Panarmenian.net-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 16-ին լրատվամիջոցներին ներկայացվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` ԼՂՀ տարածքի հարավ-արևելքում մոտ 1 կմ խորացած և հայկական կողմից խոցված ադրբեջանական ՄԻ 24G ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերը, որոնց զննման արդյունքով ակնհայտ է դարձել, թե թշնամին ինչ նպատակներ է ունեցել:

«Առաջինն հերթին ուզում եմ ցույց տալ և ապացուցել, որ խոցված ուղղաթիռն իրականում հենց ՄԻ 24G է, կողային համարը` 305, որը ռուսական ՄԻ 24-ի մոդեռնիզացված տարբերակն է, մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իսկ սպառազինության, կառավարվող հրթիռների մասով մոդեռնիզացվել է Ուկրաինայում: Տվյալ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառել Ուկրաինայում թողարկված լազերային ուղղորդմամբ, մինչև 7.5 կմ հեռահարությամբ հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ` քանակով մինչև 80 միավոր, Հարավաֆրիկյան Հանրապետությունում արտադրված հրանոթ, որը կարող է կիրառել մինչև 800-850 արկ»,- պարզաբանել է Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը՝ ներկայացնելով փաստաթղթերը:

Դրանց թվում է նաև օդաչուներից մեկի փոքր գրքույկը, որում 2016-ի մարտի 31-ի ամսաթվով գրառումներ են արված: Նշված է, որ թռիչքը իրականացնելու է 305 կողային համարով ուղղաթիռով, Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից, վերաթռիչք՝ Քյուրդանի ռազմական օդանավակայան: Իրականացրել է շարժիչների երկու թողարկում, մեկը 6 րոպե, մյուսը 11 րոպե ընթացքով և ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիակերոսին: Հետագայում իրականացրել է թռիչք դեպի Քյուրդանի օդանավակայան 60 րոպե ժամանակահատվածով և ծախսել է 798 լիտր ամիակերասին: Եվ սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Այն նախատեսված է եղել Քյուրդանի ռազմական օդանավակայանից, վերաթռիչք՝ Ժդանսկ քաղաքի օդանավակայան: Տվյալ թռիչքը տևել է 35 րոպե և ծախսել է 600 լիտր ավիակերասին:

Ներկայացվել է նաև բանակային ավիացիայի օդաչուների կողմից կրառվող գաղտնիականացված և ինվենտալ համար ունեցող քարտեզ, որի վրա նշված է` օդաչուն նախօրոք` թռիչքից առնվազն 1-2 օր առաջ ստացել է խնդիրներ մարտական թռիչքներ իրականացնելու մասին:

«Մարտական քարտեզի վրա ցույց է տրված իրենց կողմից հավանական հակառակորդի առաջնագիծը` ԼՂՀ տարածքում 9 նշանակետ: Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասում է: Ես` որպես օդաչու, կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության, օրվա խնդրի կատարումից ելնելով: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև 3 կմ խորությամբ նշանակետ, իսկ հետագայում նաև մինչև 10 կմ խորությամբ ցամաքային զորքի առաջ գնալուն աջակցելու նպատակով կիրառել բանակային ավիացիան»,- ասել է Մուրադյանը` ավելացնելով, որ քարտեզը պատրաստված է կամ 31-ին, կամ ապրիլի 1-ին:

Ներկայացվել է նաև, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, նշանակետերի կոնկրետ ցուցում:

Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ սև արկղի բացվածք կա, որի միջոցով հնարավոր է դարձել պարզել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, ինչի արդյունքում ինքն ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել, կիրառել է միայն թնդանոթը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե բոլոր փաստաթղթերն ապացուցում են, որ հակառակորդը լայնածավալ գործողություններ է պլանավորել, այլապես, ըստ նրա, օդուժի կիրառում չէր լինի:

Նշվել է նաև, թե հակառակորդի երկրորդ ուղղաթիռի խոցման հստակ ապացույցներ չունեն, բայց կան ադրբեջանական կողմից ներկայացված փաստերը, թե քանի օդաչու է հուղարկավորվել, ինչից հետևություն է արվում, որ խոցվել է երկու ուղղաթիռ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել