Սերժ Սարգսյան, մի՞թե չեք տեսնում, թե որքան վտանգավոր չափերի է հասնում ձեր թիմակիցների դավադրությունն ընդդեմ Հայաստանի ու Արցախի....
Հայկական խորհրդարանական դիվանագիտության հերթական խայտառակությունը
Երեկ ԵԽԽՎ-ում, ինչպես տեսանք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի լիարժեք քննարկում տեղի չունեցավ: Տեղի ունեցավ իմիտացիա. հայկական կողմին, փուքսը թողնելու համար, թույլատրվեց երեք ելույթ ունենալ ու վերջ: Հիշեցնեմ, որ, օրինակ, 2008-ի մարտի 1-ից՝ վրաց-ռուսական 5-օրյա պատերազմից հետո, լիարժեք քննարկումներ տեղի ունեցան, ընդունվեցին բանաձևեր, նշանակվեցին զեկուցողներ, դատապարտվեց ագրեսիան կամ պետության քայլերը: ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան այս անգամ էլ մարսվեց-գնաց:
Մինչդեռ պետք է պատերազմի հումանիտար ասպեկտները (քաղաքացիական բնակչության, երեխաների, ծերերի, տարեց մարդկանց վիճակը պատերազմի օրերին) ուսումնասիրող զեկուցող նշանակվեր, ու այդ կապակցությամբ որոշում ընդունվեր: Նա պետք է այցելեր ԼՂՀ՝ Թալիշ, Մատաղիս, Սեյսուլան, Մարտակերտ, որոնք անպատկերացնելի տուժել են Ադրբեջանի ագրեսիայից: Պետք է այցելեին նաև Ադրբեջան, ու, ինչպես ռուս լրագրողներ էին բացահայտել, օրինակ, ամրագրեր, որ Ադրբեջանը միտումնավոր հրետանային համակարգերը տեղակայել է բնակավայրերի մոտ, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակից տուժի իր հասարակությունը: Այո, պետք էր հասնել նրան, որ ամրագրվի ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի զեկույցի խթանիչ նշանակությունը պատերազմի սանձազերծման գործում և այլն: Դե, պատերազմի հանցագործությունների ամրագրման մասին չասեմ. Թալիշի սահմռկեցուցիչ սպանությունները, զինվորների աճյունների խոշտանգումները, «Իսլամական պետությանը» բնորոշ անասնական դրսևորումները:
Սակայն, ինչպես տեսանք, տեղի ունեցավ գոլորշու արձակում իմիտացիոն քննարկման տեսքով: Թերևս, թեմայի մեջ էին ամբողջությամբ Սամվել Ֆարմանայանի ու Նաիրա Զոհրաբյանի ելույթները, մինչդեռ դրանք վերին աստիճանի անբավարար են: Իսկ Հերմինե Նաղդալյանը, հավատարիմ իր KGB-ական գործելաոճին (ի վերջո չմոռանանք, որ տղան սովորում էր Ռուսաստանի ազգային անվտանագության դպրոցում), կրկին շատ խորամանկորեն ռուսական քարոզչական թեզերը հնչեցրեց Թուրքիայի, «Իսլամական պետության», փախստականների ալիքի վերաբերյալ և ոչ մի խոսք Ադրբեջանի սպառազինվելու, զանգվածային ոչնչացման զենքեր օգտագործելու, ԵԱՀԿ մոնիթորինգի խմբի անհրաժեշտության, պատերազմի հետաքննության մասին:
Ու դրա մեղավորը ոչ միայն Ադրբեջանի լոբբիստ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդոն է, այլ նաև հայկական պատվիրակությունն՝ ի դեմս ղեկավար Հերմինե Նաղդալյանի: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար հետևանքներ հարուցող քննարակման ու բանաձևի ընդունումը կարևոր էր Ադրբեջանին զսպելու, միջազգային պատասխանատվության բերելու առումով, մեր զինվորների ու սահմանապահ քաղաքացիերի կյանքը փրկելու համար: Չարվեց:
Պեդրո Ագրամունդոն ու ադրբեջանական լոբինգի մյուս ներկայացուցիչները, ովքեր հանցակից էին Սարսանգի ջրամբարի զեկույցի ընդունման ու դրանով Ալիևի ձեռքերն ազատ արձակելու համար, ապահովագրեցին իրենց. ընդամենը մեկ ելույթ եղավ այդ կապակցությամբ, որին հանգիստ կարող են ասել, որ հայկական կողմի էմոցիոնալ գնահատականն է: Դրան էլ պատասխանեց Գանիրա Փաշաևան Ադրբեջանից ու պաշտպանության տակ առավ ԵԽԽՎ նախագահին:
Այդպիսով, ԵԽԽՎ հանցագործ նախագահին և իր հանցակիցներին փրկեցին իրենց դեմքը, Ալիևին ու ադրբեջանական պատվիրակությանը հայկական պատվիրակությանը թույլ տվեց իր դեմքը փրկել՝ մի քանի կարճ ելույթով: Հերմինե Նաղդալյանը փրկեց իր Ռուսաստանին, ով Ադրբեջանի հետ մեկտեղ շահագրգռված չի եղել ու չէ միջադեպերի հետաքննության հարցում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի նախահարձակության միջազգային ամրագրման հարցում: Մի խոսքով՝ և´ գայլերն են կուշտ, և´ ոչխարներն անվնաս....
Եվրոպական մի կարևորագույն կառույց, որը կարող էր, պետք էր, պարտավոր էր Ադրբեջանին ճաղավանդակների մեջ գցել, չարեց դա: Իսկ դրա համար պետք էր դիվանագիտական փոթորիկ սկսել հենց ապրիլի 2-ի առավոտից, ինչը չի արվել....Եթե հայկական պատվիրակությունը անճար ու անկարող էր սա անել, ուրեմն թող բարի լինի հրաժարական տալ: Եթե կարող էր անել ու չի արել, ուրեմն դավաճանության հետ գործ ունենք:
Սերժ Սարգսյան, միթե՞ չեք տեսնում, թե որքան վտանգավոր չափերի է հասնում ձեր թիմակիցների դավադրությունն ընդեմ Հայաստանի ու Արցախի....