Lragir.am-ը գրում է․
Lragir.am-ի զրուցակին է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը
Պարոն Պապյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում սկզբունքորեն  գերակա խնդիր է 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրի կատարման ապահովումը, քանի որ այդ պայմանագրերն անժամկետ են: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի ու Արցախի համար:

Ես սա մեզ համար դրական եմ գնահատում, որովհետև կային բավական բացասական սպասումներ, հատկապես Իզվեստիայում տպագրված «Լավրովյան տարբերակից» հետո: Իմ կարծիքով՝ այդ հրապարակումը պատահական չէր, դա Հայաստանի և հայ հասարակության տրամադրությունը շոշափելու փորձ էր, և նույնիսկ ճիշտ էր, որ հասարակությունն այդքան բուռն ձևով արձագանքեց, ելույթներ ու հանրահավաքներ եղան նման սկզբունքների անընդունելիության վերաբերյալ: Դա շատ կարևոր էր, իսկ այդ ամբողջն ավելի սուր էր, որովհետև պատերազմի փուլ էինք անցել, Ռուսաստանի նկատմամբ արդարացիորեն կուտակված դժգոհություն կար: Այն, ինչ Լավրովն իբր թե պիտի ասեր, այսպես կոչված, «Լավրովյան սկզբունքները» նույնն է, ինչ որ «Մադրիդյան սկզբունքները» կամ ըստ էության այն, ինչ 1994 թվականից եղել է, հենց զինադարարի մեջ էլ է այդպես: Այսինքն՝ հող կարգավիճակի դիմաց: Այդ սկզբունքի հետ մենք միշտ համաձայնել ենք, այդտեղ տարաձայնությունները մեզ համար ավելի մանրամասների մեջ են եղել: Մի սկզբունք, որն ի սկզբանե շատերի համար, այդ թվում՝ ինձ համար ընդունելի չէ: Այսօր ղարաբաղյան իշխանություններն էլ ըստ էության հայտարարում են, որ այդ  սկզբունքը՝ հող կարգավիճակի դիմաց, ընդունելի չէ: Հետևաբար, ամեն ինչ կախված կլինի մեր տնտեսության առողջացումից և քաղաքական ու դիվանագիտական ճիշտ քայլերից: Եթե մենք կարողանանք երկրի վիճակը բարելավել, մաքրել երկիրը ներսից և դրսից, մի քիչ էլ այդ միակողմանի կախվածությունները չեզոքացնենք՝ այլընտրանքներ ստեղծելով, որևէ մեկը մեզ չի կարող որևէ բան պարտադրել:

Այսօր կարո՞ղ ենք ասել, որ ռուսական որոշ ծրագրեր ձախողվել են՝ հաշվի առնելով այն, որ խոսակցություններ կային պուտինյան ու լավրովյան ծրագրերի ու հողերի հանձնման մասին:

Մենք իրականությունը չգիտենք, բայց կարող ենք ենթադրել, որ այդ արտահոսքը ռուսական մամուլում պատահական չէր: Բայց դա բուռն հակազդեցություն ունեցավ: Այսինքն՝ եթե Ռուսաստանն ուզում էր մեզ մի բան պարտադրել, հասկացավ, որ եթե ինքը դա պետք է անի, որպեսզի սիրաշահի Ադրբեջանին, ինքը հաստատ կկորցնի Հայաստանը: Ուրեմն ինքը պետք է որոշի՝ որքանո՞վ է ձեռնտու մեկին կորցնել, մյուսին սիրաշահել: Եթե պարզ հաշվարկ լիներ, գուցե իրենք նախընտրեին Ադրբեջանը: Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ եթե հասարակությունը, բանակը, Ղարաբաղը դրան դեմ են, եթե անգամ պարտադրեն իշխանություններին ինչ-որ բան ստորագրել, ինչքանո՞վ դա իրականանալի կլինի: Ակնհայտ է, որ դա իրականանալի չի լինի: Ես չեմ բացառում, որ ինչ-որ խոսակցություն եղել է դրա շուրջ, բայց հաստատ չեն եղել լուրջ ճնշումներ մերոնց վրա, մերոնք հանգիստ կարող էին վկայակոչել հասարակական տրամադրությունները և ասել, որ՝ այս վիճակում սա չի աշխատի:

Իսկ ռազմական գործողությունների վերսկսկման վտանգ տեսնո՞ւմ եք:

Բանակցային գործընթացն այսօր խիստ կասկածի տակ է, որովհետև արյունը չի չորացել, ադրբեջանցիները տանկերը հետ չեն կանչել, զորքը դեռ կանգնած է ռազմաճակատային գծում, ամեն վայրկյան դա կարող է նորից բռնկվել: Հետևաբար, քանի դեռ չկա վստահության աճ, որևէ նման բան չի կարող լինել: Չեմ բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, որովհետև մենք, ցավոք սրտի, ամեն օր զոհ ենք ունենում:

Լավրովը նաև վստահության ու հետաքննության մեխանիզմների ներդրման մասին հիշատակեց Երևանում, սա ի՞նչ կտա:

Այո, Լավրովի հայտարարության մեջ մի հետաքրքիր մաս էլ կար՝ նա խոսեց վստահության ու վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին: Դա շատ կարևոր է, մեր օգտին է, որովհետև մենք միշտ հանդես ենք եկել ամեն մի դեպք առանձին հետաքննելու և մեղավորներին գտնելու, պատասխանատվության ենթարկելու օգտին: Եթե ռուսական այս հետաքննությունների մեխանիզմների ծրագիրը և ամերիկյան տեխնիկական միջոցների տրամադրումն ու վերահսկողությունը համադրվեն ու իրականացվեն, այսինքն՝ հետաքննելու կամք լինի, մեզ համար լավ է, որովհետև մենք շահագրգռված չենք հրադադարը խախտելու: Եթե այնպիսի հնարավորություն լինի, որ անգամ դիպուկահարներին հետ կանչեն, մենք միանգամայն համամիտ կլինենք: Ստատուս քվոյի պահպանումը մեզ միանգամային ձեռնտու է:

Այս հանդիպումից դուրս մեկ այլ ուղերձ էլ կար: Դա Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի այցն էր ՆԱՏՕ և այն հայտարարությունը, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանության իրավունք ունի: Սա արդեն լայն ձևով կարելի է հասկանալ, որ ինքնապաշտպանություն դա միայն հակադարձելը չէ, առավել ևս դա ենթադրում է նաև անվտանգության միջավայրը բարելավելու իրավունք: Քանի որ մենք այդ շրջակա հողերը համարում ենք անվտանգության միջավայր, հետևաբար դա բարելավել նշանակում է, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում հանուն անվտանգության այլ տարածքներ ևս ազատագրել:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ինչո՞ւ մերոնք ժամանակին կանգնեցին այդ տարածքների վրա, որովհետև այն ժամանակ հրանոթներն էին ամենաուժեղ զենքը, և այդ գոտին հնարավորություն էր տալիս, որ ռմբակոծության չենթարկվեն բնակավայրերը: Հիմա նոր տիպի զենքի առկայության դեպքում արդեն խոցելի իրավիճակ է լինում, օրինակ, Սմերչը կարող է խոցել Ստեփանակերտը: Դա նշանակում է, որ կամ պետք է իրենք իրենց լավ պահեն, զինադադարը հարգեն, կամ մենք այդ անվտանգության գոտին պետք է այնքան ընդլայնենք, որ Սմերչն էլ դառնա ոչ պիտանի զենք: Դրա համար էլ այդ հետաքննության մեխանիզներն առաջ են բերում, որովհետև հասկանում են, որ կարող է վիճակ ստեղծվել, որ Հայաստանին դրդեն այլ գործողությունների՝ այլ ելք չլինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել