ՀԱՐՑ ԱՌ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ
Հարց
Սիրելի Հայր Սուրբ Komitas Vartabet Hovnanyan, դուք գրում եք՝ «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ»: Այսպիսի բան Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին չի ասում: Ես առանձին լինկով ներկայացրել եմ բնագիրը: Հայր Սուրբ, դուք չպատասխանեցիք իմ հարցին: Երբ ասում եք՝ «Քրիստոս ունի մի բնություն», իսկ ի՞նչ է այդ մեկ բնությունը՝ աստվածայի՞ն է, թե՞ մարդկային: Խնդրում եմ՝ պատասխանեք իմ հարցին ...
Պատասխան
Ազնվազարմ օրիորդ, ես ուրախ եմ և հպարտ, որ ձեր նման նվիրյալ և գիտակից հայուհիներ ունենք, որոնք ի գին ամեն ինչի պատրաստ են պահելու մեր ազգային և եկեղեցական արժեքները։ Իմ նշած «մի է բնություն բանին մարմնացելոյ»-ն չի վերաբերում, թե Հիսուսի բնությունը մեկ է, այլ ճիշտ հակառակը, որ նրա մեջ առկա երկու բնությունները մեկ են, մի անձ, մի դեմ, մի ներգործություն, որով մեր եկեղեցին, ընդունելով Հիսուսի երկու բնությունները՝ աստվածային և մարդկային, դրանք չի տարանջատում, ինչը կատարվեց Քաղկեդոնի ժողովով, որ եթե Քրիստոս ուտում էր, հուզվում, լացում (ինչպես Ղազարոսի մահվան առիթով) միայն մարդկային բնությամբ էր այն իրականացնում, առանց աստվածության, իսկ հրաշագործությունների ժամանակ՝ միայն աստվածային բնությամբ, մինչդեռ համաձայն Կյուրեղ Ալեքսանդրացու բանաձևումի՝ այդ երկու բնությունները գործում էին միասնաբար, ինչ որ նա կատարում էր, կատարում էր որպես մարդ կատարյալ և որպես Աստված կատարյալ։ Որով բնությունների նմանատիպ փոխհարաբերություններն էլ որոշեցին հայերեն դարձվածքը միաբնակներ, որոնք հավատում են, թե Քրիստոսի բնությունները՝ Աստվածային և մարդկային միասին են, իսկ մյուսները կոչվեցին երկաբնակներ, որոնք, Քրիստոսի բնությունները տարանջատելով, ձևավորել էին նրանում երկու անձ, երկու դեմ և երկու ներգործություն բանաձևը։ Մեր եկեղեցում առկա է նաև «ըստ կազմության երկու բնություն, ըստ միության մեկ բնություն» ձևը։ Կարծում եմ՝ հարյուրամյակներ տևած բանավեճը մի քանի տողերի մեջ կարողացա լուսաբանել՝ հստակեցնելու համար մեր դավանանքը։ Եվ մեկ խնդրանք, երբեք պիտի ուզենայի իմ որևէ գաղափար, միտք, մտածում մեր եղբայրների մեջ պառակտման կամ վիրավորանքի տեղիք տար։ Եթե ես գործից հետո, որ աշխատում եմ մինչև գիշերը 11-12 տուն գալուց հետո փորձում եմ օգտակար լինելու համար աշխատել մինչև առավոտյան ժամը 2-3, անում եմ միայն ձեզ համար, իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ։ Չեմ ուզենա այդ հոգնածության մեջ ձեր իրար նկատմամբ ատելության որևէ արտահայտություն կարդալ, այլ նույնիսկ տարակարծությունը լինի սիրով շարադրված և ոչ ատելությամբ։ Իրար սիրելով է որ մենք՝ հայերս, պիտի զորանանք, քանզի սերն է շաղախը միասնականության առ Ազգդ, Հայրենիքդ և Եկեղեցիդ։
Մնամ միշտ ձեզ համար և հանուր աշխարհի հայության համար անդադրուն աղոթող:
Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել