Galatv.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կամավորական գումարտակների ստեղծման տարելիցի միջոցառման ժամանակ հայտարարել է, որ 2016թ.-ին կանցկացվի նոր զորահավաք: Այս մասին հայտնել է lenta.ru-ն` հղում անելով «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ զորահավաքի անցկացումը տեղափոխվել է 2016 թ., քանի որ բանակում ծառայության են անցել բազմաթիվ պայմանագրային զինծառայողներ:
«Ես հաճույքով եմ հայտնում, որ տասնյակ հազարավոր ուկրաինացի հայրենասերներ օգտվել են այդ հնարավորությունից»,- ընդգծել է Պորոշենկոն:
Մարտի 25-ին Պորոշենկոն հրամանագիր էր ստորագրել զինծառայողներին զորացրելու մասին, ովքեր զորակոչվել էին, այսպես կոչված, զորահավաքի 4-րդ ալիքի ժամանակ:
Նշենք, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դոնբասի մարտերին մասնակցել է ավելի քան 126 հազար ուկրաինացի զինծառայող: Եղել են մոտ 16 հազար դասալիքներ, միեւնույն ժամանակ ամռանը զորահավաքի 6-րդ ալիքի ժամանակ զորակոչից խուսափել են 27 հազար քաղաքացի, ինչը կազմում է նման ծառայության ենթակա քաղաքացիների 50-55 տոկոսը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Կիեւը 2014թ.-ի ապրիլին հայտարարել է Դոնբասում հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին: ՄԱԿ-ի տվյալներով՝ ռուս-ուկրաինական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 9 հազար մարդ: