Մոտ 6-8 տարի առաջ Հայաստանում բլոգ-բում էր (իհարկե, Հայաստանի մասշտաբով ու internet-user-ների շրջանկում): Հենց այս շրջանակում գրում էին կամ #blog էին բացում (կամ գոնե ուզում բացել) գրեթե բոլորը: Բազմաթիվ հանդիպումներ էին անցկացվում, թե ինչպես ստեղծել բլոգ, գրել բլոգ ու նույնիսկ գումար աշխատել բլոգով: Այս ալիքը մի քանի տարվա ընթացքում մարեց: Բլոգերները քչացան կամ սկսեցին չգրել, #trend-ն ու տենդը անցավ:
Բլոգեր շարունակեցին պահել գրեթե միայն նրանք, ում համար դա հիմա արդեն ուղղակի աշխատանք է՝ աշխատավարձով: Կամ միայն նրանք, ովքեր ծառայում են այս կամ այն ուժի պրոպագանդային՝ կրկին աշխատավարձով: Ու ևս մի քանի տասնյակ գուցե էնտուզիաստներ կամ գրել սիրողներ: Բլոգերը կամ պոտենցիալ #blogger-ները անցան աշխատանքի ավելի մեծ լսարան ու ազդեցություն ունեցող մեդիաների համար: Դարձան աշխատավարձով աշխատողներ: #Blogging-ը որպես այդպիսին մահացավ ու կուլ գնաց ավելի մեծ մեդիաներին:
Սա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Բայց հիմնական պատճառն այն է, որ բլոգինգով գումար աշխատելը, այն էլ հայալեզու բովանդակությամբ անհնար է կամ գրեթե անհնար է: Սրանում, իհարկե, կա ճշմարտություն: Իսկապես բլոգինգով մեծ գումարներ չես աշխատի:
ԲԱՅՑ կան բլոգերներ (ոչ Հայաստանում կամ հայալեզու), որոնք ամսվա կտրվածքով աշխատում են մինչև 9000 դոլար: Իսկ այն բլոգերը, որտեղ ներդրում է արվել մինչև 2.5 միլիոն դոլար: Օրինակ #HuffingtonPost-ը:
Քանի որ այդ #blogboom-ի ժամանակ ես, գործընկերոջս հետ, անում էի Ինտերակտիվ հաղորդումը (որը այն ժամանակ միակն էր ու անկրկնելին, որ պատմում էր բլոգերի, բլոգերների ու առհասարակ #socialmedia-ի մասին), բոլոր նմանատիպ հանդիպումներին մասնակցում էի ու հիշում եմ, որ այն ժամանակ այդ գործի նվիրյալները ասում էին, որ դրանով փող չես աշխատի:
Բայց բլոգինգով հնարավոր է փող աշխատել, դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք նախ զուտ տեխնիկապես կարող են նպաստել գումար աշխատելուն: Մնում է միայն օգտագործել այդ գործիքները ու շատ ու լավ գրել: Գումար աշխատել գրելով ու չունենալով անմիջական կամ ոչ անմիջական ղեկավար: Գրել, լուսանկարել, տեսանկարել այն, ինչ ուզում ես:
Հիմա բլոգինգը մասնագիտության պես մի բան է (որը, ի դեպ, երբեք չի փոխարինելու ժուռնալիստիկային ու որևէ բլոգեր ժուռնալիստ չէ, եթե չի աշխատում որպես ժուռնալիստ), որն ունի իր կանոնները, իր նրբություններն ու աշխատաոճը: Բլոգինգով գումար աշխատելը նոր մասնագիտության պես մի բան է, որը կարելի է սովորել ու գոնե մի փոքր տաղանդ ունենալու դեպքում կիրառել:
Բլոգինգի տենդը անցավ, որովհետև շատերը չկարողացան դրանով գումար աշխատել: Մյուս պատճառն այն է, որ այն այնքան էլ ձեռնտու չէ մեծ լրատվամիջոցներին: Կան էլի պատճառներ, որոնք տվյալ պահին արդեն երկրորդական են, որովհետև, եթե ցանկանաք, ապա անպայման բլոգինգով գումար կաշխատեք: Իսկ թե ինչպես՝ շուտով կգրեմ:



