Armfootball.com-ը գրում է.
Մոնղոլիայում շարունակվող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրացաշարում իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մինչև 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում պարտվեց հունգարՊետեր Բաշչիին: Հետագայում Բաշչին հասավ մինչև եզրափակիչ, ու Ջուլֆալակյանը իրավունք ստացավ պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Սփոփիչ գոտեմարտերում Արսենը հաղթեց խորվաթ ու ղրղզ մարզիկներին, այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում վստահ հաղթանակ տարավ ռումին ըմբիշի նկատմամբ ու իրավունք ստացավ պայքարել օլիմպիական ուղեգրի համար գերմանացի Պասկալ Էյզելի հետ:
Վճռորոշ գոտեմարտերում մեր մարզիկը 6-2 հաշվով հաղթանակ տարավ ու օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց 75 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 85 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի ուղեգիր էր ձեռք բերել նաև Մաքսիմ Մանուկյանը, ով հասել էր մինչև եզրափակիչ: Նշենք, որ եզրափակչում Մանուկյանը 4-5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզատովին ու բավարարվեց երկրորդ տեղով:
Այսօր հանդես եկած մեր մյուս ըմբիշները` 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը չկարողացան պայքարել ուղեգրերի համար: