Գնահատել՝ նշանակում է արարել,- լսեցե՛ք, արարողներ:
Գնահատել, ահա գանձն ու գոհարը բոլոր գնահատված իրերի:
Ֆրիդրիխ Նիցշե
Այս կարճ հետազոտությամբ ուզում եմ մի թերըմբռնում լուսաբանել: Մեծ փիլիսոփայից վերցրած բնաբանները հայտնում են միտքս: Մենք ե՞րբ կկարողանանք գնահատել իրար: Գնահատել մարդկանց, իրերը և երևույթները: Հայ հանրույթը որևէ բան տեսնելու ու գնահատելու, մանավանդ` չնախանձելու կարությամբ չի փայլում. – ավելի ճշգրիտ՝ գնահատման էթիկայի մի ետնախորշում ենք մենք: Իսկ հիմա՝ անցնեմ նյութին:
Ընկերներս կհիշեն իմ մի գրությունը. գրեթե երկու տարի առաջ էր. «ԳԼԽԱՎՈՐ ԽԵՂՈՒՄԸ ՄԵՐ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ կամ ՆԵՐԻՐ ԱՅՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ». https://goo.gl/Lh8Ycy
 
 Խնդիր էի դրել՝ գնահատել այս գործչի դերը մեր նորագույն պատմության մեջ: Այդ դերը շատ բարձր ու գնահատելի տեսա: Ահա հատվածներ գրությունից.
«Ինչո՞ւ հայ ժողովուրդը չճանաչեց Պարույր Հայրիկյանի բարձր իրավունքը՝ կառավարել իրեն, կառավարել նոր ստեղծվող անկախ պետականությունը»:
«Եթե այս մարդը մենակ էլ կանգնի Ազատության հրապարակի հարթակին, առանց որևէ աջակցի, նա այդպես ՄԵՆԱԿ էլ պատմական և նույնքան այժմեական արժեք է՝ որպես ինքնորոշված հայ ժողովրդի առաջնորդ և իրական հիմնադիր Երրորդ հանրապետության»: Ավելին չես ասի: Ամեն հանրություն պիտի ընդունի իր պատմական որևէ մեղք՝ ապաքինվելու համար. այդպես մտածեցի:
Միևնույն ժամանակ, այդ հրապարակման մեջ, մեր բազմաթիվ աշխատանքներում, Հայրիկյանի հետ միակ հանդիպման ժամանակ նույնպես. երկու խոսքով ընդամենը՝ մենք առաջ էինք քաշում երկրի զարգացման ավելի խոր ելակետ՝ այն է՝ ժողովրդավարությունն այլընտրանք չունի, բայց այն միայն միջոց է, գործիքների և կառավարման ձևերի կազմ և ոչ պետության բովանդակություն. վերջինս պետք է հենվի մշակույթի և պետականաստեղծ փիլիսոփայության վրա, գիտական հենքի վրա:
Ժողովրդավարությամբ մենք կարող ենք իրավական պետություն ստեղծել, նախագահ ու խորհրդարան ընտրել, կառավարվել, բայց քվեաթերթիկով մենք չենք կարող ընտրել կրթություն մեր երեխայի համար: Եվ բժշկություն` մեր հիվանդի համար: Կամ մշակութային միջավայր՝ համայնքի համար: Առողջ ապրելակերպ՝ մեր ընտանիքի համար: Առողջ տնտեսական համակարգ` մեր գործարարի, գյուղացու և բանվորի համար: Խնդիրն այն է, որ պետական լծակներն անմիջական ազդեցություն ունեն այս և մյուս բնագավառների վրա: Որևէ երկիր ու ազգ իր ուղին որոշելիս ոչ միայն ժողովրդավարություն է ընտրում, այլև քաղաքակրթություն:
Ժամանակակակից արևմտյան քաղաքակրթությունից, եվրոպական ընտանիքից մենք կվերցնենք շատ բան, շատ պատրաստի համակարգեր, բայց ոչ ամեն ինչ: Հայկական պետությունը պետք է անցնի մի տևական և բովանդակալից ճանապարհ՝ համամարդկային և ազգային մշակութային արժեհամակարգերի սինթեզը իրականացնելու համար: Ոչ պատճենահանման ջանք, այլ լիարժեք մշակութային երկխոսություն աշխարհի հետ. այսպե՜ս միայն մենք կգրավենք մեր տեղը ներկա աշխարհակարգում: Այս ելակետը մենք հաստատել ու հիմնավորել ենք տասնյակ գրքերով և գիտական հոդվածներով:
Վերը հիշված գրությամբ կոչել էինք Հայրիկյանին՝ մասնակցել այս նոր շինարարությանը: Իր վաստակի գնահատանքով: Ահա՝ «Հայք Պետության գաղափարախոսությունը իրականություն կդառնա նաև Ազգային Ինքնորոշում-Անկախություն արժեհամակարգի հիմքի վրա, և դրանով Պարույր Հայրիկյանը կարող է դառնալ Հայք Պետության հիմնադիրներից մեկը»(խմբագրված է): Իհարկե, սա գործչից կպահանջեր նոր աշխարհայացքային հարթակ տեղափոխվելու ճիգ գործադրել: Կամ առնվազն ընդունել ինչ-որ նոր գաղափարի գոյության իրավունքը: Նրան լուր էինք տարել, կարծում ենք՝ ավելի բարձր մի տեղից, քան իր քաղաքական հետագիծն էր:
Հայրիկյանը չարձագանքեց: Ապա և սառեցրեց մեր շփումները: Ինչ կա որ կա, մարդուն հանգիստ թողեցինք. նա ունի իր ոլորտը, արժեհամակարգը, ԱԻՄ-ը… Նա որոշեց մնալ սեփական բովանդակության սահմաններում: Դա իր իրավունքն էր: Ըմբռնեցինք ու հարգեցինք այդ իրավունքը:
Փաստորեն, Հայրիկյանին` մեր թիվ մեկ քաղաքական գործչին, դրանով՝ երկրի ապագայի պատասխանատուներից մեկին, ասել էինք, որ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվող միջոցից վեր ԲԱՆ կա, մի նպատակ կա՝ ՄՇԱԿՈՒՅԹ-ՔԱՂՔԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, որով կորոշվի մեր երկրի ապագան: Հասկանում էի, որ սա փորձություն է գործչի համար ՝ ճանաչել մի բան, որը փիլիսոփայորեն ՎԵՐ Է իր դավանած արժեհամակարգից: Բայց հավատացած էի, հիմա էլ հավատացած եմ, որ Հայրիկյան-մարդը ի զորու է նոր գաղափարների ընկալման: Միգուցե սխալվում եմ: Փաստն այն է սակայն, որ Հայրիկյանն էլ, ինչպես մեր երկիրը, չճանաչեց երկրին բերված մի նոր արժեք: Ավելի ճշգրիտ՝ որևէ ջանք ու հետաքրքրություն էլ ցույց չտվեց: Եվ հեռացավ:
Երկու խոսքով փորձեմ ավելի առարկայորեն ներկայացնել խնդրո էությունը  հենց այս գործչի համար: Ասենք՝ անցնում է մի 5-6 տարի, Հայրիկյանի նորածիլ թոռնիկը  (ինչքան հասկացա՝ ընտանիքը դրսում է) –պետք է գնա հայ դպրոցի առաջին դասարան: Գուցեև Հայաստանում: Խնդրում եմ Հայրիկյանին վերցնել Մայրենիի I-IV դասարանների դասագրքերը և մի լավ նայել: Նայեցի՞ք: Դրանք չեն արտահայտում մեր մշակույթի և լեզվի ներուժը, հակառակը՝ դրանք հաստատում են մեր լեզվական և մտածողական խեղճությունը: Այստեղից են բխում մեր մնացած խեղումները: Եվ առաջին հերթին՝ մեր պետական շինարարության անփառունակ վիճակը: Կրթությունից է սկսվում որևէ երկրի վերելք: Եվ ո´չ մի ժողովրդավարություն, ո´չ մի նոր ընտրված վերնախավ չի շտկի վիճակը, եթե չլինի երկրի ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ փիլիսոփայություն: Աշխարհայացքի ու Գիտակցության ՆՈՐ հարթակ: Սա է խնդրի էությունը:
Այդպես էլ մեզանից յուրաքանչյուրը կգնար իր ճանապարհով, սակայն պատահեց մի դիպված…
Մի գրություն էի դրել ֆեյսբուքում (այժմ հեռացված է)՝ հասցեագրած այս օրերի ֆեյսբուքյան արմատական ընդդիմությանը: Իմ մի քանի ընկերներին: Առիթը՝ «Լրագիր» ռեսուրսի մի հոդվածն էր՝ «Այսպիսով Հայաստանում ընդդիմությունն ավարտվեց» Մասնավորապես ասել էի՝ «Հայաստանում կա ՄԵԿ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ - Մշակույթը և նրա կրողները: Եվ ազգի բնիկ էթիկան - անկյուն քշված և երբեմն արթնացող: Մշակույթը քաղաքականապես չի ակտուալանում, որովհետև հանրային պահանջ չկա: Նրա կրողները քիչ են, բայց գիտեն իրենց գործը»:
Ոչ մի կոնկրետ քաղաքական ուժի մասին չէի գրել: ԱԻՄ-ի մասին էլ խոսք չկար: Հետևեց մի աիմականի քոմենտը՝ Հայրիկյանի՝ նույն օրը արված գրության մեջբերումով. https://www.facebook.com/paruyr.hay...: Ահա հատված. «Միայն ԱԻՄ-ը բաւական էր, որ դուք ընդդիմութեան մասին տարբերակուած խօսէիք, բայց եթէ ձեզ յանձնարարուած է միատեղել բոլորին, ուրիշ բան հո չեք կարող անել․․․ Խեղճ եք։ Ծառայեք, ծառայեք, իշխանութեանն ու նրա պուտինեան տէրերին։ Ամբողջ կայսրութեան համար ահ ու սարսափ ԱԻՄ-ը չկայ, նրա սահմանադրական այլընտրանքը չկար, նրա եւրոպական կողմնորոշումը չկար, նրա անցած եւ ձերը դարձած ճանապարհն էլ չկայ ու գաղափարական հողի վրայ կայացած մահափորձն էլ չի եղել։ Դէ, ինքն իր վրայ է կրակել․․․Ձեր նմաններին քառասուն տարի առաջ եմ տեսել։ Կարծում եք չե՞նք հասկանում ձեր հացկատակային խաղերը»։
Այսպես: Թե ո՞վ է եղել Հայրիկյանի հասցեատերը, գուցե և նվաստ անձս - չգիտեմ, բայց նրա հավատարիմ զինակիցը ինձ էլ այս տեքստի հասցեատեր դիտեց: Այդ մարդուն փոստով գրեցի՝ լավ չարեցիք, ինչին պատասխանեց. «Ես Ձեր մասին այլ կարծիք ունեի»: Հա՛… Սովետի ժամանակներից գիտենք, թե «ներքևների» կարծիքը որտեղից է գալիս – իհարկե՝ «վերևներից»: Իր կուսակցական լիդերի շունչը կար այդ նախադասության մեջ: Ինչևէ: Հայրիկյանը լիներ իմ տեղը՝ այդ մարդուն ի՞նչ կգրեր… Բայց նախընտրեցի չպատասխանել, այլ միայն հեռացնել ընկերներիս շարքից:
Հայրիկյանի մի երկու գրություն ևս նկատել էի՝ նույնպիսի շեշտադրումներով:
Պարույր Հայրիկյան: Կարիք կա, որ մի երկու բան տեղը բերեք: Հպարտանում եք Ձեր զոհաբերական անցյալով, գուլագը հաղթահարած Ձեր 17 տարով, ժողովրդավարության ուսմունքով, դասական քաղաքական գործչի կերպարով: Շատ լավ: Մենք էլ հպարտ ենք էս երկրի հոգևոր-մտավոր գուլագում անցկացրած 20 տարով, անդուլ պայքարով – Նոր Երկրի մանրակերտերի ստեղծման ու ներդրման համար, Հայք Պետության ստեղծման ուսմունքով, նրա Սահմանադրության նախագծով, մեր ճանապարհը սրբագործած զոհով: Դուք աշխարհի ձեռք բերած ու զարգացող մի արժեք –՝ ժողովրդավարությունը, ուզում եք դարձնել Հայաստանի սեփականությունը: Մենք աշխարհի ունեցածին բան ենք ավելացնում, Նոր Քաղաքակրթության ստեղծման մեջ Հայաստանի դիրքը հաստատում: Ձեր գործով Դուք մի անվիճելի պարույր եք մեր զարգացման ճանապարհին: Մենք զարգացման հաջորդ պարույրն եք, որ դեպի ապագա է միտված: Այդ երկու պարույրները վեճ չպետք է ունենան, այլ միայն փախադարձ գնահատանք: Մենք երկու տարի առաջ ԳԻՏԱԿԻՑ գնահատանքով ճանաչեցինք Ձեր տեղը, մեզ նախորդող՝ հանրային գիտակցության զարգացման աստիճանը, որպեսզի բարոյական իրավունք ունենայինք ՆՈՐ աստիճանի ծնունդը հռչակելու: Մինչդեռ Դուք խուսափեցիք Ձեզ բերված նորը ճանաչելուց: Դուք աշխարհին բողոքում եք, որ չեն ճանաչում Հայրիկյան-ԱԻՄ արժեհամակարգը: Բայց Դուք չուզեցաք ճանաչել «Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խմբի բերած արժեհամակարգը: Դուք ինչո՞վ եք տարբերվեցիք մյուս չգնահատողներից: Եվ որևէ բարձր իշխանավորից:
Պարույր Հայրիկյան: Ինչու՞ չհարգեցիք դրական չեզոքության իմ իրավունքը: Ես Ձեր առջև պարտականություն վերցրե՞լ եմ՝ «ընդդիմություն» բառն օգտագործելիս՝ անմիջապես վերապահում անել, որ խոսքը չի գնում ԱԻՄ-ի մասին: ԱԻՄ-ը մեր քաղաքական դաշտի սրբազնությունն է, որին պետք է պաշտե՞նք: Եթե այդպես չէ՝ ինչո՞ւ իմ ստատուսի տակ այդ հայհոյական տեքստը հայտնվեց: Եթե քննվում է որևէ քաղաքական ԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ, և նյութը չի պահանջում որևէ հիշատակում ԱԻՄ-Հայրիկյանի մասին` հո հեղինակը չի՞ կարող Հայրիկյանի «ահու» և արհեստականորեն այդ հիշատակումն անել: Ես հրաշալի հիշում եմ մի քանի հոդվածներիս ծնունդը, և մի անգամ գոնե աններդաշնության զգացում չեմ ունեցել:
Պարույր Հայրիկյան: Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդրով մի անհանգստացեք: Արևմուտքը մեզ կսովորեցնի ժողովրդավարություն – կանգնած հիվանդ ու սնանկ երկրի սնարին՝ մի ձեռքում պահած ֆինանսական ներարկիչը, մյուսում՝ վերնախավի նկատմամբ պատժամիջոցների ցանկը, մի գրպանում՝ Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում, մյուս գրպանում՝ ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման կնքվելիք համաձայնագիրը: Մեր և՜ վերնախավը, և՜ ժողովուրդը, ավաղ, միայն ճնշման տակ են գալու այս հանգրվանին: Ակնհայտ է՝ Արևմուտքը ճանաչում է Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս և պատրաստվում է նրան վերցնել իր զարգացման ծիրի մեջ: Ոչ որպես վասալ, այլ որպես մշակութային տերություն: Կասեի՝ մշակութային գերտերություն: Այնպես որ՝ մի մտահոգվեք:
Պարույր Հայրիկյան: Էս տեքստը անլիարժեք կլիներ, եթե անդրադարձ չլինի Ձեր անվերջ հղումներին՝ հայտնի գաղտնի ծառայության գոյությանը՝ երկրի որևէ վիճակ մեկնաբանելու համար: Եվ հընթացս Ձեր ընդդիմախոսներին տեղը դնելու համար – Ձեր պարզունակ ու հայտնի հարձակողական հնարքով, - իբր՝ պարզ չէ՞, թե ո՜վ եք, եթե ԱԻՄ-ի հետ չեք: Շա՞տ են գործակալները, խանգարու՞մ են ԱԻՄ-ի վերելքին, ով չի ճանաչում ԱԻՄ-ի դերը՝ գործակա՞լ է – խորհրդակցեք Ձեր ընկերներից Լեհ Վալենսայի հետ, նա լեհական անվտանգության հասարակ ու վճարովի գործակալ դուրս եկավ և Ձեզ մի խորհուրդ կտա. http://regnum.ru/news/polit/2081980.html
 
: Ես սրանով չուզեցա բնավ ասել ավելին, քան ասացի: Այս թեման մի լուծում ունի – ով կարող է՝ թող մի ԲԱՆ ՍՏԵՂԾԻ կամ ճշմարտության մի պտղունց ավելացնի մեր կյանքին, մեր ազատագրությանը: Իսկ մեծ հաշվով՝ ժողովուրդը բնազդի աչքերով կճանաչի բոլոր դիմակները…
Պարույր Հայրիկյան: Վերը հիշված ֆեյսբուքյան գրության մեջ Դուք գրում եք.
«Ամեն ոք գիտէ, որ եթէ հստակ ու որոշակի է իշխանութիւնը, նոյնը չի կարելի ասել ընդդիմութեան մասին։ Այն եւ բազմագոյն է եւ բազմաբեւեռ»։
Մի անգամ էլ կրկնենք՝ մեր ընդդիմությունը «բազմագույն է և բազմաբևեռ»: Չէ, էս մի բանը չէինք իմացել: Ախր, սա սխալ կարծիք է: Ժողովրդին ապակողմնորոշող կարծիք է: Հասկանում եմ դասական քաղաքական գործչի իղձը՝ բազմակուսակցական համակարգը իրականություն տեսնել: Բայց այն Հայաստանում չի կայացել: Մի հայացք գցեք ու հատ-հատ նայեք բոլորին: Եվ թույլ տվեք – օգտագործենք «հաճախորդ» եզրույթը, որի հեղինակը երկրի ներկա կառավարիչն է: Հները կամ իշխանության, կամ իշխանամերձ դրամատիրության «հաճախորդներն» են, էն մյուսը վճռական ժամին «հաճախորդացավ» - տիզբոնյան հեռուներում, նորածին կուսակցություններն էլ իշխանությանը համոզում են, որ իրենք ընտիր թեկնածուներ են այդ «կոչման» համար: Մնացած մի երկու-երեքը հայոց քաղաքական արևի տակ հայտնվել են օտար ուժային կենտրոնների նախագծերով: Ցույց տվեք այդ «բազմագոյն եւ բազմաբեւեռ» շարքից մեկին, որ հենվում է մեր միջին խավի կամ ազգային ինքնագիտակից դրամատիրության վրա։ Չկա այդպիսին: ԱԻ՞Մ-ը – եթե ասեք՝ այո, ապա կհավատամ Ձեզ: Բայց Ձեր՝ «բազմագոյն է եւ բազմաբեւեռ» բնորոշման համար ի՞նչ հիմք մնաց:
Եթե կուսակցական համակարգը «հաճախորդանում» է, ի՞նչ է՝ Հայաստանի ժողովուրդը պիտի հանձնվի՞ և հայիլ-մայիլ կտրած՝ նայի՞ կուսակցական լիդերների երեսին: Եվ դրանով տանուլ տա՞ և՜ 2017, և՜ 2018թ.թ. ընտրությունները… Այստեղ այլ համապարփակ ելք է պետք: Ժողովրդավարության շրջանակներում: Եվ ոչ «բազմագոյն է եւ բազմաբեւեռ» ընդդիմության միջոցով: Բայց այդ ելքի քննարկումը դուրս է այս գրության սահմաններից:
Պարույր Հայրիկյան: Ինչո՞ւ միացաք «Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խմբի շուրջը հյուսված պետական արգելապատնեշին (բլոկադա): Ձեր ձեռքին է տողերիս հեղինակի «Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ» աշխատութ:յունը` հրատ. 2000, 2007թ.թ., այլ աշխատություններ: Ինչո՞ւ Ձեր վերջին նախաձեռնության մեջ` հավաքելու երկրի մտավոր ներուժը` ճգնաժամային իրավիճակը քննարկելու համար, այդպես «անփութորեն» մոռացել եք հեղինակիս և նրա աշխատանքները: Գուցե դրանք թերություն ունե՞ն – ես ասեմ թերությունը, որ հոգս չքաշեք: Ես ընդունել էի Արևելքի Մեծ Ուսուցիչների տեսակետը, թե Ռուսաստանը աշխարհի հոգևոր սիրտն է, և այնտեղից է սկսվելու ներկա մարդկության վերածնությունը: Սակայն այս մարգարեությունը ցայսօր չի իրականանում, և պնդել դրա ճաշմարտացիության վրա` կնշանակեր ապակողմնորոշել հայ ժողովրդին, որին անհրաժեշտ է օր առաջ ձերբազատվել ռուս-կայսերական բռնազավթումից: Եթե ռուսների նոր սերունդը կազատվի ներկա վերնախավից և կստեղծի Նոր Ռուսաստան, ապա Հայաստանը կողջունի այդ ծնունդը :
Մեր աշխատանքներով եղել ենք ՀՀ երեք նախագահների քաղաքական-բովանդակային ընդդիմախոսը: Մի միացեք նրանց քաղաքականությանը: Մի փակեք Գիտության ճանապարհը:
Պարույր Հայրիկյան: Հայտնի է – եթե մարդկանց որևէ գաղափարական խումբ իրեն կատարելություն է համարում, ինքահիացքի մեջ՝ իրեն փակում է նոր ազդակների առջև, ճշմարտության վերին սահման է ճանաչում իր անսխալական առաջնորդին, ապա այդ խումբը – մենք լինենք, թե ԱԻՄ-Հայրիկյանը, թե այլ ոք` ի վերջո աղանդավորվում է և ներփակվում: Կոշտ ասացի, բայց եթե ասածիս մեջ մեկ տոկոս անգամ ճշմարտություն կա, ապա մտածելու բան ունենք: Նախ` ես, ապա` Դուք:
Եզրահանգումներ.
· Հայաստանում բազմակուսակցական համակարգը կայացած չէ, և երկիրը ժողովրդավարության հաստատման համար առայժմ բավարար ներուժ չունի: Աշխարհակարգի ընդհանուր վեկտորը դրական դեր է կատարելու, ժողովրդավարացման գործընթացը արագանալու է: Առաջին պլան են գալիս քաղաքացիական շարժումները– վկան՝ Բաղրամյանի մի քանի օրը և քաղաքացիական հասարակության շիվերը, նաև՝ երկրի ապագային միտված քաղաքակրթագիտական հետազոտությունները և ելքերը. – այս վերջիններին են պատկանում «Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խմբի հետազոտությունները` պետականաստեղծ աշխատանքի տարբեր ասպարեզներում:
· Մշակույթը և Գիտությունը քաղաքականապես դեռևս չեն ակտուալանում, որովհետև հանրային պահանջ չկա: Հասու կրողները քիչ են, բայց գիտեն իրենց գործը: Նրանք այս ժամին ստեղծում են մեր ապագայի երկիրը` առանց իշխանություն ունենալու: Պետության որակը փոխում է լավ թարգմանված վեպը: Լավ կրթական ձեռնարկը: Բնիկ արվեստի կենդանի օջախները: Կրթության ու առողջապահության նոր մանրակերտերը: Պատմաբանի Ճիշտ հայացքը անցյալին: Էկոլոգիական գիտակցության աճը: Քաղաքացիական ինքնագիտակցության աճը – ազատ կուսակցական կամ այլ ազդակներից: Սրանց հենված գործենք: Քաղաքական նորոգումը կհետևի այս գործընթացներին:
· ԱԻՄ-Հայրիկյան ֆենոմենին, բազմակուսակցական համակարգի չկայացման պայմաններում, դժվար կլինի ժողովրդավարության առաջապահի իր դերը կատարել՝ արդեն իսկ նշված պատճառներով: Իշխանությունը և կոմպրադորական դրամատիրությունը «արևմտյան ժողովրդավարություն» խորշը կլցնեն հլու և նորաստեղծ կուսակցություններով,- արդեն իսկ լցնում են: ԱԻՄ-Հայրիկյանը կանգնած է նոր ուղիներ փնտրելու հրամայականի առջև:
· ԱԻՄ-Հայրիկյանի համար բաց է երկու դուռ. կամ ճանաչել հանրույթի քաղաքակրթական զարգացման մի նոր պարույր ու նոր ճանապարհ, կամ մնալ իր՝ պատմականորեն գրաված խորշում և շարունակել իր լուսավորչական դերը՝ «հաճախորդներով» բնակեցված մեր քաղաքական դաշտում՝ դառնալով այդ հետադիմական, իշխանական կամ օտար վերահսկման տակ գտնվող քաղաքական խճանկարի մի մասը: Ընտրությունը Հայրիկյանինն է. – առաջին ուղին ընտրելիս մենք պատրաստ ենք համագործակցության նրա և ԱԻՄ-ի հետ, երկրորդ ուղին ընտրելիս՝ նա կդադարի ներկայացնել որևէ քաղաքական հետաքրքրություն մեզ համար:
· Հայրիկյանի նախաձեռնության մասին` ստեղծել «Մտավորականների ֆորում» ձևաչափը և փնտրել ճգնաճամի հաղթահարման ուղիներ: Այսպիսի ձևաչափ մի անգամ եղել է և չի կայացել այն պարզ պատճառով, որ հայ հանրույթը և մտավոր դասը չեն ունեցել և չունեն ՊԵՏԱԿԱՆԱՍՏԵՂԾՄԱՆ փիլիսոփայություն և ավանդույթ, իսկ քաղաքական զրուցարանը չի կարող Աշխարհայացք ու Ծրագիր ձևավորել, թեկուզ և կլինեն բազմաթիվ դրական գտնումներ: Որպես օրենք, իրական կարող ուժերը քաղաքական զրուցարաններում չեն լինում, նրանք իրենց գործն են անում և գրեթե անհայտ են քաղաքականացված հանրությանը: Եթե Նախաձեռնությունը նպատակ դնի գտնել ու վերհանել այդպիսի որակներ, ապա դա կարող է լուրջ արդյունքներ տալ: Եթե Նախաձեռնությունը տողերիս հեղինակին առաջարկի անցկացնել մեկժամյա սեմինար` Նախաձեռնության կորիզի համար և 10-րոպեանոց ելույթ` ավելի լայն լսարանի համար` այլ ելույթների շարքում, ապա խոնարհաբար կգնահատեմ այդ քայլը:
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
7 մարտի -16 ապրիլի 2016թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել