Պատերս բորբոսնել էին: Սովորական քաղաքացիների համար դա կարող է ունենալ մահացու հետևանք կամ առհասարակ չունենալ հետևանք: Մոգի համար դա նշանակում է մի բան` դեպրեսիա: Եթե երբևէ կարդացել եք մոգության հետ կապված գրականություն, ապա կհիշեք, որ բորբոսները, փոշին, չօգտագործվող սարդոստայնները և մի շարք այլ կենցաղային անհարմարություններ էմոցիոնալ էներգիայի լուրջ կրիչներ են: Այդ պատճառով է ողջ տունս պատվում սարդոստայնով ուրախ խրախճանքից կամ վայրենի աղջկա հետ անցկացրած թեժ գիշերից հետո: Իսկ այդպիսի գիշերների շարանից հետո ինձ համար սովորական են դառնում բորբոսնած պատերը… Ոչ մի բան այդպես լավ չի պատկերում իմ խորագույն վիշտը, քան բորբոսնած պատերս: Բորբոսները բացասական էներգետիկ դաշտ ունեցող մակերեսներ են: Հաճախ էլ օգտագործվում են տարբեր տեսակի սև ծեսերի ընթացքում: Իսկ դրանց ամենազզվելի առանձնահատկությունը` ստաբիլ ընկճվածություն առաջացնելն է: Չես կարող գտնել հանգիստդ և լիարժեք բեռնաթափվել հոգսերից ու «դարդերից», եթե տանդ պատերը բորբոսնած են: Սովորական քաղաքացիներից ոմանք խիստ զգայուն են բորբոսների հանդեպ: Նրանք սովորաբար սկսում են հիվանդանալ, հյուծվել, իսկ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող են նաև մահանալ: Իրականում խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ մեր ինստիտուտը հետևում է բորբոսի քաղաքային մակարդակին, իսկ քաղաքացիների մեծամասնությունն այնուամենայնիվ անտարբեր է էմոցիոնալ այդպիսի գերնուրբ գրգռիչների հանդեպ: Երբեմն ես նրանց նախանձում եմ:
Այդ երեկո զբաղված էի պատերս մաքրելով: Ասեմ ձեզ, դա բավական տաղտկալի զբաղմունք է, ուստի եթե լսում եք մոգերի կողմից կատարվող տարբեր տեսակի հրաշքների, action-ների ու հերոսությունների մասին, իմացեք նաև, որ այդ մոգերը ստիպված են լինում սրբել իրենց բնակարանների պատերը ամեն քիչ թե շատ նշանակալից հուզական ապրումից հետո: Ես անդադար մրմնջում էի պաշտպանիչ քառյակներ, շշնջում էի խավարի կապերը քանդող և բացող անեծքներ ու հին լաթի կտորով սրբում էի բորբոսնած պատերը, երբ զանգեց հեռախոսը: Առանց նրա վրա նայելու ես զգացի, որ զանգն Ինստիտուտի կենտրոնից է: Վերցրի:
-Դու այդտեղ նորմա՞լ ես,-հարցրեց հերթապահ Դանիելյանի ձայնը:
-Ահա,-ասացի ես` դադարեցնելով շշուկներս:
-Իսկ մեզ մոտ ցույց է տալիս, որ դու պարանորմալ ես: Քո շենքի տարածքում մոգական ակտիվության գործակիցը բարձր է նորմայից քսանութ անգամ:
-Մաքրություն եմ անում,-բացատրեցի ես` զարմանալով հերթապահի կատարած բառախաղի վրա:
-Շատ ես կեղտոտել աչքիս,- ասաց Դանիելյանը,-բայց եղանդդ գովում եմ, այն մեզ այս գիշեր պետք կգա…
-Ա՞…,-հերթապահի անսովոր սրամտությունն ինձ հաճելիորեն զարմացնում էր:
-Քո տնից երկու թաղամաս հեռու կատարվում է իսկական գժություն: Մեզ մոտ ցույց է տալիս, որ վտանգի տակ է գտնվում քաղաքացու կյանք: Ըստ որոշ…ըըը…ըստ որոշ պատկերների` տարածքում կա վամպիր կամ վամպիրներ:
-Շնորհակալ եմ, Դան, դու ճիշտ ընտրություն ես արել, ինձ ես զանգել, դու կեցցես,-ասացի ես` հույս ունենալով, որ արտասովոր սրամիտ Դանիելյանը կհասկանա հեգնանքս: Սխալվեցի:
-Ես փորձում եմ օգտակար լինել… Դե՞: Գրանցե՞մ քեզ:
-Գրանցիր, գրողը քեզ տանի:
Հավատացեք, ես չգիտեմ, թե ինչպես են աշխատում հերթապահները: Մոգերին պաշտոնապես չի թույլատրվում աշխատել հերթապահությունում: Ու երբ Դանիելյանը կամ նրա պես մեկն ասում է «մեզ մոտ երևում է…», ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Դա կարող է լինել ապակե գունդ (մեր ղեկավարությունից ամեն ինչ սպասելի է), ինչ-որ մեկի եղունգ կամ գերժամանակակից համակարգիչ հատուկ մոգական GPS-ով:
Ես թողեցի տան պատերն ու դուրս եկա: Եղանակը ցուրտ էր: Հագս ընդամենը սվիտր էր` բրդյա, բայց բարակ: Սովորականի պես հասցեն ստիպված եղա գտնել ինքս` հերթապահները չեն սիրում ասել կոնկրետ հասցեներ: Իհարկե, ես կարող եմ «հոտոտել» դեպքի վայրը… Բայց ինչու՞, երբ ամեն ինչ կարելի է անել այլ կերպ: Ու ղեկավարությանն էլ պետք է բողոքել տրամադրվող ինֆորմացիայի մակերեսայնությունից: Ինչ է նշանակում` կա վամպիր կամ վամպիրներ: Իսկ եթե գնամ ու այնտեղ լինի իսկական վամպիրական երամ: Լավ է, որ ես գիտեմ` խոսքը գնում է ընդամենն իմ հարևան Քաջիկ Լուսնավազի մասին, ով հիմա հավանաբար մոտակայքում է և գալիս է տուն… Ու ընդհանրապես` չի կարելի անհանգստացնել մարդկանց գիշերային ժամերին, եթե նույնիսկ այդ մարդիկ մոգեր են:
Ես որսացի մոգական լարման ակտիվությունը 26 և 27 շենքերի հատվածում և քայլերս ուղղեցի այդ կողմ: Վառեցի սիգարետ: Հավանաբար այդպիսի նյարդային վիճակս բացատրվում էր բորբոսների հետ մոտ շփումից, ուստի ես հեռու վանեցի բոլոր այդ մտքերն ու կենտրոնացա առաջադրանքի վրա: Սվիտրս լավ պաշտպանում էր կծող սառնամանիքից, բայց ես ամեն դեպքում շշնջացի արևի մասին մի քանի տող` մի թեթև տաքանալու համար: Ամեն դեպքում անհարմար կլինի հասնել դեպքի վայր, շրջափակվել մի քանի դևերով ու մեռնել ցրտահարությունից` չհասցնելով տեղը տեղին կռվել: Չնայած այդ մտքերն էլ պայմանավորված էին անիծյալ բորբոսներով, քանի որ դեպքի վայրում ոչ մի դև էլ չտեսա…: Ես նայեցի շենքին ու փորձեցի գտնել «տագնապի կետը», ինչպես սիրում են ասել հերթապահները: Այն տասնմեկերորդ հարկում էր: Որոշեցի բարձրանալ: Մոտեցա վերելակին: Դռները պատված էին կեղտի հաստ շերտով, որը լույսի միջով նայելիս ցույց էր տալիս նաֆսի, անտաղանդ անեծքների, զայրույթի, աղքատության և սովորական կենցաղային աղտեղությունների լայն ընտրանի: Լույսի միջով նայեցի նաև աստիճանավանդակին: Այն պատված էր սովորական էմոցիոնալ փոշիով: Հիմնականում փոշին բաղկացած էր հոգնածությունից` ոտքով երկար իջնել-բարձրանալու արդյունքն է, և վախից` առնետների և մթության: Ընտրեցի աստիճանավանդակը: Հարկերը տրվեցին հեշտ: Լեվիտացիայի տարրական հմտությունները թույլ են տալիս հաղթահարել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շատ ու շատ ավելի հանգիստ: Չեմ հասկանում, թե ինչու այդ հմտությունները չեն դասավանդվում քաղաքացիների դպրոցներում:
Դռան մոտ հասնելով՝ ես նորից նայեցի լույսի միջով: Տեսարանն, այսպես ասեմ, դասագրքային չէր: Թոշակառու Նադեժդա Արմենի Երանոսովա: 73 տարեկան: Ունի երկու զավակ, հինգ թոռ: Ամուսինը մահացել է տասներեք տարի առաջ և հիմա ամուր գրկել է իր նախկին կնոջն ու խմում է նրա կյանքը: Մինչ ինչ-որ գործողությունների դիմելը ես լույսը գցեցի տան պատերի վրա` ամենուր բորբոսներ էին: Ես շշնջացի բանալու խոսքերն ու ներս մտա բնակարան արդեն մարմնով: Պառավը մեծ սենյակում էր: Բազմոցի առջև` փոքրիկ սեղանիկի վրա ցրված էին գույնզգույն քարտեր: Ինքը` թոշակառուն, ընկած էր գետնին` խռռացնելով և սառած աչքերը առաստաղին ուղղած: Ես նայեցի նրան լույսով: Ամուսնու ուրվականը նստած էր կողքն ու բռնել էր կնոջ ձեռքը:
-Հեռացի՜ր,-կարգադրեցի ես:
Ուրվականը չարձագանքեց: Դրանք այնքան հազվադեպ են ինչ-որ մեկին արձագանքում:
-Ես դիմում եմ քեզ բոլոր հողերի անունից, դիմում եմ քեզ բոլոր քամիների անունից, դիմում եմ քեզ բոլոր կրակների անունից, դիմում եմ քեզ բոլոր գետերի անունից, հեռացի՜ր:
Ուրվականը նայեց ինձ ու չար ժպտաց: Էլի արձագանք է: Փոքրիկ, բայց առաջին արձագանք: Արդեն հաղթանակ է: Ես բարձրացրի ձայնս:
-Հեռաացի՜ր,ասում եմ քեզ իմ ուժով, հեռացիր:
Այդ սուր ֆշշոցի մասին մեզ շատ են պատմել: Ոչ մի անկենդան էակ չի կարող այդպես ֆշշացնել, ինչպես հետ կանչված մարդու հոգին: Այդ ֆշշոցից ես փշաքաղվեցի: Ավելի անկեղծ` վախեցա: Ուրվականը նետվեց վրաս ու փորձեց բռնել ձեռքս: Ես հետ գնացի, ուրվականն անցավ իմ կողքով, բայց նորից պարզեց ձեռն` ինձ բռնելու համար.
-Հեռացի՜ր, ես եմ ասում քեզ իմ ուժով:
Ես սկսեցի շշնջալ ինձ հասանելի ամենաուժեղ տողերը: Ուրվականը կատաղեց վերջնականապես ու նորից ցատկ կատարեց, բայց հաշվի չառավ պատասխան հարվածի հավանականանությունը: Ձեռքս պարզեցի արդեն ես: Մի քանի տող ևս ու ձեռքս մտցրի ուրվականի մեջ: Ֆշշոցը դարձավ անտանելի: Այն վերածվեց իսկական ճիչի, ինչից դողացին ապակիները և փչացավ անջատված հեռուստացույցի դիոդներից մեկը: Ուրվականն անհետացավ: Ես սկսեցի ծափ տալ ու անցա տան բոլոր սենյակներով` անդադար շշնջալով պաշտպանիչ աղոթքներ: Ուրվականն այդպիսի վճռական գործողություններից հետո այլևս չէր վերադառնա:
Թոշակառուհին ուշքի եկավ դժվարությամբ: Սկզբում պետք եկան ապտակներ, մի քանի բուժիչ կնքումներ, իսկ վերջում սովորական սառը ջուր: Համոզված եմ, որ իզուր էի ժամանակ ծախսում ապտակների և կնքումների համար, պարզ, սառը ջուրն ամենալավ միջոցն է ինչ-որ մեկին գիտակցության բերելու համար:
-Ո՞վ եք դուք,-հարցրեց պառավն ուշքի գալով:
-Ես կգնամ, հենց համոզվեմ, որ դուք ձեզ լավ եք զգում:
-Իսկ…ի՞նչ է պատահել:
-Չե՞ք հիշում,-փորձեցի ես: Հիշում էր:
-Քարտերը…
-Ի՞նչ էիք ուզում անել դուք դրանցով:
-Ես…
-Ասացե՜ք,-պնդեցի ես:
-Ես ուզում էի իմանալ հաշիվը...
-Ի՞նչ:
-Իմանալ, թե ինչքան է լույսի վարձը… Սովորաբար ստացվում է կանչել լույսի մարդու շողքն ու հարցնել հաշիվը…
-Քաղաքացի…կան ախր ավելի հասարակ եղանակներ…
-Ինձ մոտ սովորաբար ստացվում է:
-Դուք գիտեք, թե ով էր եկել լույսի մարդու շողքի փոխարեն,-գոչեցի ես` ահագին թեթևացած: Փաստորեն հանգուցյալ կանչելն ընդամենը չհաջողված ծեսի արդյունք էր: Հիմար քաղաքացիներ:
-Ենթադրում եմ:
-Եթե ես հասնեի մի քիչ ուշ, նա ձեզ կտաներ իր հետ... Որտեղի՞ց են ձեզ քարտերը:
-Դրանք դեռ մայրս ուներ…
-Չգիտեմ՝ ով է եղել ձեր մայրը, բայց քարտերը ես վերցնում եմ…
-Ո՞վ եք դուք:
-Դուք շուտով կմոռանաք:
Ես դուրս եկա տնից: Իմ գնալուց մեկ րոպե անց 73-ամյա թոշակառուհի Նադեժդա Երանոսովան մոռացավ իր անհաջող կատարած մոգական ծեսի մասին և զգաց թուլություն սրտի հատվածում: Եվս երեք րոպե անց նրան այցելեցին իմ կողմից կանչված «Շտապ օգնության» բժիշկները: Նա տեղափոխվեց «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ այցելությունների ժամանակ հավաքվում էր ողջ նրա ընտանիքը` օգնելով վերականգնել հանգուցյալ ամուսնու կողմից տարված կենսական էներգիան:
Մոգական քարտերը ես վերցրի ինձ: Այդպիսի խաղալիքներով ավելի լավ է խաղան իմացողները…Չնայած պետք կլինի ստուգել, թե ով է եղել այդ պառավի մայրը:
Հետ վերադառնալիս տեսա Քաջիկին: Նա մտնում էր շենք: Ինձ տեսնելով՝ աչքով արեց ու ցույց տվեց պալտոյի գրպանում պահած շիշը:
-Արի բարձրանանք, ինձ օգնի էս շշի հախից գանք, ես էլ մի քանի խորհուրդ կտամ բորբոսի դեմ պայքարելու համար, հը՞,-ասաց վամպիրը:
Ես բարձրացա նրա հետ:
Շարունակելի