Hayzinvor.am-ը գրում է.
Նրանք սաստեցին թշնամուն, նրանք տվեցին իրենց կռիվը: Նրանք ամրացրին մեր հավատը եւ ապացուցեցին, որ հայկական բանակի ուժը իրենք են: Նրանց` 18-20 տարեկան մեր զինվորներին, քառօրյա պատերազմը չի չարացրել, ընկերների կորուստը թեւաթափ չի արել: Այսօր առավել քան երբեւէ նրանք համախմբված են ու միակամ: Նրանք իրենց ուղերձը հղեցին աշխարհին` թույլ չենք տալու: Ուշադիր նայեք նրանց աչքերին եւ անպայման կնկատեք կռվելու ու ապրելու նրանց վճռականությունը:
ՆԱՐԵԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զինվորական հոսպիտալի բակում հանդիպում եմ ապրիլի 2-ին հակառակորդի ՄԻ-24 ուղղաթիռը նռնականետով խոցած ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանին եւ ուղղաթիռից ճողոպրող թշնամուն ոչնչացրած Արայիկ Գրիգորյանին: Երկուսն էլ 22 ամսվա ծառայողներ են: Ասում են` իրենց մտքով անգամ չէր անցնում, որ մի օր կհայտնվեն մարտական գործողությունների կիզակետում: Հերոսական դրվագի մասին պատմությունը սկսում է Արայիկը.
«Ծխի քուլաները պատեցին խոցված ուղղաթիռը, այն հուսահատ պտույտ կատարեց եւ զարկվեց գետնին»:
«Ապրիլի 2-ի առավոտյան մեզ տեղեկացրին, որ մեր դիրքի դիմաց տանկերի կուտակումներ են նկատվում: Հրաման կար` պատրաստվել եւ սպասել: Ժամը 12-ն անց 20 րոպեին էր: Հակառակորդի ուղղաթիռը գրոհեց մեր դիրքը` նպատակ ունենալով ապահովելու իրենց տանկերի եւ հետեւակի առաջխաղացումը: Նարեկը գետնատնակում էր, դուրս վազեց, նռնականետը ուղղեց երկինք, ապա հետեւեց կրակոցը: Ծխի քուլաները պատեցին խոցված ուղղաթիռը, այն հուսահատ պտույտ կատարեց եւ զարկվեց գետնին: Անձնակազմի երկու անդամները ողջ էին: Նրանք դուրս վազեցին: Չխառնվեցի: Ոչնչացրի դեպի ձորը փախչողին: Թշնամու մյուս զինծառայողը թաքնվել էր ուղղաթիռի թիկունքում եւ լուսարձակող սարքեր էր օգտագործում, օդ էր կրակում: Նա ազդանշանի միջոցով օգնական ուժ էր կանչում: Որոշեցինք չմոտենալ, ռիսկի չդիմել, քանի որ արդեն մեկ վիրավոր ունեինք: Նարեկը վճռեց եւս մեկ անգամ նռնականետ կիրառել: Նա դիրքավորվել էր գետնատնակի պատից 10 սմ հեռավորության վրա: Ես սկսեցի գոռալ` «Մի՛ կրակիր»: Տարածությունը պետք է առնվազն 5 մետր լիներ, թե չէ՝ զենքը կպայթեր, եւ հետեւանքները անդառնալի կլինեին: Նարեկը հասկացավ, դիրքափոխվեց եւ եւս մեկ անգամ կրակեց: Հակառակորդը լռեց: Բացի այն, որ Նարեկը մեծ նյութական վնաս է հասցրել հակառակորդին, նա մի ամբողջ գումարտակի կյանք է փրկել: Ուղղաթիռը պետք է մեր դիրքից կրակ վարելով շարունակեր իր գործը հերթապահություն իրականացնող գումարտակի երկայնքով»:
Նարեկ. «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ, կրակելու էի»:
Նարեկն ասում է, որ ծառայության ընթացքում չորս անգամ մասնակցել է մարտական կրակով վարժանքների, ինչը ստեղծված իրավիճակում իրեն շատ է օգնել. «Գիտեի, որ նռնականետը նախատեսված չէ օդային նշանակետ վերացնելու համար, բայց այդ պահին եթե ձեռքիս ինքնաձիգ էլ լիներ, կրակելու էի: Հասկանում եք` գցել-բռնելու ժամանակ չկար, վախենալու ժամանակ չկար, իրար խառնվելու ժամանակ չկար: Պետք էր գործել: Մարտի դաշտում ամենավտանգավոր բանը ընկճվելն է: Ամենաանելանելի իրավիճակում էլ չպետք է ընկճվես, այդ դեպքում ամեն ինչ կստացվի»:
Նարեկը զորացրվելուց հետո կշարունակի ուսումը, ուզում է գինու եւ կոնյակի տեխնոլոգ դառնալ, իսկ Արայիկը որոշել է՝ ամուսնանալու է, ընտրյալ էլ ունի` Լիլիթն է:
ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
«Վարպետ». առաջնագծում հենց այսպես են դիմում ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանին: Եվ նա ամենեւին էլ դեմ չէ: 19-ամյա հակատանկիստը երեք օրվա ընթացքում ֆագոտի դիպուկ կրակոցներով շարքից հանել է հակառակորդի հինգ տանկ, մեկ ՀՄՄ. «Ես 14 ամսվա ծառայող եմ, երբեք ֆագոտով չէի կրակել: Ծավալված մարտական գործողությունների ժամանակ առաջին կրակոցս շեղ էր, իսկ երկրորդը տեղ հասավ: Շատ ոգեւորվեցինք: Տասից ավելի տանկ կար մեր դիրքի ուղղությամբ, պարտավոր էինք աջակցել մեր դիրքապահ ընկերներին: Երկու ժամ անց եւս մեկը խոցեցի: Երկրորդ օրն արդեն երեք տանկ ջարդոնի վերածեցի, իսկ հաջորդ օրը` մեկ ՀՄՄ:
«Հինգ հատ տանկ, մեկ ՀՄՄ եմ շարքից հանել, բայց առաջին կրակոցս շեղ էր…»:
Հակառակորդի տանկերը երեք անգամ հարվածեցին մեր ուղղությամբ, բեկորը խրվեց սաղավարտիս մեջ: Բախտս բերեց: Կողքինս վիրավորվեց, սակայն վախի զգացողություն ընդհանրապես չկար: Մեր գործողությունների արդյունքում այլեւս ոչ մի տանկ քիթը չհանեց: Փախան: Չգիտեմ` որն է իմ հաջողության գաղտնիքը, գուցե այն, որ ճկուն եմ, արագաշարժ. չէ՞ որ ուշուի բազմակի չեմպիոն եմ»:
Մարատը, սակայն, պատմում է, որ այս դիրքից ոչ միայն ինքը, այլեւ ընկերը` ժամկետային զինծառայող Հայկ Մելքումյանն է տանկ շարքից հանել. «Ուժեղ անձրեւ սկսվեց, տեղանքը դիպուկահարների նշանառության տակ էր: Որոշեցի գետնատնակից բաճկոն բերել: Տեղ հասա, թե չէ, հակառակորդը սկսեց հարվածել գրադ կայանքներից: Մեկ ժամ մնացի այդտեղ, երբ եկա, մեկ տանկ էլ ընկերս էր շարքից հանել:
«Տեսա, խփեցի,- ասում է Հայկը, ապա շարունակում:- Հորեղբայրս, որ միավորման հրամանատարի տեղակալն է, այդ ժամանակ զինվորների հետ դիրքում էր: Նա կապի միջոցով ինձ ուղղություն տվեց: Ես պարտավոր էի չվրիպել»:
Տղաները վստահեցնում եմ. «Հանգիստ եղեք, հակառակորդի տանկը այստեղ չի հասնելու»:
ԲԵՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ժամկետային զինծառայողն ինձ ուղեկցում է իր` «ԶԿ-23-2» զենքի մոտ: Այստեղից և այս զենքով է նա խոցել հակառակորդի անօդաչու թռչող սարքը. «ՌԷՊ ստորաբաժանումը տեղեկացրեց, որ մեր ուղղությամբ անօդաչու թռչող սարք է նկատվել:
«30 վայրկյանում կայանքը բերել եմ մարտական վիճակի եւ հարմար պահին կրակ բացել. ԱԹՍ-ն ընկավ 1200 մետր բարձրությունից…»:
Այն հայտնաբերելուց հետո 30 վայրկյանում կայանքը բերել եմ մարտական վիճակի, հետեւել եմ եւ հարմար պահին կրակ բացել: ԱԹՍ-ը 1200 մետր բարձրության վրա էր: Այն ընկել է հրետանային ստորաբաժանման տեղակայման վայրում: Նրա նպատակը մեր մարտկոցների դիրքերի հետախուզությունն էր: Հակաօդայիններս մարտական ենք տրամադրված»:
ԷԴՈՒԱՐԴ ՈՓՅԱՆ
Տանկի փողին պատկերված աստղերը հուշում են, որ Արցախյան պատերազմում այն խոցել է հակառակորդի 9 տանկ, 2 ՀՄՄ, 2 մեքենա: Քառօրյա պատերազմից հետո տանկի փողին եւս մեկ աստղ կավելանա: Տանկի հրամանատար, ժամկետային զինծառայող Էդուարդ Ոփյանի հրամանատարությամբ այն խոցել է հակառակորդի մեկ տանկ, հասցրել ինժեներական, հրետանային միջոցների վնասներ, ոչնչացրել կենդանի ուժ. «Ազդանշան ստացանք եւ եկանք նախանշված շրջան, զբաղեցրինք բարենպաստ տեղ:
Տանկի փողին պատկերված աստղերը հուշում են, որ Արցախյան պատերազմում այն խոցել է հակառակորդի 9 տանկ, 2 ՀՄՄ, 2 մեքենա: Քառօրյա պատերազմից հետո տանկի փողին եւս մեկ աստղ կավելանա:
Հակառակորդը հրետակոծում էր տարածքը: Մենք հասկանում էինք, որ մեզ վստահել են հերոսական ուղի անցած տանկ, ուստի իրավունք չունեինք ձախողելու խնդիրը: Այս չորս օրերի ընթացքում մենք մարտական ընկերներ ենք կորցրել, բայց չենք ընկճվել: Մենք պատրաստ ենք նոր խնդիրներ կատարելու, պատրաստ ենք մխրճվելու թշնամու խորքը»:
ԱՐԱԳԱԾ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջնագիծ մեր այցելության պահին տանկի հրամանատար, սերժանտ Արագած Աբրահամյանը զինակիցների հետ կատարում էր զինտեխնիկայի խրամատավորման աշխատանքներ: Ասում է` խրամատավորումը ապահովում է տանկի անվտանգությունը, նվազեցնում դիտարկման հնարավորությունները: Հետո արդեն պատմում է, թե ինչպես է իրենց տանկը նետվել մարտի. «Ապրիլի 2-ին, երեկոյան ժամը 5-7-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել էր դիրքային առավելություն ունենալ: Մեր տանկային ստորաբաժանումը մարտական առաջադրանք ստացավ՝ կանխել հակառակորդի առաջխաղացումը, վերացնել զինտեխնիկան:
Նշանառու Միքայել Մովսիսյանը մեկ արկով Տ-90 տանկը խոցեց: Այդ տեսնելով՝ մյուս տանկերի անձնակազմերը թողեցին տեխնիկան եւ փախան:
Առաջ շարժվեցինք: Ես դիտարկում կատարեցի, հայտնաբերեցի թշնամու Տ-90 տանկը, այնուհետեւ մեխանիկ վարորդը` շարքային Արթուր Գրեյանը, զբաղեցրեց նպաստավոր դիրք, իսկ նշանառու Միքայել Մովսիսյանը մեկ արկով այն խոցեց: Այդ տեսնելով՝ մյուս տանկերի անձնակազմերը թողեցին տեխնիկան եւ փախան: Մենք պատրաստ էինք ավելի առաջանալու, բայց հրամանատարը ետ քաշվելու հրաման տվեց. եթե երկար մնայինք նույն տեղում, մեզ էլ կխոցեին»: