
Tert.am-ը գրում է.
Հայաստանում տարեկան մոտավորապես 500-ի հասնող մագիստրոսական թեզի պաշտպանություններ են լինում հանրապետությունում, որից կարելի է ասել շուրջ 300-ն են միայն մտադիր համալրել կրթական և գիտական բազան. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Ըստ նրա, շուրջ 100-ը Իրանի քաղաքացիներն են, իսկ մյուս 100-ը՝ հանձնաժողովի նախագահը չի կարող հստակ ասել, թե ինչու են ուզում գիտական աստիճան ստանալ:
«Կարող է թվալ, որ 500-ը շատ է, բայց ընդհանուր այդ թվից եթե հանում ենք նրանց, որ պարզապես պաշտպանում են, չգիտեմ ինչի համար են պաշտպանում, հավանաբար, որ բանակից ազատվեն, նաև այդ թվում են մոտ 100 իրանցիները, այսինքն՝ մնում է մոտ 300-ը, որը բնավ էլ շատ չէ: Եթե մենք այսօր ունենք բուհեր որտեղ պետք է դասավանդեն, բնական է, որ անհրաժեշտություն կա գիտական աստիճանի վկայագրի և նրանք պետք է շարունակեն սերնդափոխությունը հենց միայն բուհերում»,-ասաց նա:
Լիլիթ Արզումանյանը նշեց, թե պաշտպանությանը զուգահեռ՝ դոկտորների թիվը չի մեծանում՝ տարեկան 40 հոգի, որոնք զբաղվում են բուն գիտությամբ:
ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը հայտարարեց, թե վերջին օրերի քրոնիկան բոլորին է պարտավորեցնում, որ ինքնամաքրվեն և հասարակության մեջ պետք է արժեքների վերանայում լինի:
«Բնական է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովը կրում է բոլոր նեգատիվ երևույթները, որ ունի հասարակությունն ընդհանրապես, իսկ համար մեկ նեգատիվ երևույթը ես կհամարեմ անբարեխղճությունը, կատարված աշխատանքի, սեփական գործի և պատասխանատվության բացակայություն»,-ասաց նա:
Լիլիթ Արզումանյանը միաժամանակ պնդեց, թե քայլեր արվել և արվում են՝ սխալներն ուղղելու և բարեփոխումներ իրականացնելու համար: Ըստ նրա, վերջին երկու տարիներին երկու անգամ կանոնակարգային փոփոխություններ են արվել, որի նպատակն էր հնարավորինս մեծացնել մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը:
Ըստ նրա՝ համաձայն կառուցվածքի՝ բուհն ունի 56 մասնագիտական խորհուրդ, որտեղ գնահատվում է գիտությունը, իսկ բոհը վարչական կառույց է, որը պետք է ստուգի մասնագիտական խորհուրդների աշխատանքը , հաստատի որոշումները և գիտական աստիճանի վկայագիր հանձնի: Այսինքն, ըստ նրա, հիմնական թերացումները հենց այս մասնագիտական խորհուրդներինն է:
ԲՈՀ նախագահը նշեց, թե վերջին 3 տարիներին ԲՈՀ–ում կատարվում է մանրակրկիտ աշխատանք, և թվերն արդեն, ըստ նրա, խոսուն են՝ մոտ 230 աշխատանք վերադարձվել են խորհուրդ կրկնաքննարկման:
«Միայն այս տարի հունվարից մինչև հիմա արդեն 26 աշխատանք վերդարձել ենք մասնագիտական խորհուրդներ, ինչը մեծ թիվ է և խոսում է թե՛ հայցորդների, և թե՛ մասնագիտական խորհուրդների շատ թերությունների մասին»,-ասաց նա և նշեց, թե դրան զուգահեռ, մի շարք փոփոխություններ են մտցրել կանոնակարգում:
«Հիմնականում նախ քվեարկությունն է խստացել,արդեն ներկաների երեք քառորդով պետք է քվեարկությունը հաստատվի: Բացի այդ, կա կետ, եթե երեք անգամ նույն տարվա մեջ մի մասնագիտական խորհրդի հետ է ուղարկվում որևէ աշխատանք, ուրեմն ուղարկողն իրավունք ունի վերակազմավորել այդ մասնագիտական խորհուրդը»,-ասաց նա և նշեց, թե արտագրությունն է հիմա շատ հայտնաբերվում, որի դեպքում միանգամից ԲՈՀ–ը կարող է մերժել և ընդունել միայն մեկ տարի հետո:
Անդրադառնալով նրան, որ 100 իրանցիներ դիմում են գիտական աստիճանի համար, Լիլիթ Արզումանյանը նշեց, թե մեծ թվով իրանցիների եկան ասպիրանտուրա, քանի որ դյուրացվել էին պայմանները:
«Հիմա հոսքը կտրվել է, և մենք կարծում ենք՝ այստեղ նաև մեր մեղքի բաժինն ունենք, որովհետև շատ անբարեխիղճ մոտեցանք, լեզվական խնդիր կար, որ չկարողացանք ապահովել, անբարեխիղճ գիտական ղեկավար են դառնում»,- ասաց նա:
Լիլիթ Արզումանյանը նշեց, թե չի կարելի միայն բացասականից խոսել, քանի որ փոփոխվելու միտումը շատ է և կան ասպիրանտներ, որոնք շատ լավ աշխատանքներ են ներկայացնում:
«Բայց այստեղ էլ խնդիր կա, պետք է այդ երիտասարդներին երկրում կարողանանք պահել, շատ դեպքում արդեն ծնողներ են գալիս վկայական ստանում, որովհետև արդեն նրանք հասցրել են լավ գործ գտնել արտասահմանում»,- ասաց նա: