Տագնապայինը, սակայն, այն կարճ նկարագիրն է, որ Շավարշ Քոչարյանն արել է՝ համանախագահների առաջարկների վերաբերյալ․
«Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը, և բնական է, որ արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև, երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք Է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության ( իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են) կարող է խախտել»։Հիմա ոմանք կցանկանան հարձակվել Քոչարյանի վրա, բայց այս պարագայում նրա միակ մեղավորությունն այն է, որ նա փորձում է հնարավորինս փափուկ ձևակերպումներով հրամցնել այն խայտառակ դրույթները, որոնք հայտնվել են բանակցությունների սեղանին։ Տպավորություն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը լրիվ մոռացել է, որ առաջին պատերազմում հաղթող կողմը եղել ենք մենք։ Տպավորություն է, որ մեր քաղաքական ղեկավարությունը չի գիտակցում, որ առաջին պատերազմն այլևս այդքան ակտուալ չէ, որովհետև սկսվել է նոր պատերազմ, որի առաջին փուլում մենք առնվազն չենք պարտվել ու նման խայտառակ դրույթները պարզապես անընդունելի են։ Մինչդեռ, տեսեք թե ինչ փափլիկ բարձ են ուզում դնել մեր գլխի տակ։ Մեջբերում եմ Շավարշ Քոչարյանին․
«Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք՝ կա այսպես ասած՝ հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած՝ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր»:Սա արդեն բացարձակ խայտառակություն է, երբ ՀՀ փոխարտգործնախարարը շա՜տ զգուշորեն փորձում է բացատրել, թե ինչու մենք պետք է հանդուրժենք ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին։ Տեսեք-տեսեք, Ադրբեջանի հասարակությանը համոզելու համար է։ Բո որ չհամոզվե՞ց․․․
Մի իշխանությունները հասկանո՞ւմ են արդյոք, որ այս փուլում այլևս անհանր է որևէ տարածք վերադարձնել, որովհետև դա դիտարկվելու է որպես թուլություն։ Մեր իշխանությունները հասկանո՞ւմ են, որ Հայաստանում չի եղել դեռ այնպիսի իշխանություն, որը կկարողանար հող հանձնել ու մարսել այդ իրողությունը, որովհետև հենց հաջորդ օրը նույն այն ժողովուրդը, որ միահամուռ առաջին գիծ էր մեկնելու, սկսելու է արդեն Երևանում պատասխան պահանջել նրանց բոլոր մեղքերի ու բացթողումների համար։ Պատրա՞ստ են այդ պատասխանը տալուն։ Ոչ ոք չի կարող պատրաստ լինել, առավել ևս, երբ ամեն ինչ արել են մինչև այդ, երկիրը թուլացնելու համար։
Մեր իշխանությունները ու դիվանագետները (այդ թվում Շավարշը) պետք է հասկանան, որ 4-օրյա պատերազմը փոխել է իրավիճակ, ու կարելի է մեկընդմիշտ մոռանալ մեր զինվորներին գլխատող զինվոր ունեցող պետությանը տարածքներ զիջելու մասին։ Չի կարող նման բան լինել, որովհետև առանց այդ պետությանը պարտության մատնելու, ցանկացած տարածքային զիջում չի հանգեցնելու խաղաղության։ Միակ բանը, որին այն հանգեցնելու է՝ նոր պատերազմն է, որը հակառակորդը սկելու է ավելի հարմար բնագծերից ու ավելի բարձր մարտական ոգով։
Ցանկացած զիջում դավաճանություն է։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/04/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել