Ծաղիկը տուն բերելով եւ ջրի մեջ դնելով՝ նրա խնամքը համարել ավարտված սխալ կլինի: Այն, ինչպես եւ սենյակային բույսերը, ամենօրյա խնամքի կարիք ունի:
Պետք է սկսել ծաղկամանի ճիշտ ընտրությունից: Վարդն ու մեխակը պետք է դնել հախճապակյա լայն ծաղկամանի մեջ, որ ցողունները իրար չխանգարեն: Երիցուկն ու գերբերան պետք է դնել երկար ծաղկամանի մեջ եւ ուշադրություն դարձնել ջրի պարունակությանը:
Գերբերաները, կալաները, կակաչները, որոնք ունեն նուրբ պոչեր, դնել քիչ` մոտ 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ եւ պոչերն ուղիղ կտրել. շատ ջրի դեպքում պոչերը կնեխեն:
Ավանդական տարբերակով կանայք ծաղկի տեսքը թարմ պահելու համար ջրի մեջ ավելացնում են շաքարավազ, ասպիրին, ածուխ, սպիրտ, բայց մարդկանց նման ծաղիկներն էլ են սիրում թարմ ջուր խմել, հետեւաբար` հարկ չկա ջրի մեջ հավելանյութեր ավելացնել:
Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի այն հատվածը, որը լինելու է ծաղկամանի մեջ, ազատել ավելորդ տերեւներից: Ամռանը ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղիկների պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:
Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները, վարդերի փշերը պետք չէ հեռացնել, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել