Տեսա: Ասուլիսը: Կարևորը՝ ոչ մի ձեն-ձուն ինչ-որ «պլանների» մասին: Ինքնըստինքյան ջրվեցին (կամ ջրվում են) «տարածքների», «զիջումների» ու մնացածի շուրջ էս երկու օրը արդեն հոգնեցրած, կներեք, ղալմաղալը, չհաշված լացակումահեծեծանքահառաչավայվլիկաշունչ բացականչություններն ու ձայնարկումները:
Ենթադրում եմ, որ հիմա, իհարկե, «բզբզման» նոր թեմա կբացվի՝ «Վա՜յ, Հայաստանը Կազանի փաստաթղթին 11 թվին համաձայնել ա...» ծիրին մեջ: Նոր իմացան, գիԴե՞ս, կամ էլ՝ բա գիտե՜ս...
Իրականում Հայաստանը նախքան Կազանում մի 5 տարի առաջ տեղի ունեցած բանակցությունները, տարբեր տեղերում էլի համաձայնողի դերում է եղել: Բայց ԻՆՉԻ՞Ն համաձայնողի և ԻՆՉՈ՞Ւ է դա արել, իհարկե, «բզբզացողներին» հիմա ու առհասարակ էլ, հետաքրքիր չի: Իսկ հետաքրքիր չի, որովհետև այդ հարցերին անդրադառնալու դեպքում պիտի նայեն բանակցային գործընթաց ասվածին, դրանց վերաբերող հայտարարություններին ու էլի շատ բաների, բայց հիմնականն այն է, որ այդ դեպքում «բզբզոցով» չեն կարողանա բորբոքել շատերին, որ հասկանալի պատճառներով առանց այն էլ՝ «նյարդերի վրա են»:
Որպես արդեն բազմամյա ու անընդհատ ստաժ ունեցող լրագրող (հնչեց համարյա որպես «40 տարվա մանկավարժ», բայց դա մի կողմ), մեկ անգամ չէ, որ անձամբ լսել (հասկանալի է, նաև՝ լուսաբանել) «Հայկական կողմի» ամենատարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, որ նշվող համաձայնությունը վերաբերում է կոնկրետ տվյալ՝ համաձայնեցված կետերի ու մոտեցումների շուրջ բանակցությունները շարունակելուն և արդեն փորձագիտական մակարդակով հնարավոր վերջնական փաստաթղթի նախագծի համար ձևակերպումներ մշակելուն: Պարզ ասած, այդ՝ «համաձայնել են»-ը դեռ իր հերթին որոշակի «աղացներով» պիտի անցնի:
Երկրորդը, մշտապես հայտարարվել է, որ վերջնական որոշումն ընդունողը ժողովուրդն է: Եթե որևէ մեկը դեռ պատրանքներ կամ (ի՞նչ իմանաս) հույսեր կարող էր ունենալ, թե ժողովրդին կարելի է ինչ-որ բան պարտադրել, կառաջարկեի թեթևակի վերհիշել ժողովրդի (հասարակության մեծ մասի) մի քանի օր առաջվա տրամադրվածությունն ու պահվածքը:
Ամենակարևորը՝ Հայաստանի մարտավարությունը նման բանակցություններում որևէ «պլանի» համաձայնություն տալու ժամանակ (և դա էլ է հանրահայտ, բազմիցս հրապարակավ արծարծված) եղել է այն, որ Ադրբեջանը մերժելու է: Եվ այդպես էլ եղել է, որպես կանոն (ինչն էլ այսօր էլի մի անգամ Նալբանդյանը նշեց): Երկրորդ հանգամանքն այս պարագայում այն է, որ համաձայնություն տալով (վստահ, որ ադրբեջանական կողմը մերժելու է), Հայաստանը որոշակի չափով նվազեցնում էր արտաքին ճնշումը մեր երկրի վրա, հակառակը, «կարգավորողների» դիվանագիտական ճնշումները ծանրանում էին ադրբեջանական կողմի վրա:
Բայց ոնց որ «շատ խորացա»:
Ինքս, իհարկե, բոլորովին այլ պատկերացում ունեմ այն մասին, թե հիմա՛ կոնկրետ ինչ ձևով և ինչ շեշտադրումներով պետք է շարունակվեն բանակցությունները: Եթե հակիրճ, իմ մոտեցումը սա է.
ապրիլի 2-ին սկսելով լայնածավալ ագրեսիա և կոպտորեն խախտելով 1994-ին նաև իր ստանձնած միջազգային պարտավորույթունը, Ադրբեջանը, ըստ էության, «ջրել» է բոլոր նախորդ պայմանավորվածությունները (ինչ-որ «համաձայնեցված կետեր», մադրիդ-մուդրիդ և այլն): Եվ այդպիսով, մեզ համար, լավ առիթ է ստեղծվել, որ ա) առոչինչ հայտարարենք նախորդիվ եղած այդ պայմանավորվածույթունները, բ) առաջադրենք նոր բանակցային բովանդակության մեր տարբերակը՝ ԼՂՀ բանակցային ստատուսի վերականգնման պարտադիր պայմանով, գ) հետամուտ լինենք միջազգային համապատասխան ատյաններում Ադրբեջանի կողմից թույլ տրված ռազմական և մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտմանը:
Առայժմ, թերևս, այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել