Razm.info-ն գրում է.

Ապրիլի 11-ին Իրանի արտգործնախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Իրանը ստացել է Ռուսաստանից գնած Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիային համակարգերի առաջին խմբաքանակը: Խոսնակի ասածը փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ապրիլի 11-ին այդ տեղեկությունը ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հաստատել է նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական խորհրդի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը: Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն Իրանին մատակարարել է Ս-300 համակարգեր, պաշտոնյան պատասխանել է, որ այո, իրենք սկսել են մատակարարումը:

Ռոգոզինը հայտնել է, որ պայմանագրով նշված է, թե քանի արձակման կայան ու քանի հրթիռ է նախատեսվում մատակարարել, բայց ինքն իրավասու չէ հայտնել, թե ներկայում կոնկրետ ինչն է [արդեն] մատակարարվել:

Խոսելով Իրանի կողմից Ռուսաստանի դեմ հայցին՝ Ռոգոզինը նշել է, որ պայմանագրի համաձայն Իրանը վճարում է, իրենք էլ մատակարարում են սպառազինությունը, և առաջին խմբաքանակի մատակարարումից հետո Իրանը հետ է կանչելու Ռուսաստանի դեմ իր հայցը, դա արդեն համաձայնեցված է Իրանի խորհրդարանում:

Պայմանագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը, ըստ Ռոգոզինի, Ռուսաստանն Իրանին կփոխանցի մինչև տարվա վերջ:

Նշենք, որ ավելի վաղ՝ մարտին, տեղեկություններ էին հրապարակվել, թե Իրանին համակարգերի տրամադրումն ուշանում է այն պատճառով, որ Իրանը ժամանակին չի կատարել վճարումները:

Ավելացնենք նաև, որ 2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը:

Իսկ 2015-ի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 2016-ի հունվար-փետրվար ամիսներին և օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանը Իրանին կտրամադրի Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը:

Առավել վաղ` 2007-ին, Ռուսաստանը և Իրանը ստորագրել էին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ 800 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Իրանը Ժնևի միջազգային դատարան հայց ներկայացրեց ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով: Ըստ Ռոգոզինի՝ հենց այց հայցն է Իրանը հետ կանչելու համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել