<<Ֆաշիստական բորենիները>> վերնագրված պլակատը Սարյանը նկարել է պատերազմի առաջին օրերին: Ընդ որում, դա նկարչի ստեղծած միակ պլակատն է` Եվրոպայի քարտեզը հոշոտող բորենիներ:


 1941-45 թվականներին Մարտիրոս Սարյանի համար ստեղծագործական բեղուն տարիներ են եղել, շատ է աշխատել: Ավելին, նաև սփոփվել է աշխատանքով:

<Նկարչի կյանքից>>
     Աշխարհակուլ պատերազմը շատ մերձ էր Սարյանների ընտանիքին: Նրանց կրտսեր որդին` Ղազարոսը, արդեն բանակում էր, ծառայում էր Լվովի մերձակայքում  և միանգամից հայտնվել էր պատերազմի թեժ գծում, հակաօդային-զենիթային գումարտակում, ծանր մարտերի ու շրջափատման մեջ:
   Կրտսեր Սարյանից ընտանիքը ամիսներ շարունակ լուր չուներ. մարտի դաշտից առաջին նամակը Երևան է հասնում 1942 թվականի հունվարին: Հոկտեմբերի 16-ին թվագրված նամակով հոգատար ու անհանգիստ հայրը ուշացումով շնորհավորում է որդուն: Սեպտեմբերի 30-ին լրացել էր նրա 22 տարին:
 

Երկրորդ փորձությունը տևեց ևս հինգ ամիս: Մարտիրոս Սարյանը կյանքում առաջին անգամ մորուք է թողնում, այնքան ժամանակ, մինչև որդուց լուր կստանա.<< Այսօր ստացա քո փոքրիկ նամակը:… Քեզ շատ եմ կարոտել: Շուտով չորս տարին կլրանա , ինչ մենք իրար չենք տեսել: Ես, իհարկե, այս ընթացքում իմ կամքից անկախ հասցրել եմ ծերանալ…>>:
    Այս ծանր տարիներին Սարյանը ստեղծել է արժեքավոր գործեր, հինգ տարվա ընթացքում անհավատալի թվով` 322 աշխատանք, որոնցից 139-ը` գեղանկար գործեր:
   Սարյանի ստեղծագործության գլխավոր խնդիրը պատերազմի տարիներին ևս մնում է կյանքի գեղեցկության պատկերումը` բնություն, մրգեր, ծաղիկներ և առավել ևս մարդիք : Կյանքը, մանավանդ պատերազմի ժամանակ, նախ և առաջ արժևորվում է մարդկանցով: Եվ Սարյանը կերտում է իր ժամանակակիցների դիմանկարների մի պատկառելի պատկերասրահ: Նրանցից շատ-շատերին մենք մինչև այսօր մտապահվում են Սարյանի վրձնած պատկերով. Հովսեփ Օրբելի, Ալեքսանդր Սպենդիարյան, Հրաչյա Աճառյանի, Ծովակալ Իսակով, Նելսոն Ստեփանյան, Վաղարշ Վաղարշյան,,Պավել Լիսիցյան,Մարիետա Շահինյան,Սուրեն Քոչարյան ,Ստեփան Զորյան, Կարո Հալաբյան, Հովհաննես Շիրազ և ուրիշներ: Ճարտարապետների միության խնդրանքով Սարյանը կրկնեց ու նորովի մեկնաբանեց Ալեքսանդր Թամանյանի և Թորոս Թորամանյանի կերպարները:
Պատերազմի տարիներին Սարյանը շատ է նկարել ծաղիկներ, Հայաստանի բնապատկերներ. <<Զորավոր և ծաղկած ծիրանենի>>, <<Սևան>>, <<Բասարգեչար>>, <<Շամշադին>>, <<Գառնի>>:
1941 թվականին Սարյանը ստեղծում է մի զարմանալի կտավ` <<Նկարչի կյանքից>> խորագրով : Նրան հաջողվել է մեկ կտավի վրա ներդաշնակորեն պատկերել ներկան ու ցանկալի ապագան. Լուսիկ Սարյանի ձեռքի սովորական դեղձը հայելային մոգական ձևափոխման արդյունքում վերածվում է զինվոր որդուց սպացված ցանկալի նամակի: Այդ մեկ հատիկ նամակից է կախված Սարյան ընտանիքի երջանկությունը:

Եվ ահա , երբ ուրախալի լուրը հասնում է տուն, որ Ղազարոսը ողջ առողջ է, Սարյանը վրձնում է 1942 թվականի գարունը: Դեռ քանի գարուն հետո պետք է ավարտվեր պատերազմը, բայց նկարիչը գիտեր արժեվորել ճշմարիտ երջանկության պահերը և մոլեգին նկարում է գարունը, ծաղկած այգին, վարդերը և իր շատ ու շատ սիրելի կնոջը` Լուսիկին:
1943 թվականին Սարյանը ստեղծեց  <<Ինքնադիմանկար: Երեք հասակ>> գլուխգործոցը: Վերացական բնանկարի խորքում պատկերված է նկարչի տունը: Հորիզոնում` Արարատի ձյունածածկ գագաթն է: Տուն, Հայրենիք, Արարատ …ահա այս ամենի համար արժե ապրել, կռվել, մաքառել և արվեստագետը ոգեկոչում է իր երեք հասակները պաշտպանելու հայրենյաց հողը թշնամու ոտնձգություններից: Նա էլ  է երկրի զինվոր և պայքարում է իր արվեստով` ձեռքին մատիտ, վրձին և ներկապնակ:
 

Պատերազմի դաժան  իրականության արձագանքները կարելի է գտնել Սարյանի գրաֆիկական աշխատանքներում, որտեղ նա պատկերում է  Արզնիի ռազմական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներին և բուժքույրերին, Ստալինգրադի ավերակները, Կիևի ծխացող կիսաքանդ շենքերն ու անճանաչելի դարձած Կրեշչատիկը, Մոսկվայի կամ Կիևի կառամատույցներում խռնված մարդկանց և զինվորականներին:

Պատերազմի ավարտին Վարպետը Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայ զինվորներին է նվիրում բազմաթիվ ծաղկեփնջերից բաղկացած իր ամենամեծ նատյուրմորտը. հազարավոր ծաղիկներ, հազարավոր ճակատագրեր …




Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի տեղակացմամբ, մայիսի սկզբին, թանգարանում կբացվի  Հաղթանակի 65- ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացվելու են Վարպետի 10 գեղանկար և 30 գրաֆիկական աշխատանք և <<Ազգային  զորամասերի լեռնային երթը>> մեծադիր պաննոն:
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Սկիզբը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել