GalaTV.am-ը գրում է․
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը, որին ներկա էին տարբեր երկրների խորհրդարանականների, կառավարությունների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի ականավոր մասնագետներ, առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Մեր օրերում ցեղասպանությունների կանխարգելման հարցը մնում է արդիական և հրատապ, իր ելույթի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» ահաբեկիչների մասին.
«Աշխարհը վրդովված է այս բարբարոսություններից այն դեպքում, երբ դրա կատարողն ընդամենը մի ավազակախումբ է, որին դժվար է պատասխանատվության ենթարկել և որի դեմ կարելի է պայքարել միայն հրթիռներով»:
Սերժ Սարգսյանը հարց հնչեցրեց, թե ինչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ խրախուսելու և իրականացնելու համար:
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով: Նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում իրենց հերոսության դրսևորում այն ցուցադրելով: Եվ այս ամենն Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Ֆորումին ներկա հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին նշեց, որ անհնար է հերքել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է.
«Գերմանիայից հետո մենք նորից ու նորից շարունակում ենք ասել՝ դա նորից չպետք է կատարվի, բայց դրանից հետո Կամբոջա, դրանից հետո Բոսնիա, դրանից հետո Ռուանդա, դրանից հետո Դարֆուր, և ճշմարտությունն այն է, որ նորից ու նորից կատարվում է, և մենք ասում ենք՝ եթե մենք դրա մասին իմանայինք, մենք ինչ-որ բան կանեինք, բայց չէ՞ որ մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- ասաց Քլունին:
Ֆորումին ներկա էր և ելույթ ունեցավ Մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական, ազգությամբ թուրք Սայիթ Չեթինօղլուն, ում կարծիքով Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի կարևոր տարբերությունն այն է, որ ցեղասպանության ժամանակ կանայք ու երեխաները դաժանորեն ծեծվել, բռնության են ենթարկվել ու կրոնափոխ են եղել, «սա արդեն հոգիների սպանություն էր», ասում է թուրք գիտնականը.
«Թուրքիայում ամեն մեկը գիտակցի Ցեղասպանության հավաքական պատասխանատվությունը և իրեն հարց տա՝ ի՞նչ էր անում պապս 1915-ին»:
Նաիրա Նալբանդյան