Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկատվություն տարածեցին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ադրբեջանական կողմում հայտնաբերված հայ զինծառայողի մարմինը ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ին, հանձնվելու է հայկական կողմին: Ու, չնայած երեկ մեզ հետ զրույցում ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը պնդում էր, թե այդ հարցով որևէ նորություն չկա, այսօր այլ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը: Քոչարյանը միևնույն ժամանակ ասել է, թե չի կարող նշել`արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է, քանի որ ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Քիչ առաջ մեզ հետ զրույցում Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը, փոխանցեց, որ Արգիշտիի հորը՝ Արցախում պայմանագրային զինծառայող, ազատամարտիկ Արծվի Գաբոյանին կանչել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ: «Երեք եղբայրներով հիմա Թալիշից եկել ենք Ստեփանակերտ ու Կարմիր խաչի գրասենյակում սպասում ենք: Մեզ կանչել ենք այստեղ՝ Ադրբեջանի կողմից փոխանցվող դին ճանաչելու»,- ասաց Սեյրան Գաբոյանը: Հիշեցնենք, որ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին վաշտի հրամանատար, կապիտան Արգիշտի Գաբոյանը Թալիշի դիրքերում էր եղել: Հրադադարի պայմանավորվածությունից հետո մինչ այսօր, նրա ընտանիքի անդամները նրանից ոչ մի լուր չունեն: Եվ, քանի որ ադրբեջանական կողմը վերջերս հայտնել էր իր մոտ գտնվող մեկ հայ զինծառայողի դիակի մասին, ուստի ենթադրվում է, որ խոսքը Արգիշտիի մասին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել