Փորձում եմ հաշիվ տալ ինքս ինձ, արարքներս փորձում եմ կանոնակարգել, որ այլևս փակուղին չալեկոծի արդեն փշրված հոգիս, բայց ապարդյուն: Ամենն այնքան է բարդ, այնքան է խորթ, այնքան է մոտ, շատ մոտ, ես անզոր եմ...
Սիրելիս, որտե՞ղ ենք մենք: Արդյոք չե՞նք շտապում, արդյոք մի պահ լռելու, չշարժվելու ժամանակը չէ՞, արդյոք մենք ա՞յս ենք երազել:
Այլևս ոչինչ չունեմ, նվիրել եմ քեզ հույզերս, հրճվանքս, կարոտներս, ինձ: Ու հիմա առանց քեզ չեմ կարող, այնքան արդեն քո մտքով եմ մտածում, այնքան արդեն քո շնչով եմ շնչում: Այլևս դադարս անիմաստ է, խոսքերն այնքան են ավելորդ, այնքան են պարզ, մեզ համար անսովոր, որ դրանք վանկարկել նույնն է թե ինքս ինձ խաբել: Սիրելիս, այլևս չեմ կարողանում արտաշնչել, երբ շունչդ չեմ զգում, այլևս չեմ կարողանում ինքս ինձ ազատել անանուն թախծից, երբ ինձ հետ չես, երբ ձեռքս սառչում է ափիդ կարոտից: Այլևս գոյս անիմաստ է, ստոր, նաիվ, խեղկատակ, երբ չես հիանում ներկայովս:
Ամենն անքան բարդ է ինձ համար դարձել, որ չեմ կարողանում ալիքին դիմանալ, ես խորտակվում եմ, սիրելիս` չխոստովանելով անկումս, մտքիս թերացումը:
Այնքան մոտ ես արդեն, ինչքան ինքս ինձ երբեք չեմ եղել, այնքան իմն ես արդեն, որ սպիտակից այլ երանգի սիրտս չի դիմանում, սիրտս լալիս է իմ ու քո կատարելության համար, իսկ իրականության մեջ կատարելությունը շատ է ծանր, որ համերաշխությունը դրան դիմանա:
Սիրելիս, չթողնես՝ վայր ընկնեմ, կփշրվեմ այլևս երբեք չշնչելու հաստատակամությամբ: Աշխարհներս քեզ եմ նվիրել, այնքան, այնքան եմ ինքս քեզ կապել, որ սկիզբս մոռացել եմ, մահացել եմ սիրուս անկյուններում, ու հիմա առանց քեզ թվում է թափանցիկ գոյությունս երբեք էլ չի եղել աշխարհի ափերին, երբեք էլ չի երգել, չի ժպտացել, չի երազել, ես անուժ եմ, երբ ակնթարթը կլանում է ինձ` ստիպելով զգալ իմ ու քո միջև տարածությունը, ժամանակը, միտքը...
Չեմ կարողանում այլևս հրճվել ինքս իմ ձեռքբերումներով, եթե դու դա չես տեսնում, եթե դու կողքիս չես, որ հիացմունքդ փռես ի տես բոլոր կույրերի, ու ինքս ճախրեմ իմ ու քո կատարելությունից:
Որտե՞ղ են մեղավորները, սիրելիս, ինչո՞ւ ենք դրանց փնտրում, չէ՞ որ երբ խնձորը կտրում ես, կարևոր չէ ում ափսեում, այն միևնույն է սևանում է:
Երբ կողքիս ես, մոռանում եմ ամենը, ամենը, ինչ կա աշխարհի երեսին, ամենը, ինչ ինքս հորինել եմ, կառուցել, ամենն, ինչ աչքերս տեսել են, շոշափել ձեռքերս, զգացել սիրտս: Երբ կողքիս ես, ոչինչ չունեմ, քան ամենն է, քան մեր կատարելությունն է` շողացող աչքերումդ:
Թվում է՝ հետապնդում ես ինձ, երբ կողքիս չես, ու անդադար փնտրում եմ ստվերդ, որ երբեք էլ չի հայտնվում` կոտրելով վերջին հույսերս:
Ես եմ սխալվում, թե այլևս չեմ ապրում, ես եմ կուրացել, թե այլևս չկա իմ պես մեկը առանց քո հայացքի, մտքի, ժպիտի, խենթացնող բույրի... Ես չեմ սխալվում, ես քո մեջ եմ, շունչ եմ առնում զարկերակիդ արագությունից, մարում, երբ հանգստությունդ օտարում ես իրականությանը ու հեռանում դրանից, ասես երբեք էլ չենք ունեցել մենք իրար, ասես երբեք էլ չենք խոստացել սիրել իրար, ասես ոչ մի անգամ ոչ մի արցունք չի գլորվել միմյանց համար..
Թեև ամենադժվարը լսելն է այն քննադատությունը, որ դեռևս չես խոստովանել ինքդ քեզ, ես փորձում եմ հասկանալ քայլերիս հերթականությունը, ես ձգտում եմ ամբողջացնել երկուսիս կատարելությունը, ուր երբեմն ցուրտ է լինում, երբ ես վերարկուս մոռանում եմ հագնել...
Երանի երբևէ լինես այնքան իմը, որքան ես այժմ ոչ մեկինն եմ բացի քեզանից, երանի երբևէ տեսնես, որ ոչինչ է ազատությունը, երբ չես կիսում մեկի հետ: Ամեն ակնթարթ ևս մեկ հնարավորություն է հիանալու այն կատարելությամբ, դեպի որը քայլում ենք, թեև երբեմն սահում են ոտքերս, թեև երբեմն արևը կուրացնում է աչքերդ, թեև մենք չգիտենք՝ երբ կհասնենք մեր այնքան երազած, հորինված ամբողջությանը...
Սիրտս ճեղքում է կուրծքս ու վազում դեպի քեզ, երբ վերջապես հավերժություն տևող բացակադ անէանում է հայացքիդ հանդիպելիս...
Առնելա Այվազյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել