Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գյուղերի միջով։ Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր։ Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ։ Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաները ու ետ ուղարկեցին։ Վերցված գերիներին եւ վիրավորներին խումբ-խումբ թիկունք էինք ուղարկում։ Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ, մտանք տափաստան։ Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել։ Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն ՝ էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով, քնեցինք դեղին դդումների դաշտում։ Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջով, շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ, մտանք գյուղ։ Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար։ Հետո նրանց աղջիկը, որ զինորական շորերով, նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էլ ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին՝ հանձնվեց հուսախաբ։ Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին։ Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թե ներարկեք նոր… ես չեմ վախենում»։ Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ՝ խնձորի ծառը մոտիկ էր։ Ես գիտեի՝ նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր։ Մենք բոլորս էլ գիտեինք՝ ինչ է ուզում նա, գիտեինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլաքող ցավը զսպելով՝ ծխում էինք։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avetisyantatevik/posts/872418239570994
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



