Երևանյան գիշերները շատ եմ սիրում: Հանգիստ ննջում են մարդիկ ու նրանց ֆեյքերը, նախագահի թեկնածուները իրենց երազներում ղեկավարում են երկիրը, բոլորի դեմքերին խաղաղություն ու հանգստություն է:

Ի՞նչն է պատճառը, որ մի ժամից նրանք բոլորը կզարթնեն ու կսկսվի չարությունը, անհանդուրժողականությունը, պիտակավորում:

Մարդիկ, ինչո՞ւ եք այդքան չար, ի՞նչ ունեք կիսելու, ի՞նչ եք տանելու էն աշխարհ:

Ընդամենը մեկ-երկու ժամից մարդիկ կրկին կմտածեն, որ աշխարհը պտտվում է իրենց շուրջ, որ իրենք են այս աշխարհի տերն ու տիրակալը, որ իրենք են ճշմարտությունը վերջին ատյանում:

Իսկ մեր փոքրիկ երկրագունդը համբերատար կկատարի իր հերթական պտույտը, և նորից կգա գիշերը: Ու նորից մարդկանց աչքերը կփակվեն, և նորից նրանց դեմքերը կընդունեն այն մանուկի արտահայտությունը, որը ժամանակին ո՛չ չարը գիտեր և ո՛չ ստորը:

Բարի լույս, երկիր, բարի լույս, Երևան, բարի լույս, իմ անծանոթ բարեկամ: 

Լավ օր լինի բոլորիս համար, հայեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել