Քառօրյա պատերազմից հետո Հայաստանը, Արցախը և Սփյուռքը անցած 20 տարին վերաիմաստավորելու խնդիր ունի: Հայ ազգը՝ Հայաստանում, Սփյուռքում, թե Արցախում ցույց տվեց, որ 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ, ներքին մեծագույն բարոյականություն ունեցող «ածու» ենք, որը, չնայած անցած 20 տարվա ամենօրյա սոցիալական անարդարություններին, վիրավորանքներին, թալանին ու չքավորությանը՝ պատրաստ է առաջին իսկ արտաքին վտանգի պարագայում համախմբվել: Ազատամարտիկը, ով Արցախյան առաջին պատերազմից հետո մեծ հաշվով մենակ էր մնացել ինքն իր բարոյական, հոգեբանական ու ֆիզիկական խնդիրների հետ, կրկին մեկնեց ճակատ՝ չնայած բազմաթիվ վիրավորումների, որ ստացել էր այս կամ այն տրամաչափի չինովնիկներից: Մեր 18-20 տարեկան երիտասարդները, սպայական կազմն իրենց արյունով, կյանքով ու առողջությամբ պահեցին Հող-Հայրենին, զոհվեցին, սակայն թշնամուն չթողեցին առաջ շարժվել մեր նվիրական երկրով: Դրա հետ միասին, պարզվեցին այն ահավոր, հանցավոր բացթողումները, եթե դրանց կարելի է բացթողում ասել, որ վերջին 20 տարիներին եղել են, այդ թվում և բանակաշինության ոլորտում:
Մեր ազգը կռվելով, մաքառելով ապացուցեց, որ Հողն իրենն է, այլ ոչ թե իրեն շահագործող, թալանող օլիգարխինը:
Հիմա շատ է խոսվում օլիգարխին հարստահարելու ու իր ունեցած գումարները բանակին ուղղելու մասին: Այն, որ բանակին պետք է արդիական զենք, խոստովանում են բոլորը: Նաև այն, որ օլիգարխիայի հարստահարած փողերով կարելի է մեծ քանակությամբ նորագույն զինտեխնիկա գնել, նույնպես փաստ է: Ուստի հետևությունը մեկն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: