Galatv.am-ը գրում է.

«Սառը պատերազմի ժամանակ պետության հզորության ցուցիչ էին ռազմական ուժը եւ տնտեսական ազդեցությունը»,-The Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է New America հետազոտական կենտրոնի նախագահ Էնն-Մարի Սլոթերը:

«Այսօր աշխարհում, որտեղ երկրներն ավելի ու ավելի են կախված միմյանցից, մի պետության կողմից մեկ այլ պետության հանդեպ ուժի կիրառումը գործնականում անհնար է եւ աներեւակայելի: Ոչ պակաս կարեւոր են փոխադարձ կապերը: Առավել մեծ քանակությամբ կապերի, ազդեցիկ եւ վերահսկող տեղեկատվական հոսքերի տիրապետող պետությունների համար ավելի դյուրին է աշխարհում ինչ-որ փոփոխությունների հասնել, քան նրանց, որոնք միայն հսկայական բանակ ունեն»,-կարծում է փորձագետը:

McKinsey ընկերության տվյալներով, աշխարհի ամենաինտեգրված երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը` միջազգային նավագնացության եւ ֆինանսական հոսքերի խաչմերուկում գտնվող ոչ այնքան մեծ, մատչելի եւ բաց տնտեսությամբ պետությունը:

«Հաջող ինտեգրման համար դեռեւս մեծ նշանակություն ունի էներգետիկան, սակայն հաջորդ տասնամյակում շատ ավելի կարեւոր կլինի համաշխարհային թվային հոսքերի վրա ազդեցությունը: Մենք կդառնանք ականատես բարդ գործիքների մշակման, որոնք թույլ կտան կիրառել թվային պատժամիջոցներ`կոնկրետ երկրների համար արգելափակելով կոմերցիայի, տեղեկատվության եւ ենթակառուցվածքների տեսակները»,-նշում է Սլոթերը:

«Ի դեպ, ինտեգրման տեսանկյունից օգտակար է դիտարկել Մեծ Բրիտանիայի`Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ վեճի օրինակը: McKinsey-ի ինդեքսը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակը ձեռնտու է 2 կողմերին էլ»:

«Ինտեգրումը հզորության կարեւոր բաղադրիչ է 21-րդ դարում, եւ եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, երկուսն էլ շատ բան կկորցնեն` եւ մայրցամաքը, եւ կղզին: Միավորված Եվրոպան հզոր է եւ առավել ամուր է կապված մնացյալ աշխարհի հետ»,-գրում է The Financial Times-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել