Ռուսաստանի արևելասիբիրյան անսպառ հարստությունների վրա բոլորն աչք ունեն: Աշխարհի այսօրվա հզորները երազում են ռուսաստանը վերածել իրենց հումքային կցուկի: Այդ նպատակին նրանք փորձում են հասնել ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունների նվազեցման, նրա նշանակության չեզոքացման, վերջապես, նրա մասնատման միջոցով:

Չինացիները այդ տարածքներին տիրանալու ամենաարդյունավետ միջոցն են ընտրել: Նրանք դա անում են աննկատ. ֆինանսական ներդրումների, տարաբնույթ համատեղ ծրագրերի և ամենակարևորը՝ իրենց օգտին բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության միջոցով: Արևմուտքներն, այդ նույն նպատակին հասնելու համար, օգտագործում են իրենց զինանոցում եղած բոլոր հայտնի տեխնոլոգիաները՝ միջազգային կորպորացիաների հնարավորություններից սկսած, տարաբնույթ գաղափարների միջոցով Ռուսաստանը մասնատելու հնարքներով վերջացրած:

Ռուսաստանի համար այդ գաղափարներից ամենավտանգավորների թվին է դասվում պանթուրանիզմը, մանավանդ, որ թե՛ ռուսաստանի ներսում և թե՛ նրանից դուրս կան ուժեր, որոնք այդ գաղափարի հետևորդներն են, և իրենք էլ ռուսիո բնական հարստություններին տիրանալուն դեմ չեն: Մանավանդ, որ անդրուրալյան այդ տարածքները նրանք համարում են իրենց նախաստեղծ հայրենիք:
Բոլոր թրքալեզուները, որոնց այսօր բարձրաձայն գլխավորում է Թուրքիան, փայփայում են մեծ թուրանի գաղափարը, որն արտահայտվում է լեզվական, ազգային, մշակութային ընդհանրություններին վերաբերվող տարաբնույթ միջոցառումներով: Արդյունքում ստեղծված է «turcsoy»՝ «թրքական ցեղ», միջազգային կազմակերպությունը, ձևավորված է թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհուրդը, աշխատում է թյուքական պետությունների պառլամենտական ասամբլեան, կազմավորված է թյուրքական ակադեմիան: Որպես միավորման առաջին քայլ՝ Թուրքիան ամեն կերպ ձգտում է իր ազդեցությունը հաստատել անդրկովկասում, որից հետո «իրենով անել» նաև ողջ կովկասը, միակցվել միջինասիական թրքալեզուներին ու, կասպից ծովը դարձնելով թյուրքական ներքին ծով, առաջ շարժվել դեպի Ալթայ, Թաթարստան ու Յակուտյա: Այս ծրագրի իրագործման հավանականությունը բավականին մեծ է, քանզի նրա իրականացման ուղղակի կամ անուղղակի աջակիցն է արևմուտքը: Արևմուտքը, իր սովորության համաձայն, սրանց միջոցով կկազմաքանդի Ռուսաստանը, որից հետո բզիկ-բզիկ կանի հենց իրենց:

Այս ծրագրի իրագործման աստիճանը կախված է մեկ բանից: Ո՞ւմը կլինի Անդրկովկասը: Անդրկովկասի բանալին մեր ձեռքին է, այսինքն՝ մեր ձեռքին է նաև Ռուսաստանի ճակատագիրը, և կամա թե ակամա, մենք ենք որոշողը, ապրելու է Ռուսաստանը, թե՝ մեռնելու: Գիտակցո՞ւմ են արդյոք մեր և Ռուսաստանի գործիչները պահի կարևորությունը: Կարծում եմ՝ չեն գիտակցում:
(Շարունակելի)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել