերությունների հեռանալու փաստերից՝ Արցախում լայնամասշտաբ պատերազմը քիչ էր հավանական:
Եթե Ալիևն իմանար, որ Արցախում իր ռազմական ագրեսիան համաշխարհային մամուլի կողմից այսպիսի արձագանք կստանար և միջազգային հարթակներում ընդհուպ կբարձրացվեր Արցախի անկախության ճանաչման հարցը, առաջնագծում մարդկային ու ռազմական խայտառակ կորուստ կունենար, ապա հաստատ նախահարձակ չէր լինի:
Եթե ադրբեջանցիներին իրոք պետք էր վերադարձնել Ղարաբաղը, ապա գերժամանակակից սպառազինությամբ հագեցած նրանց բանակին ոչ ոք չէր կանգնեցնի: Եղավ այն, ինչ պիտի լիներ: Նրանց բանականությանն այդպես էլ հասու չեղավ գիտակցումը՝ երբ Ազգը դառնում է բանակ, անպարտելի է նրա ոգին, անկարելի է նրան հաղթել… Չհասկացան, որ պատերազմում ոգին է հաղթում, ոչ թե քանակը: Ո՞ւմ բացատրես, որ նվաճողի և հայրենի հողն ազատագրողի հոգեբանությունների միջև հսկայական տարբերություն կա:
Պատերազմն Ալիևին պետք չէր, սակայն Panama Papers-ում հրապարակված օֆշորային հաշվեհամարների մասին գաղտնի տեղեկությունները լուրջ սպառնալիք դարձան: Իր հեղինակությունը փրկելու, մսխած միլիարդները կոծկելու հարցը պատերազմով «ջրելու» համար նա պատրաստ էր և դրան՝ անթաքույց ունենալով Թուրքիայի բացահայտ աջակցությունը: «Մենք 78 միլիոն ժողովրդով Ադրբեջանի հետ ենք ու նրա կողքին ենք լինելու մինչև օկուպացված հողերի հետ գրավում», «Ամեն գնով Ղարաբաղը հետ ենք բերելու» պաթետիկ կոչերով հանդես եկավ Դավութօղլուն: Ստրկամիտը 78 մլն ասելով 20 մլն քրդերին ևս նկատի ուներ… դե, հռետորաբանությունը մնում է հռետորաբանություն, իրականությունը՝ իրականություն:
Կրտսեր եղբոր երջանկության համար Թուրքիան ոչինչ չէր խնայի, միայն մի պայմանով. Արցախյան պատերազմի հրահրումը ծառայեցնել իր նպատակներին ևս. Սիրիական պատերազմում նա հաղթաթուղթ ձեռք չբերեց, անորոշ ժամանակով կորցրեց դաշնակից Ռուսաստանին, իսկ վերջինիս կիրառած տնտեսական պատժամիջոցներից ֆինանսական կորուստը միլիարդների հասավ: Հիշենք նաև՝ ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Գալիպոլիի ճակատամարտի կեղծ «հաղթանակի» բեմականացմամբ Թուրքիան չկարողացավ ստվեր գցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանում և աշխարհում Ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումներին: Ասել է թե՝ միլիոնները Բոսֆորը թափվեցին: Այդ խայտառակությունը Թուրքիան կուլ չէր տալու. հակադարձման համար հարմար առիթ էր փնտրում. Ղարաբաղը վերադարձնելու ազերիների տասնամյակների երազանքի իրագործման տեսլականով՝ Թուրքիան իր հերթին կպատժեր նախ՝ Ռուսաստանին՝ ներքաշելով նրան Արցախյան պատերազմի մեջ, միաժամանակ թուրք-սիրիական սահմանին կշարունակեր քրդերի մասսայական կոտորածը, և միջազգային հանրության աչքից հեռու, գնդակահարելով ու բաց ծովում նավերը խորտակելով հնարավորինս կձերբազատվեր սիրիացի փախստականներից և, որ ամենակարևորն է, կպատժեր հայերին՝ Գալիպոլիի տապալված միջոցառման համար, միաժամանակ կտապալեր այս տարի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը՝ Ապրիլի 24-ին, 100 LIVES-ի նախաձեռնությամբ Հայաստանում կայանալիք Aurora Prize for Awakening Humanity մրցանակաբաշխությունը:
Բնականաբար, թուրքերն իրենց ցեղին հարիր ստոր ու զազիր քայլի պիտի դիմեին. այս պարագայում Արցախն ամենալավ թիրախն էր:
«Ավրորա» մրցանակաբաշխության առաջին հաղթողի և նրա ներկայացրած կազմակերպության անունը հայտարարվելու է Ապրիլի 24-ին: Հաղթողը կստանա 100.000 դոլար, նրա ներկայացրած ընկերությունը՝ 1 մլն դոլարի գումարային մրցանակ: Այս առիթով այս օրերին Հայաստան կժամանեն հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին, Նոբելյան մրցանակակիրներ՝ Էլի Վիզելը, Օսկար Արիասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբոբին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, դատախազ Հիմա Ջիլանին և Ավստրալիայի նախկին արտաքին գործերի նախարար Գարետ Էվանսը, Շառլ Ազնավուրը և անվանի շատ գործիչներ: Դժվար չէ պատկերացնել՝ ինչ հնչեղություն կստանա աննախադեպ այս նախաձեռնությունը՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ հայտնվելով համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սանձազերծվեց Արցախի քառօրյա պատերազմը: Կրակի դադարեցումից օրեր անց 100 LIVES-ը հանդես եկավ հայտարարությամբ, որ անկախ ամեն ինչից Aurora Prize for Awakening Humanity մրցանակաբաշխությունը կայանալու է: «Ավրորայի» տապալման հարցում Թուրքիան ձախողվեց, սակայն նրան հաջողվեց տարածաշրջանում լարվածություն առաջացնել. չմոռանանք՝ Սիրիական պատերազմում և առհասարակ Մերձավոր Արևելքում նա մեծ փորձ ունի:
Այսօր, առավել քան երբևէ, Արցախի կարգավիճակի հարցը բուռն խմորումների ու քննարկումների ներքո է, ասել է թե՝ Արցախի քառօրյա պատերազմը ստվերեց և՛ Ուկրաինային, և՛ Սիրիային: Միջազգային դիվանագիտության կուլիսներում նոր զարգացումներ, վերամշակված մադրիդյան ու կազանյան սցենարներ են շրջանառվում Արցախի շուրջ:
Մենք մարդասեր ժողովուրդ ենք, չնայած հարևանների հարցում ճակատագիրը մեր նկատմամբ շռայլ չի եղել. բոլոր ժամանակներում «եղբայրություն», «բարեկամություն», «դաշնակից» ասվածներն աներկբայորեն ասոցացվել և ասոցացվում են շահի հետ, այն գերակա է ամենուր: Ուստի, հորդորս է մեր իշխանավորներին՝ «Ձեր «բարեկամության փալանը» ժողովրդի ուսերին մի դրեք` դաշնակից փնտրելու համար»: Մենք դաշնակից չենք ունեցել և չենք էլ ունենա: Մեր միակ դաշնակիցը մեր հավաքական ուժն է՝ Սփյուռքը և հայ ժողովրդի անկոտրում կամքը:
Մի՛ ընկրկեք դիվանագիտական հարթակներում, պարոնա՛յք: Հայ ժողովրդի հաղթական ոգին փորձության մի՛ ենթարկեք, նա խրամատներում կյանքի քսան գարունը չբոլորած զավակներ է կորցրել… նրա ցասումն ու պոռթկումը նահանջ չի՛ հանդուրժի…
Ջեմմա Բաղդադյան