ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Էլի կռվելու եմ…

Ես Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղից եմ: Հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, հիմա ծառայում է սահմանային զորամասում: Աչքս բացել եմ ու շուրջս համազգեստով մարդիկ եմ տեսել: Մեր տանը ամենից հաճախ հնչող բառերն էին՝ սահման, զինվոր, զենք, բանակ… Ես ծնողներիս միակ արու զավակն եմ… Հայրս շատ էր հպարտանում իր համազգեստով: Ու համազգեստ կրելը մկրտվելու պես բան էր ինձ համար: Ես այնքան հպարտ էի, որ, չնայած մորս տրտունջներին, հայրս ինձ անվտանգ զորամասում տեղավորելու փորձ անգամ չարեց, ու ես ծառայության անցա երկրիս ամենաթեժ կետերից մեկում: Տասը ամիս հակառակորդի կրակի տակ դիրք ենք պահել տղերքով, դիվերսիաներ ենք ետ մղել:

…Դիրքի ավագը ես էի: Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի. մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի, տեսա ական է: Ձեռքով փորելով՝ էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ ապրումներ է ունենում մարդը, երբ պառկած է ականների մեջ, ու իր երիտասարդ հրամանատարը մտնում է ականապատված դաշտ, որ փրկի կյանքդ: Նա հասավ ինձ, կապեց ոտքերս, հետո ինձ շալակն առավ, ու միասին դուրս եկանք մահվան աքցանից:

Մնացածը՝ գիտեք: Ես տարակուսանք եմ նկատում մարդկանց աչքերում, երբ ժպտում եմ, խոսում, ծիծաղում: Ես պատրաստ եմ եղել կյանքս տալ հայրենիքի համար, ես պատրաստ եմ եղել ամեն զոհողության, միայն թե՝ թշնամին չմտնի մեր հողը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունն ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց. «Ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես»: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունը: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայրի զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ ինձ: Էլի սահման եմ գնալու, էլի կռվելու եմ թուրքի դեմ, էլի կրակելու եմ թուրքի վրա, եթե հանդգնի դուրս գալ իր բնից:

Դավիթ Գրիգորյան

շարքային

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել